Այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբորտ Նազարյանը հաստատեց, որ էլեկտրաէներգիան կթանկանա, սակայն ոչ 17 դրամով: Նա դժվարացավ հստակ ասել, թե քանի դրամի մասին է խոսքը:
Armlur.am-ի հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց. «Նազարյանը շատ բան կարող է ասել, Նազարյանը շատ բան կարող է անել: Մեր գործողությունների սկիզբն ու ավարտը կախված են հենց իրենց քայլերից: Դեռևս երեք օր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ինքն էլ է կանխատեսում` հոսանքը կթանկանա, նույնիսկ մոտավոր գումար ասեց: Այսինքն` ես սա որակում եմ որպես քաղաքական որոշում` պարտադրված հանձնաժողովի վրա: Մենք սրան սպասում էինք»,- ասաց նախաձեռնության անդամը:
Թե ո՞րնէ լինելու նրանց քայլերը, Շուշանյանն ասաց` հունիսի 19-ի մեծ երթն ուժի մեջ է. «Մեզ չի հետաքրքրում, թե այս ընթացքում ինչ կանեն, ինչ կասեն: Այս պահին մարտավարական գաղտնիքներից ելնելով չենք բարձրաձայնում, թե ինչ կարող է լինել, բայց թող զգուշանան: Մեր պահանջը հստակ ուղղված է երկու անձնավորության, ովքեր այդպես լուրջ չընդունեցին մեր ասածը: Ոչինչ, մենք կապացուցենք մեր ասածների լրջությունը»:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Ազատության հրապարակում նախատեսված է ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի մեծ ակցիա և երթ:
Քրիստինա Աղալարյան