Ժողովուրդ.Գաղափարական առեվտուր. Խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Եվ այսպես` սխալվելու թերեւս շատ փոքր հավանականությամբ կարելի է արձանագրել, որ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ոչ իշխանական դաշտը համախմբելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Երբ ԲՀԿ-խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը  հայտարարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական համակարգի անցման գաղափարական հենքի շուրջ բանակցություններ սկսելու  մասին, մի պահ թվաց, թե ԲՀԿ-ի այդ  առաջարկությունը “ձիով քայլ” է` ունակ  համախմբելու առաջադրված հարցերին մինչ այդ կողմ արտահայտված քաղաքական ուժերին: Սակայն ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ ԲՀԿ-ի առաջադրած օրակարգին շատ ավելի վաղուց եւ շատ ավելի իմնավոր կերպով հետամուտ են եղել մյուս քաղաքական ուժերը, եւ այստեղ առաջացավ քաղաքական խանդի գործոնը. այն է` ինչու պետք է  ԲՀԿ-ին զիջեն  քաղաքական միասնական պլատֆորմ ձեւավորելու առաջնությունն այն հարցերի շուրջ, որոնց իրենք են տարիներով հետամուտ եղել: Դա առավել ցայտուն դրսեւորվեց Հայ հեղափոխական դաշնակցության դեպքում, որը շտապեց ԲՀԿ-ի հայտարարության հաջորդ իսկ օրը հանդես գալ առավել համապարփակ ընդհանուր քաղաքական պլատֆորմով` առաջադրված 7 կետերում ընդգրկելով նաեւ ԲՀԿ-ի` վերոնշյալ երկու կետերը: Իրականում ՀՅԴ-ն դրանով փորձեց ցուց տալ, որ  ինքը շատ ավելի լուրջ եւ ընդգրկուն գաղափարական հայեցակարգ ունի, եւ  որ ԲՀԿ-ի  առաջադրած երկու կետերն ընդամենը իրենց պլատֆորմի մի մասն են:  Ու թեեւ ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների առաջին փուլը կարծես թե նորմալ ընթացավ` ԲՀԿ-ն հանդիպեց ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, “Ժառանգության”,  ՕԵԿ-ի հետ, սակայն Դաշնակցության` սեփական քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնելու մասին հայտարարությունը ցույց տվեց, որ  այդ կուսակցությունը ոչ մի դեպքում չի պատրաստվում  խորհրդարանական համակարգին անցում կատարելու գաղափարական առաջնությունը զիջել որեւէ այլ ուժի: Արդեն իսկ հայտնի է, որ ՀՅԴ-ն իր հերթին քաղաքական կոնսուլտացիաների հրավեր է արել ՀԱԿ-ին:  Եվ եթե այս գործընթացը շարունակվի, ապա  վաղը-մյուս  օրն էլ ՀՅԴ-ն ինքը կոնսուլտացիայի հրավեր կանի նաեւ ԲՀԿ-ին: Արդյունքում կստացվի, որ քաղաքական ուժերը պարզապես տունտունիկ են խաղում, եւ նրանց համար առաջնայինը ոչ թե բուն գաղափարն  ու դրա շուրջ միավորվելու ձգտումը, այլ այն, թե ով ում նախաձեռնած կոնսուլտացիային է գնում: Եվ առհասարակ. եթե խնդիրն իրապես գաղափարական հենքի շուրջ միավորումն էր, ապա արդեն ԲՀԿ-ի նախաձեռնած կոնսուլտացիաների առաջին փուլից  հետո պետք է խոսք գնար մեկ ընդհանուր, կլոր սեղանի շուրջ   բոլոր քաղաքական ուժերի հանդիպման եւ ընդհանուր քննարկման մասին: Առայժմ,  ինչպես տեսնում ենք, այդ մասին խոսք չկա, իսկ դա նշանակում է, որ ներկայիս գործընթացը պարզապես հերթական նախընտրական առեւտուրն է, որն  այս անգամ փորձ արվեց մատուցել փոքր-ինչ գաղափարական սոուսով: 




Լրահոս