Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. “Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար”: Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում: Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը: 
Էդգարս Ռինկևիչսը ողջունել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները և վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը: 
Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, և այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը: 
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության և անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական հռետորաբանությամբ և ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչն արձանագրել են նաև ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը: 
Լատվիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։




Լրահոս