ՕՆԼԱՅՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «WebԾիրան» համահայկական 2-րդ օնլայն կինոփառատոնի գլխավոր հովանավորն է:
Ընկերության գլխամասային գրասենյակում կայացել է համատեղ մամլո ասուլիս՝ նվիրված «WebԾիրան» համահայկական 2-րդ օնլայն կինոփառատոնին: Ասուլիսին մասնակցեցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը: «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի 2012թ. նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 20-ին: Փառատոնի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է:
«Արդեն երկրորդ անգամ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է մշակութային կարեւոր միջոցառում դարձած «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երիտասարդ սերնդի հայ կինոգործիչները գնահատվում են հասարակության կողմից: Վեբ տեխնոլոգիաների եւ կինոարվեստի եզակի այս համադրությունը քիչ հայտնի կինոգործիչներին հնարավորություն է տալիս իրենց ֆիլմերը ներկայացնելու ավելի լայն լսարանի՝ առանց զգալի ֆինանսական ներդրումների եւ առանց սահմաններ հատելու, հնարավորություն է ընձեռում բացահայտելու իրենց  տաղանդը, դառնալ հայտնի եւ գրավել հանրության, ինչպես նաեւ ֆիլմարտադրողների ուշադրությունը: Որպես մշակույթի բարեկամ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պատրաստակամ է աջակցել երիտասարդներին իրենց մշակութային ձեռնարկումներում: Երիտասարդ կինոգործիչներին մաղթում եմ հաջողություն իրենց ծրագրերի իրագործման հարցում»,-նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնը սահմանել է 1 գլխավոր եւ 2 խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակի արժանացածները՝ 100-ական ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:
«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ:
Կինոփառատոնին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները՝ ներկայացնելով մինչեւ 20 րոպե տեւողությամբ, առանց ժանրային եւ ձեւաչափային սահմանափակումների ֆիլմեր: Մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում DVD ֆորմատով ֆիլմերը ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ:




Լրահոս