Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ լինելու են պետության հոգածության ներքո․ Արցախի ՆԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է․

«Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Որպես իրավապահ ինստիտուտ, ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է:

ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար. ապահովել երկրի ներքին անվտանգությունը: Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները: Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին, թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր: Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին: Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու: Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները: Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը՝ կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի: Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում, էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը: Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում՝ արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով:

Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: Հարգելի գործընկերներ Մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը: Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,-ասված է ուղերձում:




Լրահոս