
«Օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով քրեական աշխարհում հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ ու համարվում է 2013թ Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) իրավահաջորդը, սկսել է «գողական ակտիվների» ստուգումները, գրում է «Փրայմ Քրայմը» (PC): Հրատարակչության տվյալներով՝ «գողական օբշյակը» երկար ժամանակ է` վերահսկում էին «պիչուգինականները»՝ Սիկտիֆկարից «օրենքով գող» Յուրի Պիչուգինի կողմնակիցները:

Նրան զուգահեռ հաշվապահություն է տարել 46-ամյա «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Թիֆլիսցին): «Նրա ամփոփիչ գումարները չեն համընկել այն գումարների հետ, որոնք իրականում եղել են դրամարկղում»,- գրում է PC:
Սա ստիպել է Շաքրոյին անկախ աուդիտ իրականացնել: Առաջին հետևություններն արդեն արվել են: Այսպես, Ռյազանի շրջանի գաղութում ստուգումների ժամանակ պարզվել է, որ այդ շրջանի «գողական բյուջեում» մի քանի տարվա ընթացքում ճեղքվածք է առաջացել:

Այդ տարածքի «նայողը» համարվում էր 33-ամյա «օրենքով գող» Դավիդ Բոժաձեն (Ռոկո Թբիլիսցի), ով այժմ իր պատիժն է կրում Խաբարովսկի երկրամասում: Ռոկոյի անունից ռոստովցիների փողերը հավաքել են նրա օգնականները, իսկ նա դրանք ծախսել է` ըստ իր հայեցողությամբ:
Շաքրոյի կողմից անցկացված ներքին ստուգումների արդյունքներով՝ Ռոկո Թբիլիսցու կարիերայում վերջակետ է դրվել:
«Նրան անվերադարձ զրկել են «գողական» տիտղոսից, «առնետ» են հայտարարել (նա, ով գողանում է յուրայիններից) ու պարտավորեցրել են բյուջե վերադարձնել իր վրա ծախսած միլիոնները»,- գրում է հրատարակչությունը:
