Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀԷՑ-ը Ռուսաստանից աշխատակից է հրավիրել՝ 2 մլն 200 հազար դրամ աշխատավարձով: Ըստ մամուլի հրապարակումների՝ այդ տեղեկատվությունը հնչել է ԱԺ-ում ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինի և ՀՀԿ-ի հանդիպման ժամանակ:
Armlur.am-ի հետ զրույցում նշված հանդիպմանը ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ նման բան հանդիպման ժամանակ չի լսել: Իսկ ՀԷՑ-ի խոսնակ Նատալիա Սարջանյանը մեզ հետ զրույցում ասաց` իրենք ունեն աշխատակից, ով մոտ երկու ամիս է, ինչ աշխատում է և ՌԴ-ից է` ազգությամբ ռուս: «Նա անվտանգության տեխնիկայի տեսուչն է: Վերջին աշխատակիցներից է, ով ՌԴ-ից է հրավիրվել այստեղ իր մասնագիտական որակների համար: Մեր աշխատանքն այնպիսինն է, որ մենք մարդկային կյանքերի հետ գործ ունենք»,- ասաց ՀԷՑ խոսնակը: Աշխատավարձի մասով վերջինս որևէ բան չասաց. «ՀԷՑ-ի որևէ աշխատակցի աշխատավարձի մասին չենք կարող խոսել»:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտարէներգիան 17 դրամով թանկացնելու առաջարկով: Բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշել է, որ հոսանքը 17 դրամով չի թանկանա, բայց ամեն դեպքում որոշակի թանկացում տեղի կունենա: