Հրանուշ Հակոբյանի կոչին հետևելով` սփյուռքահայ գործիչը 1000 դոլար էր բերել, սակայն…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ հայտնի ազգային-քաղաքական գործիչ, Հայկական վերածնունդ համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանի` Հայաստան մուտք գործելու արգելքի հարցը դեռևս շարունակում է չլուծված մնալ:

Armlur.am-ի հետ զրույցում Շանթ Ոսկերչյանը հայտնեց, որ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները որոշում են կայացրել դիմել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը` հասկանալու համար դիմե՞լ են արդյոք հայաստանյան համապատասխան կառույցներին խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալու, ինչպես նաև հնարավորինս արագ հարցը լուծելու հարցով. «Իմ փաստաբանները հայտնեցին, որ այս փուլում խնդիրը պետք է բարձրացվի Երևանի և Փարիզի դատարաններում, որից հետո արդեն անհրաժեշտության դեպքում կդիմենք Եվրադատարան: Եթե այս խնդիրը հնարավորինս շուտ չկարգավորվի, լարվածություն կառաջանան հայ-ֆրանսիական հարաբերություններում, և ողջ սփյուռքահայությունը կընդվզի և խժդժություններ կառաջանան: Որևէ առաջադիմական երկրում նման խնդրի առաջ ոչ ոք չի կանգնում»:

Շանթ Ոսկերչյանը հայտնեց, որ ֆրանսահայ իր ընկերներից մեկը 1000 ամերիկյան դոլար էր ուղարկել իր հետ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին փոխանցելու համար. «Եթե նախարարը գար օդանավակայան, ես անպայման նրան կփոխանցեի այդ գումարը: Ափսոս չեկավ, մանավանդ, որ նրա առաջարկն էր սփյուռքահայերին` 1000-ական դոլար հատկացնելը»:

Մեր զրուցակիցը խոսեց նաև այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել էր, թե Ոսկերչյանը Փարիզում Հայաստանի անվտանգության դեմ է աշխատում: Թե ինչ հիմնավորումներով է ԱԱԾ տնօրենը նման հայտարարությամբ հանդես եկել, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել` միաժամանակ նշեց, որ շատ հավանական է` Գ. Հակոբյանին սխալ տեղեկություն է տրամադրվել Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Սրանք հարցեր են, որոնք սփյուռքահայ գործչին դեռևս չի հաջողվել ճշտել:




Լրահոս