ՄՐՑՈՒՅԹՆ ԻՐԵՆՔ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ, ԻՐԵՆՔ ԷԼ ՀԱՂԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հայտնվել է աղմկալի պատմության մեջ: Այս բուհի կողմից մայիսի 6-ին կայացվել է անվտանգության եւ պահնորդական ծառայությունների գնման գրեթե գաղտնի մրցույթ, բայց հաղթող է ճանաչվել ընդամենը այն ընկերությունը, որը մասնակցության հայտ է ներկայացրել «Ալֆա-Դելտա» ՍՊԸ: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով` այս ընկերության փաստացի սեփականատերը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Կառավարության պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Բրյուսովի «ղալաթներից»
Նշենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական ինստիտուտն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման պատմությունների մեջ: Երեք տարի առաջ, երբ բուհի ռեկտորը Սուրեն Զոլյանն էր, կրթության եւ գիտության նախարարությունը վերահսկողություն իրականացրեց բուհում, որի ընթացքում էլ մի շարք խախտումներ բացահայտվեցին: Ինչից հետո Զոլյանն ազատվեց ռեկտորի պաշտոնից: Իսկ թե այս պատմությունից հետո ովքեր կազատվեն աշխատանքից կամ կազատվե՞ն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը:
Այս անգամ էլ խոսքը նշված բուհում պահնորդական ծառայություն իրականացնող «Տրանս-Սֆեր» ընկերության մասին է, որի հետ բուհի կնքված պայմանագրի ժամկետը ավարտվեց երեկ՝ հունիսի 1-ին: Եւ ահա մինչ այդ՝ մայիսի 6-ին, բուհի կողմից կայացվել է անվտանգության եւ պահնորդական ծառայությունների գնման մրցույթ, եւ կազմակերպված ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ալֆա դելտա» ընկերությունը, որից հետո մայիսի 14-ին կնքվել է համապատասխան պայմանագիր: Նկատենք, որ պահնորդական ծառայություններ մատուցող ընկերությունները, բացի «Ալֆա-Դելտա»-ից, տեղեկացված չեն եղել մրցույթի մասին հայտարարությունից, դրա համար էլ չեն մասնակցել դրան: Նույնիսկ «Տրանս-Սֆեր» ընկերությունը, որը վեց տարի շարունակ բուհի անվտանգությունն է ապահովել, չի տեղեկացվել մրցույթի մասին: Սակայն «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակումը խիստ գաղտնի է եղել, որպեսզի ոչ ոք չիմանա:

Կարեն Ավագյանի եղբայրը
«Ժողովուրդ»-ը «Տրանս-Սֆեր» ընկերությունից տեղեկացավ, որ իրենք մինչեւ բուհի հետ կնքած պայմանագրի ավարտը, կրկին դիմել են ռեկտոր Գայանե Գասպարյանին խնդրանքով՝ եւս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը: Սակայն բուհի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրն է, «Տրանս-Սֆեր» ընկերությանը գրությամբ պատասխանել է, որ պահնորդական ծառայությունների ձեռքբերման մասով մայիսի 6-ին մրցույթ է կայացել, արդյունքում հաղթող է ճանաչվել «Ալֆա-Դելտա» ընկերությունը:
Նշենք, որ Արթուր Ավագյանը բուհի պրոռեկտոր է նշանակվել դեռեւս նախորդ տարի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ տարի բուհը կրկին պահնորդական ծառայությունների ձեռքբերման մասով մրցույթ է անցկացրել, որին մասնակցել են թվով հինգ ընկերություններ, սակայն հաղթող է ճանաչվել «Տրանս-Սֆեր»-ը: Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու է այս տարի անցկացված մրցույթին մասնակցել ընդամենը մեկ ընկերություն, երբ այդ ծառայությունն իրականացնելու ցանկություն ունեցողները ավելի շատ են եղել:

Ռեկտորը խուսափեց
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ինստիտուտի ռեկտոր Գայանե Գասպարյանին: Վերջինս հարցը լսելուն պես անմիջապես հայտարարեց. «Դա մեզ չի վերաբերում, դա նախարարությանն է վերաբերում: Տենդերը հայտարարվում է ԿԳՆ-ի կողմից: Մեզ ուղղված Ձեր հարցերն անիմաստ են այդ առումով: Նրանք են դրանով զբաղվում»: Սակայն ՀՀ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նախարարությունը բուհից ստանում է մրցույթի հայտարարությունը եւ հրավերը, որն իրենց կողմից ուղարկվում է gnumner.am կայք՝ տեղադրվելու համար:
Իսկ բուհի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի հետ այդպես էլ կապ հաստատել չստացվեց. նա մշտապես զբաղված էր: Եւ միայն Աստծուն է հայտնի, թե ինչով: Երկու օր անընդմեջ մենք նրան փնտրեցինք, սակայն իզուր. նա կա՛մ տեղում չէր, կա՛մ էլ բուհի հյուրերով էր զբաղված: Այնուամենայնիվ, մեզ հետաքրքրող հարցերին պատասխանեց ինստիտուտի հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ցոլակ Հակոբյանը, ով ասաց. «Մրցույթն անցկացվել է հիմնական չափորոշիչներին եւ օրենքի տառին համապատասխան: Հայտարարվել է մրցույթ, բոլորն էլ իմացել են այդ մասին, սակայն մեկ կազմակերպություն է դիմել: Մրցույթը բաց է եղել: Գնումների մասին օրենք կա, որին էլ մենք հետեւել ենք»:

Աշոտյանի ընկերը
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ տվյալ բուհը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում որոշ սխալներով է տեղադրել պահնորդական ծառայությունների ձեռքբերման մրցույթի մասով հայտարարությունը: Այնտեղ նշված էր հետեւյալը՝ «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է hյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման պարզեցված ընթացակարգ: Սակայն երբ հայտարարությունը բացում ես, հյուրանոցի մասին որեւէ խոսք չկա, նրանք պահնորդական ծառայության մրցույթի մասին են հայտարարություն տվել:
Այսինքն՝ այս կերպ են ձեւակերպել մրցույթի «վերնագիրը», որպեսզի մարդիկ շփոթության մեջ ընկնեն եւ ուշադրություն չդարձնեն: Ինչո՞ւ եք դիտավորյալ շփոթեցրել շահագրգիռ կազմակերպություններին: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ցոլակ Հակոբյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, թյուրիմացություն է եղել, գրվել է հյուրանոցային, որն արագ շտկվել է»: Նկատենք, որ երեկվա դրությամբ այն դեռ շտկված չէր, թեպետ մրցույթն արդեն անցկացվել եւ ավարտվել էր (տես լուսանկարը):
Այսպիսով, արդեն հասկանալի է, թե ինչ պայմաններում է հաղթել «Ալֆա-Դելտա» ընկերությունը: Բանն այն է, որ այս ընկերության հետ է կապվում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի անունը: Եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ հենց այս ընկերությունն է հաղթող ճանաչվել: Ինչպես հայտնի է՝ Արման Սահակյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Նրանք հաճախ են միմյանց հետ վիսկի վայելում:

ՀՀԿ-ի «թիկնապահը»
Ուշագրավ է նաեւ այն, որ «Ալֆա-Դելտա» ընկերությունը պահնորդական ծառայություններ է իրականացնում նաեւ «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակում, «Հրազդան» ստադիոնում (Արման Սահակյանի քեռուն՝ Աշոտ Աղաբաբյանին է պատկանում), «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում (սեփականատերը ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանն է) եւ այլն: «Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ փորձեց զրուցել Արման Սահակյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Իսկ «Ալֆա Դելտա» ընկերության տնօրեն Գարիկ Հովսեփյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Արման Սահակյանն իր մանկության ընկերն է եւ դասընկերը: «Ինքը ինձ շատ հարցերում օգնում է: Բայց Էդ ընկերության սեփականատերն ու տնօրենը ես եմ: Եւ իմ գործնական հարցերով նա ընդհանրապես չի զբաղվում»,- հայտարարեց Հովսեփյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ՄԻ ՔԱՅԼ ՀԵՏ
Տավուշի մարզում բնակվող, ընտանեկան նպաստառու ընտանիքների անդամները դժգոհում են, որ նախորդ երկու տարիներին ձմեռային ջեռուցման ընթացքում իրենց օգտագործած բնական գազի համար զեղչով են վճարել, իսկ այս տարի ոչ: Նպաստառու ընտանիքներն իրենց սպառած յուրաքանչյուր խորանարդ մետր երկնագույն վառելիքի համար անցած տարիներին 156 դրամի փոխարեն վճարել են 100 դրամ: Տարբերությունը կազմող գումարի հարցը հոգացել է պետությունը: Մինչդեռ այս տարի արդեն սահմանամերձ մարզի նպաստառու ընտանիքները բոլորի նման նույն՝ 156 դրամ սակագնով են վճարել: Գազի ծառայությունից տեղեկացանք, որ պետական բյուջեն այլեւս չի հոգում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների սպառած բնական գազի զեղչի գումարը, քանի որ մարզի սահմանամերձի կարգավիճակ ունեցող, արտոնություններից օգտվող գյուղերի ընտանիքները սպառած բնական գազի համար (թույլատրելի առավելագույն որոշակի չափաքանակի սահմաններում) վճարում են կես գնով: Նշենք, որ Տավուշի մարզում սահմանամերձ, արտոնություններից օգտվող համայնքների թիվը 24 է, մինչդեռ մարզում կա 62 համայնք: Փաստորեն, այս նոր կարգի արդյունքում տուժում են մնացած 38 համայնքների ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները:

 

ԿԱՂ ԷՇԻ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ
Հետամուտ լինելով մարզային փոստային ծառայության աշխատանքի վերաբերյալ հաճախակի հնչող դժգոհություններին` «Ժողովուրդ»-ը փորձնական նամակագրություն նախաձեռնեց: Այսպիսով` մայիսի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի փոստային բաժանմունքից 4 նամակ ուղարկեցինք այդ քաղաքի բազմաբնակարան շենքի մեր հարեւանին, նույն մարզի Իջեւան, Դիլիջան եւ Բերդ քաղաքներում ապրող մեր ծանոթներին: Ծրարների մեջ խնդրանք-գրություն կար՝ նամակը ստանալուն պես զանգահարել, որպեսզի տեղեկանանք, թե նամակները երբ են ստացել: Պարզվեց` մայիսի 20-ին նամակը ստացել է մեր դրկից հարեւանը, մայիսի 21-ին՝ Բերդի, մայիսի 22-ին՝ Դիլիջանի, մայիսի 23-ին՝ Իջեւան քաղաքի ծանոթները: Փաստորեն, Նոյեմբերյան քաղաքից մինչեւ մարզկենտրոն Իջեւան 65 կիլոմետր տարածությունը փոստային նամակը անցել է 5 օրում, անգամ կաղ էշն այդ հեռավորությունն ավելի շուտ կանցներ: Ինչպես հայտնի է` Կառավարությունը որոշել է վաճառել «Հայփոստը»՝ հայտարարելով, թե նպատակը փոստային ծառայության զարգացումն է: 21-րդ դարում՝ մեծ արագությունների ժամանակներում, նորմալ երկրի փոստային ծառայությունը չի կարող այդքան դանդաղաշարժ լինել: Իրականում Հայաստանում փոստի զարգացմանը, ինչպես շատ այլ ծառայությունների դեպքում, խանգարում է մենաշնորհը: Սեփականատերը մտածում է՝ ինչո՞ւ ծախս անի, ներդրումներ կատարի, եթե բնակիչներն այլընտրանք չունեն եւ ստիպված պետք է օգտվեն իրենց, թեկուզ անորակ, ծառայությունից:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ԳՐԻՊԻ ԴԵՊՔԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին գրիպի արձանագրված դեպքերն ավելացել են: Այս տարի որպես այդպիսի ցուցանիշ նշվում է 32 թիվը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19-ով ավելացել է, քանի որ նախորդ տարվա հունվար-ապրիլին գրիպի արձանագրված դեպքերը եղել են 13-ը: Այս տարվա ապրիլին, ըստ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության, արձանագրվել է գրիպի 5 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում չի եղել: Վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նույնպես ավելացել են. այն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 64 հազար 137 դեպք: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 64 հազար 90 դեպք է արձանագրված եղել: Ի դեպ, վերին շնչուղիների սուր վարակների արձանգրված դեպքերի քանակը այս տարվա ապրիլին կազմել է 15 հազար 387՝ նախորդ տարվա ապրիլի 15 հազար 46 դեպքի դիմաց:




Լրահոս