«ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԵՊՔԸ ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐ ՉՎՍՏԱՀԵՆ ՄԵՐՈՆՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ ռուսաստանաբնակ շուրջ 40 հայ գործարարներ: Ճաշկերույթի ավարտին հավաքագրվել է 12 մլն 100 հազար ԱՄՆ դոլար (այդքան գումարի խոստում է տրվել): Նշենք, որ 2011թ. հավաքագրվել էր 18 մլն 635 հազար դոլար:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի քիչ գումար է հավաքվել. վստահությո՞ւնն է պակասել, թե՞ գումար չկար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Վստահությունը «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ երբեք չի պակասում ու չի էլ պակասի, որովհետեւ հիմնադրամն այն կառույցն է, որ միշտ հետեւողական է իր որոշածի եւ արածի մեջ: Ուղղակի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նախ՝ անցյալ տարի եւ նախանցյալ տարի երկու բարերար բավական մեծ գումար նվիրաբերեցին նպատակային կառույցների համար, այն է՝ Ստեփանակերտի հիվանդանոցի եւ Մատենադարանի բարեկարգման համար: Այդ գումարները բավական մեծ եւ զգալի էին: Այս տարի նրանք նույնպես մասնակցել են, ուղղակի քիչ գումարով: Կարծում եմ՝ այս տարի էլ ավելի է ակտիվացել նվիրատվողների բանակը թե՛ sms-ներով, թե՛ «Հայփոստ»-ի միջոցով, եւ վստահ եմ, որ լավ արդյունքներ կլինեն հեռախոսաֆոնին Եվրոպայում եւ հեռուստամարաթոնին  Լոս  Անջելեսում:

ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ
դերասան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ է հասկանում այդ հարուստներին: Չեմ կարող խորանալ նրանց շարժառիթների մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Անկեղծ ասած, նման եզրակացությունները մակերեսային կլինեն, եթե ավելի փաստեր չլինեն, դրա համար զերծ կմնամ մեկնաբանելուց:

ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ
«Կենտրոն» հ/ը հաղորդավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Իհարկե վստահության հարց կա: Միայն վերջին դեպքերը՝ կապված Օսկանյանի հետ, բավական են, որ չվստահեն մերոնց… Էլ չեմ խոսում «Հազարամյակի մարտահրավերներ»-ից, որ դադարեցրին:

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
ռեժիսոր-մեկնաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախորդ անգամվա գումարի խոստումը դեռ հավաքված գումար չէ: Փորձը ցույց է տալիս, որ երբեմն խոստացված գումարների միայն կեսն է հավաքվում: Հետո` նշվածներից շատերը գումարը խոստանում են հանուն «գործող նախագահի»: Նախագահի ընտրություններին շատ քիչ է մնացել, հիմա խոստացողների զգալի մասը չգիտի, թե հանուն ում խոստանա: Իսկ եթե հանկարծ նախագահը փոխվի՞: Մյուս կողմից էլ դեռ պետք է հետեւել, թե խոստացված գումարների որ մասը կհավաքվի:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ
Պատրաստեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս