ՀԷՑ տնօրենի հիմնավորումները Մանվել Բադեյանի համար համոզիչ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության հետ քննարկում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը, ներկա են նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տնօրեն Ռոբերտ Նազարյանը:

Նշենք, որ հանդիպումը դեռևս չի ավարտվել, սակայն ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Բիբինի հիմնավորումներն իր համար համոզիչ չեն:

«Ներկայացված պատճառները սակագնի բարձրացման համար ավելի քան տարօրինակ են: Մոնոպոլ ընկերությունն ասում է` չէ, իմ սխալ կառավարումը հաշվի մի առեք, ինձ լրացուցիչ փող տվեք, որ ես կարողանամ իմ գոյությունը պահպանեմ: Եթե դու գործում ես տնտեսության մեջ և էֆեկտիվ չես կարողանում կառավարել, բնական է, որ դու պետք է հայտարարես քո սնանկության մասին և դադարես զբաղվել այդ բիզնեսով»,- ընդգծեց Բադեյանը:

Այն դիտարկմանը, թե հիմա կողմ չեք, այդ դեպքում եթե հարցը խորհրդարանում դրվի քվեարկության, ինչպես եք կողմ քվեարկելու, պատգամավորը նշեց. «Ես չեմ պատկերացնում մի հայի, որը կողմ կարող է լինի, ինչո՞ւ եք կարծում, որ հանրապետականներն ամեն կերպ պետք է կողմ լինեն»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի թույլ տված ճոխություններին` մասնավորապես մեքենաների և առանձնատների վարձակալությանը, Բադեյանը նշեց, որ դրանք ընդամենը բուն թեմայից շեղելու համար են. «Էդ մեքենաների ծախսը չնչին է էդ ամբողջ կորուստների մեջ: Սա պրոբլեմը փոքրացնելու փորձ է ընդամենը: Պրոբլեմը նրանում չի, որ ունի 10 մեքենա, թե չունի, պրոբլեմը կայանում է բոլոր ծախսերի ուրճացման մեջ», – հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս