Հանրապետության 1800-ից ավելի դիմորդներ հունիսի 2-ին միասնական քննություն են հանձնել երեք առարկաներից, և նրանցից 80-ը ստացել է առավելագույն 20 միավոր: «Արմենպրես»-ի թղթակցին Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացրել են, որ դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից:
««Կենսաբանություն» առարկային մասնակցել է 1356 դիմորդ: Միջին գնահատականը եղել է 12,91-ը: Կտրվել է 271 դիմորդ: 20 բալ է ստացել 66 հոգի: «Աշխարհագրություն» առարկային մասնակցել է 319 դիմորդ: Միջին գնահատականը եղել է 13,95-ը: Կտրվել է 29 դիմորդ: 20 բալ է ստացել 11 հոգի: «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկային մասնակցել է 129 դիմորդ: Միջին գնահատականը եղել է 13,33-ը, և կտրվել է 18 դիմորդ: 20 բալ է ստացել 3 հոգի»,-տեղեկացրին ԳԹԿ-ից:
Երեք քննություններն անցկացվել են 13 քննական կենտրոններում:
Տասնմեկ հազարից ավելի դիմորդ այս տարի հունիսի 2-ից մասնակցում է միասնական քննությունների: Քննությունները կանցկացվեն հանրապետության 34 քննական կենտրոններում: Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնեն հունիսի 5-ին, իսկ «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 23-ին: