ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ՉԱՇԽԱՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հունիսի յոթին կայանալիք գյուղապետի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 5 թեկնածուներից մեկը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հորեղբայրն էր, որը, սակայն, նախօրեին ինքնաբացարկ է ներկայացրել: Ակունքի գյուղապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գրիշա Ավագյանի այս որոշումը ակունքցիներին անակնկալի է բերել, քանի որ նրանց համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանի սիրելին համարվող Կարեն Ավագյանի հորեղբայրն ընտրապայքարի կեսից դուրս գար: Ավելին՝ ակունքցիները վստահ էին, որ այս ընտրություններում կհաղթի հենց Գրիշա Ավագյանը:

Գրիշա Ավագյանի ինքնաբացարկից զարմացած ակունքցիների համոզմամբ` նրա նկատմամբ ճնշում է գործադրվել, ինչի արդյունքում էլ թեկնածուն կիսատ է թողել ընտրապայքարը եւ հետ վերցրել փաստաթղթերը:
Ինքը՝ Գրիշա Ավագյանը, սակայն, հակառակը պնդեց. «Իմ որոշումն է եղել: Ես այն մարդն եմ, որ իմ վրա ոչ մի տեսակի ճնշում չեն կարող գործադրել»: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե Կարեն Ավագյանն այս հարցով ինչու չօգնեց հորեղբորը: «Ես Կարենի հետ այս թեմայի շուրջ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, նա էլ ինձ ոչ մի տեսակի առաջարկով չի դիմել: Թե ում սիրելին է նա, ես չգիտեմ, բայց իմ անձնական կարծիքն եմ ունեցել ինքնաբացարկ հայտարարելիս եւ պահից ելնելով՝ դա արել եմ: Ինքը տեղյակ էլ չէ, թե ինչ է եղել»,- վստահեցրեց ՀՀԿ-ական պատգամավորի հորեղբայրը:
Ավագյանի ինքնաբացարկ հայտարարելուց հետո ակունքցիները մեծ հույսեր ունեն, որ այս տարի ինչ-որ փոփոխություն կլինի, եւ գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանը չի վերընտրվի. նրանք պնդում են, որ Ղարիբյանը այս 11 տարիների ընթացքում ոչինչ չի արել գյուղի համար: Մեզ հետ զրուցած ակունքցիների խոսքով` այժմ հիմնական ընտրապայքարն ընթանում է գործող եւ նախկին գյուղապետերի` Արծրուն Ղարիբյանի եւ ԲՀԿ-ական թեկնածու Ստեփան Ղազարյանի միջեւ:
«Ստեփան Ղազարյանից ես գյուղը ավերված ու քանդված եմ վերցրել, հազիվ կարողացել եմ խելքի բերել: Գյուղում Ղարիբյանն այնքան ծրագրեր է իրականացրել, սիրելիս: Ասե՞մ ինչ եմ արել գյուղի համար: Մանկապարտեզի շենքն եմ վերանորոգել, մշակույթի տունը քայքայված, ավերված վիճակում էր, դա ենք վերանորոգել, կոմբայն, տրակտոր ենք ձեռք բերել, տասնյակ կիլոմետրերով ջրագիծ ենք քաշել: Եւ այս ամենը Կառավարության եւ գյուղապետարանի համատեղ ջանքերով»,- «Ժողովուրդ»-ին իր կատարած աշխատանքը ներկայացրեց գործող գյուղապետը:
Մեր հարցին, թե ինչպես է «համոզում» բնակիչներին իրեն ընտրել, Ղարիբյանը պատասխանեց. «Ես Սերժ Սարգսյանի կողմից եմ առաջադրվել: Ես ինձ թույլ չեմ տա մտնել մարդկանց տներն ու ձայն մուրալ: Իրենք առաջին անգամ են քաղաքականության մեջ, մտնում են մարդկանց տները ու խաբելով խոստումներ են տալիս: Իսկ իմ ճակատը ժողովրդի առաջ բաց է, խիղճս հանգիստ է, ձեռքերս էլ՝ մաքուր»,- արդարացավ Ղարիբյանը:
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ակունքի գյուղապետի ընտրությունների շուրջ գաղտնի հանդիպում-քննարկում է եղել Վարդենիսի քաղաքպետ Վոլոդյա Խլոյանի աշխատասենյակում՝ վերջինիս, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Ակունքի գյուղապետ Ղարիբյանի մասնակցությամբ: Հենց այս հանդիպման ընթացքում էլ Ղարիբյանին հայտնել են, որ իր վերընտրության հարցն արդեն որոշված է: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, մեր տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում Ձեր, Խլոյանի եւ Արծրուն Ղարիբյանի միջեւ քննարկում է եղել, որի ընթացքում Դուք Ղարիբյանին հայտնել եք, որ արդեն որոշված է, որ նա վերընտրվելու է: Ի՞նչ կասեք այս մասին:
-Տեղեկատվությունը ճիշտ չէ: Նման քննարկում չի եղել, բայց առաջիկայում եթե ես այդ թեմայով քննարկում անցկացնեմ, ապա դա գաղտնի կլինի, քանի որ նա ՀՀԿ-ի կողմից պաշտպանված թեկնածու է: Այս շաբաթվա ընթացքում ես կքննարկեմ, բայց կուսակցության մարզային գրասենյակում:
-Երեկ պարզ դարձավ, որ առաջադրված թեկնածուներից Գրիշա Ավագյանը ինքնաբացարկ է հայտարարել: Խոսակցություններ կան, որ նրա նկատմաբ ճնշում են գործադրել, ինչի արդյունքում էլ նա ստիպված հետ է վերցրել փաստաթղթերը:
-Դա իր ցանկությունն է: Երեկ վերջին օրն է եղել, եւ տարբեր ընտրատարածքներում մարդիկ են եղել, ովքեր ցանկություն չեն ունեցել շարունակելու եւ հրաժարվել են: Նաեւ գիտակցում են, որ ֆինանսական միջոցներ են գրավադրել, եւ եթե չհրաժարվեին, ապա չէին ստանա դրանք: Կարծում եմ՝ դրա հետ է կապված: Թե չէ ոչ մի ճնշում չի գործադրվել Ավագյանի նկատմամբ:
-Պարո՛ն Գրիգորյան, իսկ ճիշտ է, որ անձամբ Սերժ Սարգսյանն է որոշել, որ Ակունքի գործող գյուղապետը պետք է վերընտրվի:
-Տեղական ընտրությունների խնդիրը, ընդհանուր առմամբ, ոչ միայն գյուղական, այլ քաղաքային մասշտաբով, կուսակցության գործադիր մարմնում կամ խորհրդում չի քննարկվում: Խնդիրները քննարկվում են շրջանային խորհրդում, մինչեւ անգամ ես՝ որպես մարզային խորհրդի նախագահ, ինձ մոտ այդ հարցը չեմ քննարկել: Եւ շրջանային խորհուրդը որոշում է կայացրել պաշտպանել գործող գյուղապետ Արծրուն Ղարիբյանի թեկնածությունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ՝ ՄԱՐԶԵՐԻՆ

Այն, որ ՀՀ մարզերի շտապօգնության ծառայությունները տրանսպորտային միջոցներով ապահովված չեն, դա վաղուց հայտնի փաստ է: Բայց եթե սրան գումարենք նաեւ գյուղերի՝ հիվանդանոցներից հեռու գտնվելն ու ճանապարհների անմխիթար վիճակը, ապա կարելի է ասել, որ այս ոլորտում մեր պատկան մարմինները դեռ շատ անելիք ունեն:

Մայրաքաղաքից դուրս հիմնականում խորհրդային տարիների շտապօգնության մեքենաներ են շահագործվում, նորերն ունենալն անգամ երազանք է համարվում: Շատ մարզերում ստիպված են լինում բավարարվել մայրաքաղաքից նվեր ուղարկված, օգտագործված ավտոմեքենաներով, որոնք էլ, բնականաբար, տեխնիկական բազում խնդիրներ ունեն:
Շիրակի մարզի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Հովհաննես Հովհաննեսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ առողջապահության նախարարության առողջապահության ԾԻԳ-ը երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Ախուրյանի ՇԲՕԿ-ի համար 2014 թ. դեկտեմբերի 25-ին ավտոմեքենա էր հատկացրել, սակայն այդ մեքենան Երեւանից Գյումրի տեղափոխման ժամանակ փչացել էր: «Մյուս մեքենաները բավարար վիճակում են, քան սա: Օրինակ՝ Գյումրու բժշկական կենտրոնի շտապօգնության տրասնպորտային պարկը գերազանց վիճակում է եւ ապահովված է: Մեր մարզում ամենախոցելի տեղում է Ախորյանն ու Արթիկը, բայց մի հատ մեքենա է սպասարկում ազգաբնակչությանը: Այսինքն՝ եթե մեկ կանչի ընթացքում երկրորդը գրանցվի, ապա խնդիրներ կառաջանան: Իհարկե, հիմա կարողանում ենք Գյումրու բժշկական կենտրոնի հետ կոմպեսացնել այդ աշխատանքը, բայց ամեն դեպքում ունենք մեքենաների կարիք»,- ներկայացրեց Հովհաննեսյանը: Զրույցի ավարտին նա նշեց, որ ԱՆ-ի ուղարկած մեքենան, որը դեռ ճանապարհին էր փչացել, վերանորոգվելուց հետո նորմալ աշխատում է:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱՆ առողջապահության ԾԻԳ պետ Նելսոն Զուլոյանից պարզել, թե ինչո՞ւ են Ախուրյանի ՇԲՕԿ-ին փչացած ավտոմեքենան նվեր ուղարկել: Որքանո՞վ է արդար այն, որ մաշված, դուրս գրված ավտոմեքենաները Երեւանի շտապօգնության կայանից ուղարկվում են մարզեր:
«Մենք վարկային ծրագրեր իրականացնելու արդյունքում տնտեսում ունեցանք, եւ որոշվեց, որ այդ կայանի տասը մեքենան, որոնք քիչ թե շատ բարվոք վիճակում էին գտնվում, վերանորոգվեն եւ տրամադրվեն սահմանամերձ մարզերին: Ախուրյանի բժշկական կենտրոնի կողմից հայտ ստացանք եւ մեկ մեքենա էլ իրենց տրամադրեցինք: Տեղեկացնեմ, որ սա եղել է 1996 թվականի արտադրության մեքենա: Բանական է՝ ինչպե՞ս կարող է 96 թվականի մեքենան խնդիր չունենալ, եթե հիմա նորն է ունենում»,- պարզաբանեց Զուլոյանը:
Հավելենք, որ նշված 10 մեքենաները նորոգելու համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 22 մլն դրամ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Մայիսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը:

Տավուշի մարզպետարանի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանից տեղեկացանք, որ մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթեր են ներկայացրել 5 թեկնածու՝ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Չոբանյանը, նույն բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով նախկին տեղակալ, 1996-1998 թվականներին Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նարինե Թումանյանը, Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի «Առողջության առաջնային պահպանման կենտրոնի» տնօրեն Վաղինակ Անանյանը, նույն տարածաշրջանի Աչաջուր գյուղի «Առողջության կենտրոնի» տնօրեն Ռուզաննա Գրիգորյանը եւ ՀՀ սպորտի նախարարության բժշկական ծառայության բաժնի պետ Նարեկ Վանեսյանը:
Կ. Դովլաթբեկյանն ասաց, որ 5 հավակնորդներից մրցույթին մասնակցել է 4-ը, իսկ Վաղինակ Անանյանը մրցույթին չի ներկայացել: Մրցույթի բոլոր 4 թեկնածուներն էլ հաջողությամբ են մասնակցել եւ ստացել դրական միավորներ: Ըստ օրենքի՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եռօրյա ժամկետում նրանցից մեկին պետք է նշանակի Իջեւանի ԲԿ-ի տնօրեն: Քանի որ եռօրյա ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին, որն աշխատանքային օր չէ, մարզպետի որոշման մասին կտեղեկանանք հունիսի 1-ին:
Ի տարբերություն Իջեւանի ԲԿ-ի՝ Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ընտրության արդյունքը կանխատեսելի էր: Մրցույթին մասնակցել է միայն Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը, ով ընտրվել է նշված բժշկական կենտրոնի տնօրեն: Տավուշի մարզպետարանի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն են ցանկացել դառնալ 5 հոգի, իսկ Նոյեմբերյանի հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցակցություն չկար: Նա պարզաբանեց, որ Իջեւանը Տավուշի մարզկենտրոնն է, այդտեղ առողջապահական ծառայություններ ստացող բնակիչների թիվն ավելի մեծ է, ուստի եւ ԲԿ-ի տնօրենի գործը՝ ավելի հրապուրիչ:
Հավելենք, որ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեններ Վազգեն Մարգարյանի եւ Հրաչյա Ներսիսյանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ քրեական գործեր են հարուցված, որոնց քննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական բաժնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս