ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախօրեին Արտաշատ քաղաքում իշխանությունների ներկայացուցիչների հետ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելով՝ որեւէ վատ բան չի արել: Ավելին՝ պատգամավորը կարծում է, որ դա չպետք է քննարկման առարկա դառնա:
-Պարո՛ն Հակոբյան, այս օրերին գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք սկսում են քաղաքական կոնսուլտացիաների շրջան: Նախօրեին նման հայտարարություն է արել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը իրենց վարչության նիստից հետո: Արդյո՞ք «Ժառանգությունը» կմասնակցի այդ կոնսուլտացիաներին:
-Մենք նման առաջարկություն չենք ստացել, ու, բնականաբար, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Արմատական բարեփոխումներ, իշխանափոխություն, դրանք թափառող ձեւակերպումներ են, որը պետք է հստակեցվի: Ես մի բան կարող եմ ասել, որ ես ինքս կողմ եմ ու գտնում եմ, որ ճիշտ, նորմալ քաղաքական զարգացում ապահովելու համար պետք է լինի լայն կոնսուլիդացիա: Ես գտնում եմ, որ դրա հիմքում պետք է լինի առողջ, թափանցիկ ժողովրդի համար համոզիչ շեշտադրումներ… հիմա ով թե ինչ խնդիր կդնի՝ իր շուրջ համախմբելու համար, ես կարծում եմ, որ որեւէ քաղաքական ուժ այդպիսի հավակնություններ չպետք է ունենա, որ իր շուրջ կարող է համախմբել, որովհետեւ դա արդեն ինքնին որոշակի բարդույթավորում է դաշտը, պետք է նստեն, քննարկեն, միասնական օրակարգ ձեւավորեն:
-Իսկ ի՞նչ է դրա համար անում «Ժառանգություն» կուսակցությունն ու խմբակցությունը, եթե Ձեր նպատակը եւս քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելն է:
-Այս պահին ես չեմ ասի, որ մենք այդ նախաձեռնությունն ունենք, բայց այդ նախաձեռնությունն ունեցել ենք: Թերեւս այս պահին ոչ միայն մեր կողմից, այլեւ ընդհանրապես կա ժամանակավոր դադար, որը ինչ-որ տեղ հասկանալի է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ-որ վերադասավորումների փուլ է ապրում, դասեր է քաղում իր անցած գործունեությունից, իր սխալներից, իր ճշտից: Եւ այն, որ պետք է բան ծնվի, դա տեսանելի է, գոնե զգացվում է, ու զգացվում է, որ կա դրա պակասը, դա պետք է ծնվի: Պետք է կարողանալ ապահովել որոշակի համագործակցության դաշտ: Իսկ երկրորդն էլ՝ պետք է օրակարգը համոզիչ լինի, թափանցիկ լինի… ու պետք է համոզիչ լինի ժողովրդի համար, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ անկախ ինչ-որ մեկի խոսքի ձեւակերպումներից, եթե ժողովրդի մոտ դա համոզիչ չի, եւ ժողովուրդն ինքը չի կանգնում այդ օրակարգի կողքին, դրանք մնում են ընդամենը ձեւակերպումներ:
-Մի՞թե նման սոցիալական խնդիրների առկայության պայմաններում քաղաքական ուժերը պետք է «արձակուրդ» մեկնեն: Ժողովուրդը պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչո՞ւ նրանց կողքին չեք:
-Գիտեք՝ ես չեմ կարծում, որ դադար է, եթե դադար է, ապա հարաբերական դադարի մասին է, ու պարզ է, թե ինչու է հարաբերական դադար, որովհետեւ առայժմ այդպես ձեւավորված համագործակցություն չկա: Այո, շատ կարեւոր է, որ էլեկտրաէներգիայի եւ այլ հարցերի հետ կապված համագործակցության դաշտ ստեղծվի, ու կարծում եմ, որ դա կա, ճիշտ չի Ձեր ձեւակերպումը: Բայց դա մեկ անգամվա համագործակցության տրամաբանություն ունի իր մեջ, ես լուրջ համագործակցության մասին եմ ասում, լուրջ համագործակցություն, որը պետք է ապահովվի արմատական որոշակի փոփոխություններ, եւ անպայման ռեսուրսները տեսանելի լինեն: Իսկ ռեսուրսն այսօր, ով ինչ ուզում է ասել, ժողովուրդն է:
-Ժողովրդին չի հաջողվում համախմբել նաեւ Ձեր կուսակցությունը, որն այս օրերին որեւէ գործունեություն չի իրականցնում: Ավելին՝ կուսակցության առաջնորդն էլ Արեւմտյան Հայաստան է գնացել. կարելի է իմանալ՝ ինչո՞ւ եւ ինչո՞վ է զբաղված Ձեր կուսակցությունը:
-Առաջիկայում Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի, ու բոլոր մանրամասները կճշտեք Րաֆֆի Հովհաննիսյանից: Վարչությունն այս օրերին քննարկումների փուլում է, առաջիկայում մեր քննարկումները կամբողջացնենք: Րաֆֆին կվերադառնա, Դուք ինքներդ Ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն:
-Պարո՛ն Հակոբյան, նախօրեին միակ ընդդիմադիր քաղաքական գործիչն եք եղել, որ մասնակցել եք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը:
-Ես ստացել եմ հրավեր ու ճիշտ եմ գտել, մասնակցել եմ: Ես չեմ նկատել, որ միայն ես էի ներկա, բայց եթե նույնիսկ մենակ ես էի, դա ոչինչ չի նշանակում: Ես ընդունել եմ հրավերը:
-Ըստ Ձեզ՝ դա ինչպե՞ս կմեկնաբանվի Ձեր ընդդիմադիր գործընկերների կողմից:
-Չեմ կարծում, որ տարբեր մեկնաբանություններ պետք է լինեն, կարծում եմ՝ քաղաքականության մեջ եղած մարդիկ խելահաս մարդիկ են, եւ դա չի կարող այլ մեկնաբանություն ունենալ, քան այն, որ ՀՀ քաղաքացին, քաղաքական գործիչը ընդունել է հրավեր մեր պատմական քաղաքներից մեկում՝ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար:
-Իսկ ինչպե՞ս կընդունեն այս հարցը խմբակցությունում, նախորդ անգամ սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ Սերժ Սարգսյանի հետ Ձեր հանդիպումը շատ վատ ընդունվեց: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ նրանք, ովքեր հանդիպել են Ս. Սարգսյանի հետ, հաճախորդներ են:
-Ես չեմ կարծում, որ վատ բան կա դրա մեջ, ինձ չի հետաքրքրում՝ ով ինչպես կընդունի, բայց ես չեմ կարծում, որ դա պետք է քննարկման թեմա դառնա: Քաղաքականության մեջ մի տեսակ կա, որ հայհոյանքից բացի՝ ուրիշ բանի չի տիրապետում, որը, կարծում եմ, սխալ տեսակ է:
«ԹՌՈՒՑԻԿՆ ՈՒ ԵՐԳՈՒՊԱՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ. ԵՐԿԻՐԸ ՁԵՌԻՑ ԳՆՈՒՄ Է»
Երեկ խորհրդարանում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց նախարարին, որն այնքան էլ Հակոբյանի «սրտով» չէր, քանի որ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, թե «Արի տուն» ասելով՝ չպետք է բավարարվել:
Հրանուշ Հակոբյանը երեկ հայտարարեց, որ իրենք բյուջեն կատարել են ու ամեն ինչ արել, որպեսզի իրենց ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրական դառնան: «Ա՜յ, տիկի՛ն Հրանուշ, այնպես սիրուն եք ներկայացնում, ոնց որ Դուք ուրիշ աշխարհում եք, մենք՝ ուրիշ»,- նախարարի խոսքից հետո հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Ռաֆայելյան վարժարանը, Մելքոնյան վարժարանը հայապահպանության համար չէ՞ր, ուրիշ ազգեր չունեին: Մշակույթի, կրթական օբյեկտները ոչնչացրինք, հիմա էլ խոսում ենք հայապահպանությունի՞ց: Սիրիահայերին անմիջապես տարհանել է պետք, ուրիշ լուծում չկա: Նալբանդյանի հետ քննարկե՞լ եք՝ ինչ եք անելու: ՀՀ իշխանությունները պարտավոր են հայերի ապահով տարհանման խնդիրը վերցնել իրենց վրա, չկա Քեսաբը, չկա Դերզորը, ի՞նչ պիտի լինի, որ իմանաք՝ այդ մարդկանց ոչնչացնելու են»,- իր խոսքը լրացրեց Մանուկյանը՝ հայտարարելով, որ սփյուռքի մեր հայրենակիցները ուղիղ երկու անգամ նվազեցրել են տրանսֆերտները դեպի Հայաստան, ներդրումները երկու անգամ պակասել են: «Կտրուկ պակասում է ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը, բիզնես սկսելը, Հայաստան գալը: Դուք Կառավարության անդամ եք, այսպես «Արի տուն» ասելով՝ խնդիրը չի լուծվի, մի ամբողջ իշխանություն ասում է՝ գնա տնից, ո՞նց է խնդիրը լուծվելու: Այսպես չի կարելի ասել. համերգ, գիրք, տպագրություն, շատ լավ է: Բայց երկիրը ձեռից գնում է, հո թռուցիկով չի, երգուպարով չի»:
Այս խոսքերը վրդովեցրին Հակոբյանին, որը ի պատասխան՝ ասաց. «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք, նստե՞նք, գամ ստեղ, նստեմ, կմկմամ, որ դուր գա՞մ: Որպես Կառավարության անդամ՝ իմ առաջ խնդիր է դրված ծրագրեր իրականացնել, եւ ես այսօր հայտարարում եմ, որ ծրագրեր իրականացրել եմ: Չենք տապալվում, սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում, եւ սփյուռքը մեզ վստահում է»: Նախարարը հավելեց, որ «Ռաֆայելյան» վարժարանը փակվել է 1996-ին, այսինքն՝ իրենց իշխանությունների ժամանակաշրջանում. «Հարգելի՛ Արամ, եթե կարող էիք՝ Դուք ինչ-որ բան անեիք, վարժարանը չփակվեր»,- ժպիտով ասաց նախարարը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 6 հազար 700: Անցած տարի ապրիլի 1-ի դրությամբ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 12 հազար 400: Այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 5 հազար 700-ով: Նշենք, որ մշտական բնակչության թիվ ասվածը իր մեջ ներառում է ՀՀ բոլոր քաղաքացիների թիվը, անկախ նրանից՝ նրանք Հայաստանում են բնակվում, թե արտերկրում: Այսինքն՝ մարդը կարող է արտագաղթել, բայց մնալ ՀՀ քաղաքացի: Իսկ եթե պաշտոնական վիճակագրությունը մշտական բնակչության թվի նվազում է արձանագրում, ապա դա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն արտագաղթել են, այլ նաեւ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, այսինքն՝ այդքան մարդ այլեւս մտադիր չէ վերադառնալ Հայաստան:
ՆԵՂԱՑՐԵԼ Է ՔԱՀԱՆԱՅԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, ով ծառայում է Արարատի մարզի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցում, խիստ վիրավորված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Բանն այն է, որ Տեր Մխիթար քահանային նախապես խոստացվել էր, որ նա իր ծառայությունը շարունակելու է Արտաշատում մայիսի 31-ին բացված Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սակայն վարչապետն իր խոստմանը տեր չի կանգնել, եւ եկեղեցում այլ քահանա է նշանակվել: Ինչն էլ խիստ վիրավորել է քահանային: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Տեր Մխիթարի հետ, ով ասաց. «Ես այս թեմայի շուրջ չեմ ցանկանում խոսել: Շատ բան կարող են ասել, բայց ես հարմար չգտա այնտեղ աշխատել: Ես այնտեղ նշանակված եմ եղել ի սկզբանե՝ ժամանակավոր վարչական աշխատանքները, ներքին հարդարանքները կատարելու համար: Ես իմ պարտականությունները կատարեցի ու վերջացրեցի: Հիմա տեղափոխվել եմ Վերին Արտաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի` ծառայության»:
ԽՆԱՄՈՒ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը` նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 12 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 S» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի 2014 թվականի հայտարարագրից: Նույն փաստաթղթի համաձայն՝ պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի տարեվերջին կազմել են 123 մլն դրամ: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը եղել է 4 մլն 582 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ Վոլոդյա Բադալյանի կնոջ` Ազատուհի Նալբանդյանի հայտարարագրի համաձայն՝ նրան անցած տարի վերադարձրել են 29 մլն 241 հազար դրամի չափով փոխառությունը, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումարը: Հավելենք, որ պատգամավորի տիկնոջ դրամական միջոցները 2014-ի տարեվերջին կազմել են 90 մլն դրամ եւ 62 հազար դոլար: