Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՀԷՑ-Ի ԵՎ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից թանկարժեք ավտոմեքենաներ վարձելու պատմությանը «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր դեռ մայիսի 16-ի իր համարում: Այն բանից հետո, երբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակեց սպառողին մատակարարվող էլէներգիայի թանկացման հայտը, դրանք ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, թե այդ ընկերությունն ինչպես է գումարները փոշիացնում՝ մատուցելով, թե իբր վնասով է աշխատում, ուստի անհրաժեշտ է էլէներգիայի սակագինը բարձրացնել:

Մեր կողմից բերված օրինակներից մեկը` «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից աստղաբաշխական գներով թանկարժեք ավտոմեքենաներ վարձակալելու մասին պատմությունն էր, որ այս ընթացքում բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ: Սակայն, որքան շարունակում ենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս ընկերության հետ կապված գործարքի պատմությունը, այնքան նորանոր փաստեր են ի հայտ գալիս:
Այսպես, «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի ավտոմեքենաների վարձակալության պայմանագիրը կնքվել է 2011 թվականի սեպտեմբերի 27-ին: «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի կողմից պայմանագիրը կնքել է ընկերության տնօրենը` Գ. Կարապետյան (Գեղամ Կարապետյան): Այս ընկերության հասցեն, ըստ պայմանագրի, նշված է Բագրատունյաց 54, իսկ բանկը` «Հայիմպեկսբանկ» ՓԲԸ: Նշված հասցեն գտնելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Պարզվում է՝ պայմանագրում նշված բանկը եւս գոյություն չունի: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված, Հայաստանում գրանցված եւ գործող բանկերի ցանկում «Հայիմպեկսբանկ» ՓԲԸ գոյություն չունի: Ավելին՝ նման անունով բանկի մասին որեւէ հիշատակում չկա նաեւ համացանցում, կամ այլ կերպ ասած՝ «Գուգլն» էլ նման բանկի մասին բան չի լսել:
Իսկ ինչ վերաբերում է «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ին, մամուլում արդեն իսկ գրվել է այն մասին, որ այս ընկերության գրասենյակը տեղակայված է հենց անմիջապես ՀԷՑ-ի շենքում՝ Ա. Արմենակյան փողոցում: Գեղամ Կարապետյանը լրագրողներին ասել է, թե իբր իրենք ՀԷՑ-ից տարածք են վարձակալել: Այսինքն՝ ստացվում է՝ ՀԷՑ-ը ողջ հանրապետությունով մեկ տարածքներ է վարձակալում, բայց միաժամանակ ինքն էլ տարածք է վարձով տալիս: Այն էլ այն ընկերությանը, որից աստղաբաշխական գներով ավտոմեքենաներ է վարձակալում: Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ըստ www.construction.am «Հայկական գործարար տեղեկատվական կայքի»՝ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի գործունեության ոլորտներն են՝ «արտաքին էլեկտրամոնտաժային աշխատանքներ, էներգետիկ կառույցների շինարարություն, ինչպես նաեւ հաղորդալարերի, մալուխների, Էլեկտրասարքավորումների ներմուծում»: Այսինքն՝ ստացվում է, որ ավտոմեքենաներ վարձով տալը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի հիմնական գործունեության ոլորտը չէ, ավելին՝ կարելի է ասել, որ այս ընկերության համար այն հոբբի է, որի միջոցով մեկ պայմանագրով 259 մլն դրամ գումար են վաստակում:
Իսկ ինչ վերաբերում է այդ ընկերության հիմնական գործունեությանը, ապա այս դեպքում արդեն ՀԷՑ-ի հետ կապը լիարժեք հասկանալի է: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ նույն «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի միջոցով ՀԷՑ-ը բազմաթիվ այլ գործարքներ է կնքում, որոնց մասին, սակայն, մենք առարկայական պատկերացում չենք կարող ունենալ, քանի որ նման բնույթի` շինարարությանը եւ ապրանքների ներկրմանը վերաբերող պայմանագրերը հայտին կից փաստաթղթերում չգտանք:
Ակնհայտ է, որ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ն «յուրահատուկ» ընկերություն է, եւ միայն այս կառույցի ամբողջ գործունեությունը բացահայտելու դեպքում բավական բան կարելի է իմանալ այն մասին, թե ինչպես են ՀԷՑ-ից գումարները հոսում տարբեր ուղղություններով:
Բայց վերը բերվածը եւս «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի ողջ հմայքը չի արտահայտում: Մեր տեղեկություններով՝ այդ ընկերության տնօրեն Գեղամ Կարապետյանը, որը ներկայումս նաեւ սեփականատերն է, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի քենակալն է («բաջանաղը»): Երեկ, երբ փորձեցինք հենց Գեղամ Կարապետյանից այս տեղեկությունը ճշտել, վերջինիս հեռախոսահամարին պատասխանող անձն ասաց, որ ինքը «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի տնօրենի վարորդն է. «Հեռախոսը թողել է իմ մոտ, որ ես պատասխանեմ, որովհետեւ ինքն այս պահին քաղաքում չէ»,- ասաց անձը, ով ներկայացավ իբրեւ Կարապետյանի վարորդ: Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ճիշտ է, որ Գեղամ Կարապետյանը ՏՄՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի քենակալն է, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ, ես չգիտեմ, անձնական կապերից տեղյակ չեմ»: Իհարկե, մենք փորձեցինք այս տեղեկությունը նաեւ ՏՄՊՀ-ից ճշտել, սակայն ապարդյուն. հանձնաժողովի հայտնի հեռախոսահամարները չէին պատասխանում, իսկ մամուլի քարտուղարի բջջային էլ անհասանելի էր:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միայն այս մի «խողովակով» ՀԷՑ-ը միլիոնավոր դոլարներ է «դուրս հանում»: Բայց դա նրանց չի բավարարում, եւ ցանկանում են ավելին ունենալ եւ այդ գումարները հետ վերադարձնեն մեր բոլորի գրպաններից՝ էլեկտրաէներգիայի թանկացման տեսքով:
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը սակագնի 41.85-ից 58.93 դրամ թանկացման համար լրացուցիչ հիմնավորումներ է ներկայացրել Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՊԱԼԱՉԻ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են Աբովյանի քաղաքապետի ընտրություններով: Բանն այն է, որ իշխանական թեկնածուն՝ անկուսակցական Վահագն Գեւորգյանը, այս պահի դրությամբ ավելի քիչ հավանական է, որ ընտրվի: Իշխանությունները ներքին հարցումներով պարզել են, որ աբովյանցիներն ավելի հակված են ընտրելու «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին՝ Պալաչին: Դրա համար ողջ ռեսուրսը կկենտրոնացվի, որպեսզի Պալաչի մանկության երազանքը չկատարվի: Նշվում է նույնիսկ, որ ընտրությունների օրը իշխանության ներկայացուցիչները խմբերով լինելու են Աբովյանում:

 

ԲՈԼՈՐԸ ԱՊԱՐԱՆՈՒՄ ԿԼԻՆԵՆ
Այսօր «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպելու է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 97-ամյակին: Միջոցառումը մեկնարկելու է ժամը 11.00-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: «Ժողովուրդ»-ը տեղակացավ, որ միջոցառմանը ներկա են գտնվելու «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ա. Հովսեփյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վրեժ Մարկոսյանը եւ այլ բարձրաստիճան ապարանցի պաշտոնյաներ: Սովորաբար նման միջոցառումների ժամանակ ապարանցի պաշտոնյաների մեծ մասը «հավաքվում» է Աղվան Գառնիկիչի շուրջ` նրա ձեռքը սեղմելու ակնկալիքով:

 

ԿԵՍ ԳՆՈՎ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հաստատել նոր սակագնային փաթեթ` հատուկ «ԱրմենՏել» ընկերության համար: Փաթեթը կոչվելու է «Այլընտրանքային բիզնես» եւ այն նախատեսված է լինելու ֆիքսված հեռախոսի այն բաժանորդների համար, որոնք 500 եւ ավել ֆիքսված կամ, ինչպես ընդունված է ասել, քաղաքային հեռախոսահամարներ ունեն: Այս նոր փաթեթով մատուցվող ծառայությունները մոտ կիսով չափ էժան կլինեն, քան ներկայիս սակագները, որոնք գործում են իրավաբանական անձանց դեպքում: Նշենք, որ Հայաստանում նման քանակության հեռախոսահամար օգտագործում են պետական գերատեսչությունները եւ հատուկենտ ձեռնարկություններ, օրինակ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Ասել է թե՝ մեծ աշխատակազմ ունեցող հիմնարկ-ձեռնարկությունները կես գնով կխոսեն:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ՂԱԶԱԽՍՏԱՆ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Մայիսի 29-ին Բուրաբայում ՀՀ վարչապետը կմասնակցի ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է
Նախօրեին Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների վիճակը շարունակում է ծանր մնալ: ԱՆ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում պայթյունից տուժած Արմեն Հակոբյանը (Ճոյտի եղբայրը), ով դեռեւս գիտակցության չի եկել: Բժշկի փոխանցմամբ` նրա կյանքին վտանգ է սպառնում, վերքերն աննկարագրելի խորն են: Իսկ մյուս տուժողը` Հակոբ Հակոբյանի որդին, ապաքինվելու նշաններ է ցույց տալիս: Նա արդեն շոկային վիճակից դուրս է եկել: Համեմատաբար լավ վիճակում է գտնվում գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, ով միջին ծանրության այրվածքներ էր ստացել: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում վերջին երկու տարիներին փորձաքննություն չէր իրականացվել, իսկ օրերս էլ գազալցակայանը տուգանվել էր 1 մլն դրամով, եւ արգելվել էր այնտեղ լիցքավորում անելը:

 

ՄԵԶ ՀԱՄԱԿՐՈՒՄ ԵՆ
Մայիսի 26-ին աշխատանքային այցով Լիբանան մեկնած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է այդ երկրի վարչապետ Թամամ ՍալամիՆ: Ողջունելով հյուրին` նա ասել է, թե Լիբանանի ժողովուրդն առանձնահատուկ համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` վարչապետ Սալամը նշել է, որ դրանում իր զգալի ներդրումն ունի Լիբանանի հայ համայնքը:

 

ՈՐ ԴՐՍԵՐՈՒՄ «ՖՌՖՌԱՆ»
Կառավարության երեկվա որոշմամբ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումներին այս տարվա առաջին կիսամյակի համար լրացուցիչ 60 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաստատում են որոշումը, սակայն կոչ է արել կրճատել գործուղումները: «Որ այցերը կարեւոր են, պետք է գնալ, եթե կարեւոր չէ, պետք է մերժենք»,- ասել է նա:

 

ԷԼ ՉԵՆ ՓՈԽԱՆԱԿԻ
Կառավարությունը երեկ հաստատել է որոշման նախագիծ, ըստ որի՝ սիրիահայերի սիրիական վարորդական վկայականները այլեւս չեն փոխանակվի հայկականների հետ: Նշենք, որ սա խնդիր էր առաջացնում այն սիրիահայերի համար, ովքեր Հայաստանում հանձնել էին իրենց սիրիական վկայականները` փոխարենը հայկականը ձեռք բերելով, սակայն Սիրիա վերադառնալու դեպքում ստիպված էին կրկին դիմել` իրենց սիրիական վկայականը հետ ստանալու համար:

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Armlur.am-ի տեղեկացմամբ` ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը մահացել է: Նախնական տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ: Արծվին Բաղրամյանը երկար տարիներ զբաղեցնում էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետի պաշտոնը: Armlur.am-ի եւ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ցավակցում է Արծվին Բաղրամյանի հարազատներին անդառնալի կորստի կապակցությամբ:




Լրահոս