ՍԱ ԴԱՏԱՐԱՆ ՉԷ, ԱՅԼ ՍԱՀԱԴԱՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունն անցավ բավական լարված մթնոլորտում: Դատավորի կողմից ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանի ներկայացրած բոլոր միջնորդությունների մերժումը հանգեցրեց դատական նիստին հետեւող ակտիվիստների ընդվզմանը, դատարանի դահլիճում կարգուկանոնի խաթարմանն ու քաշքշուկի:  Արդյունքում դատավորը չկարողացավ հրապարակել վճիռը:
«Սերժ Սարգսյանի կամակատար», «Ձեր երեխաներն այս օրը ընկնեն, որ իմանաք», «Չեք մարսելու», «Ամոթ, ամոթ». դատավոր Արմեն Դանիելյանին ահա այսպիսի արտահայտություններով էին դիմում դատական նիստին հետեւողները:
Ստեղծված իրավիճակից խիստ նյարդայնացած` դատավորը 5 րոպե ընդմիջում խնդրեց եւ վերադառնալով դահլիճ` շատ ավելի ագրեսիվ պահվածք ընդունեց ներկաների նկատմամբ: Դատական նիստի ընթացքում բորբոքված բազմությանը չէին կարողանում զսպել անգամ դատական կարգադրիչները: Ավելի ուշ ընդհարում սկսվեց կարգադրիչների եւ նիստի մասնակիցների միջեւ: Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը դատավորին հորդորեց թույլ տալ, որ այս թատրոնը երկար տեւի: «Մի բան Ձեզ հարցնեմ, Դուք վարսավիրական կրթությո՞ւն ունեք: Սա դատարան չէ, սահադաշտ է, հարգելի՛ դատավոր»,-նյարդայնացած բղավեց Տ. Առաքելյանը՝ նշելով, թե միջնորդությունները մերժելով՝ քրեական գործն այլ ուղղությամբ է գնում:
Ներկաները նաեւ բանավեճի մեջ մտան դատախազի հետ, սակայն վերջինս ամեն կերպ փորձում էր համոզել, որ այն, ինչ արվել է եւ արվում է, օրենքի շրջանակներում է: Չնայած 3 անգամ ընդմիջում հայտարարած դատավոր Արմեն Դանիելյանը փորձում էր ներկաներին կարգի հրավիրել, բայց այդպես էլ չհաջողվեց:
Ակտիվիստները սկսեցին ծափահարել ու դուրս գալ դահլիճից, իսկ դատավորը, չկարողանալով կարգուկանոն հաստատել դահլիճում, վճռի հրապարակումը հետաձգեց այսօրվան: Վիճաբանությունը շարունակվեց նաեւ դատարանի շենքի մոտ: Ներկաներն անընդմեջ վանկարկում էին` «ազատություն»` իրենց վրդովմունքն արտահայտելով դատախազի եւ դատավորի կողմնակալ կեցվածքի կապակցությամբ:
Հ.Գ. Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով  ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի գործողությունները՝ մասնավորապես նշելով, թե Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը եւ արձանագրում, որ այս ամենն ակնհայտորեն ունի քաղաքական դրդապատճառներ եւ պայմանավորված է ամբաստանյալների՝ ընդդիմությանը հարելու ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս