Երեկ Երևանի Բաշինջաղյան փողոցում 5-ամյա երեխան իրականում մահացել է ոչ թե գլուխը վերելակի դռների արանքում մնալու, այլ վերելակի խցիկի շարժման ընթացքում մետաղական կոնստրուկցիաների արանքում հայտնվելու հետևանքով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, ով հավելեց, որ այդ ժամանակ վերելակը եղել է երկրորդ և երրորդ հարկերի արանքում:
Ավելին, վերելակը, պարզվում է, առանց դռների է շահագործվել. «Տվյալ վերելակը չի համարվում արտադրական վտանգավոր օբյեկտ, ենթակա չէ ամենամյա փորձաքննության: Այդ վերելակը, որում դեպքը տեղի է ունեցել, շահագործվել է առանց դռների: Նման սարքավորումը, վերելակ կոչելը կոպիտ է հնչում, հետագայում էլ որպես վերելակ շահագործվելու իրավունք չունի»:
Վերջինս վերելակների հետ կապված դժբախտ պատահարները հիմնականում կապեց որակյալ կադրերի պակասի հետ: Նրա խոսքով, այս պահին աշխատակիցները 60-70 տարեկան տղամարդիկ են, որոնց երիտասարդները փոխարինելու ցանկություն չեն հայտնում, քանի որ պատասխանատվությունը մեծ է, աշխատավարձը` փոքր:
Ի դեպ, բանախոսը ուշագրավ հայտարարություն արեց: Պարզվում է` այս պահին շահագործվող 4341 վերելակներից 49-ի համար փորձաքննությունները բացասական եզրակացություն են տվել: Իսկ այս դեպքում, Լուսինե Հովհաննիսյանը խոսքով, վերելակը շահագործման ենթակա չէ, ինչի մասին գրավոր կերպով տեղեկացվում են շահագործող կողմերը: Սակայն այստեղ տարօրինակ է այն, որ որևէ կերպ չի վերահսկվում` համատիրությունը անտեսո՞ւմ է նախազգուշացումը, թե՞ ոչ: Իսկ խախտումը հայտնաբերելու դեպքում միակ պատիժը տուգանքն է: «Ինչ վերահսկողություն պետք է իրականացվի: Մի՞թե գրավոր դիմումը բավական չէ: Եթե մարդիկ չեն մտածում իրենց կյանքի մասին, մենք ի՞նչ վերահսկողություն պետք է անենք»,- ահա այսպիսի պատասխան հնչեցրեց ԱԻՆ պաշտոնյան:
Ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ նաև, որ վերը նշված ավելի քան 4000 վերելակներից 2008 թվականից ի վեր հիմնովին նորոգվել և փոխարինվել են միայն 40-ը: Armlur.am-ի հարցին` ինչո՞ւ է 7 տարվա ընթացքում այդքան քիչ քանակությամբ վերելակ փոխվել, Լուսինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Դուք գիտեք` վերելակ փոխելը հե՞շտ բան է: Մի վերելակը արժե 20 հազար դոլար»:
Armlur.am-ը դիտարկմանը` վերելակներ տրամադրող և տեղադրող ընկերությունները կամ անհատ ձեռնարկատերերը ասում են, թե վերելակի շահագործման ենթակա կամ ոչ ենթակա լինելու հարցը որոշում է միայն ու միայն տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, սա նաև առանձնատների դեպքում, սակայն կենտրոնը պարբերաբար կրկնում է` օրենքը իրավասություն չի տալիս կառույցին` փորձաքննություններ կամ լիցենզիա տալ, Լուսինե Հովհաննիսյանը կրկին հղում արեց «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին և նշեց, որ առանձնատներում վերելակների գործունեությունը օրենքով չի կարգավորվում:
ՏԿԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների և ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետը նշեց, որ այժմ պետք է պարզել, թե ով է այդ վերելակը տեղադրել եւ ինչ նպատակով է այն շահագործվել:
Տաթև Հարությունյան