Երգչուհի Աիդա Սարգսյանին շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ այսօր էլ լսում եւ կատարում են իր` 10-15 տարի առաջվա երգերը: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերից, անդրադարձել է նաեւ անձնականին, խոսել է կյանքի դժվար փուլի, այն հաղթահարելու մասին, անկեղծորեն պատմել է, թե տարիներն իրեն ինչ դասեր են տվել, ով է հիմա իր կողքին, ում խորհուրդներն ինքը ժամանակին չի լսել եւ ում է ինքը հիմա վստահում:
-Աիդա՛, Ձեր հանդիսատեսի համար նոր երգեր պատրաստո՞ւմ եք: Քանի որ համերգներ այսօր արդեն շատ քիչ են կազմակերպվում, կարողանո՞ւմ եք երկրպագուների հետ հանդիպել, Ձեր երգը նրանց տեղ հասցնել:
-Ունեմ նոր երգեր` տարբեր թեմաներով, առաջիկայում կան նաեւ համերգներ: Այսօր համերգների թիվն, իսկապես, նվազել է, եթե նախկինում Երեւանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում էին հանդիպումներ, քիթ սրբելու ժամանակ չկար, այսօր արդեն շատ քիչ շրջաններ են ակտիվ: Եվ հետո այսօր ինչ երգ ասես՝ հեռարձակում են եթեր, ու եթե ժամանակին մենք էինք թելադրողը, այսօր մեզ են թելադրում, ենթարկեցնում՝ ինչ անենք, ոնց անենք:
-Ձեզ է՞լ են ենթարկեցրել:
-Երբեւէ չեմ ենթարկվել եւ չեմ ենթարկվի: Եթե առաջարկվեն իմ երգարվեստում ճիշտ լուծումներ, կընդունեմ, բայց եթե ինձ թելադրեն այն, ինչ չեմ արել ու չեմ անի, պարզապես կլռեմ, չեմ երգի, բայց չեմ էլ ենթարկվի:
-Վերլուծելով Ձեր անցած ստեղծագործական ուղին` կա՞ մի բացթողում, որի համար ափսոսում եք:
-Երգարվեստի ոլորտում չկա նման բան, բայց պետք է խոստովանեմ, ես միշտ ցանկացել եմ դառնալ բժշկուհի, անգամ անցել եմ քույրական կուրսեր, եւ եթե տարիները հետ տալու հնարավորություն ունենայի, երգարվեստին զուգահեռ կզբաղվեի նաեւ բժշկությամբ: Սակայն ճակատագիրը չթողեց, որ ես շրջանցեմ երգարվեստը, եւ ես իրականացրեցի մայրիկիս չիրականացած երազանքը, իմ երազանքն էլ, գուցե, դուստրս իրականացնի (ծիծաղում է):
-Նախքան որոշակի բարձունքի հասնելը ստիպված եք եղել մի շարք դժվարություններ հաղթահարել, երբեմն նաեւ` հիասթափություններ ապրել: Այս ուղին անցնելով` ի՞նչ հիմնական հետեւություններ ենք արել ինքներդ Ձեզ համար:
-Առհասարակ, ես միշտ խուսափել եմ կեղծիքից, դավաճանությունից, ինքս անմիջական, պարզ մարդ եմ եւ կարող եմ նվիրվել, հավատալ: Սակայն ինձ հետ տեղի ունեցած փորձություններից հետո հասկացա, որ պետք չէ չափից ավելի վստահել, նվիրվել մարդկանց: Ավելի լավ է ունենալ մեկ-երկու ընկեր կամ, առհասարակ, ընկեր չունենալ, քան շրջապատված լինել կեղծ խոսքերով ու ժպիտներով:
-Կար մի շրջան, երբ շատ էին խոսում Ձեր` հարուստ լինելու մասին: Երբեւէ զգացե՞լ եք, որ, օրինակ, տղամարդն օգտվի Ձեր բարեկեցությունից:
-Ոչ, ես իմ կողքին չեմ ունեցել մարդիկ, ովքեր ինձ հետ կշփվեն զուտ այն բանի համար, որ բարեկեցիկ կյանքով եմ ապրում: Ինքս շատ առատաձեռն եմ, բայց եթե զգամ, որ ինձ շահագործում են, այդ մարդկանց դուրս կթողնեմ իմ շրջապատից:
-Հիմա Ձեր ամենամտերիմ անձնավորությունն ո՞վ է:
-Միայն ու միայն մայրիկս: Շատ եմ հիշում այն խորհուրդները, որ նա էր ինձ տալիս, ու որոնց ես չեմ հետեւել, եւ ոտքս քարին է առել: Այնպես որ, մայրիկների ներքին ձայնը միշտ ճիշտ բան է հուշում. պետք է, պարզապես, այդ առիթը բաց չթողնել, լսել ու ճիշտ ուղղությամբ գնալ:
-Աիդա՛, Ձեր ամուսնալուծությունն արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ. ի վերջո, հաջողվե՞ց կյանքի այդ դժվար փուլը հաղթահարել, դժվար չէ՞ միայնակ մայրիկի կարգավիճակում լինել:
-Ես ուժեղ մարդ եմ եւ չեմ ընկնում տառապանքների գիրկը. ապրում եմ տվյալ օրով եւ իմ ունեցածով, կենսախինդ մարդ եմ եւ կարողանում եմ արագ ադապտացվել ցանկացած իրավիճակի եւ կյանքի ուղին բռնելով` գնալ առաջ: Այսօր իմ կողքին է իմ հրաշք բալիկը, ով ինձ միշտ շատ դրական լիցքեր է փոխանցում: Ամեն վատի մեջ պետք է տեսնել լավը. ես ինչո՞ւ պետք է իմ առողջությունը վնասեմ եւ երեխայիս նեգատիվ լիցքեր փոխանցեմ: Կյանքը շարունակվում է. դա մի փորձություն էր, որ պետք է լիներ ու անցներ: Իսկ հոր եւ երեխայիս միջեւ կապը, միանշանակ, պահպանվում է:
-Եվ վերջում` կարող եք Ձեր խոսքն ուղղել այն մարդկանց, ովքեր հետքրքրված են Ձեր արվեստով, Ձեր կյանքով…
-Ես շատ շնորհակալ եմ բոլորին, ինձ շատ է ուրախացնում, օրինակ, այն հանգամանքը, որ նրանք լսում են 10-15 տարի առաջվա իմ երգերը. դա արդեն իսկ մեծ նվաճում է: Կցանկանամ էլի գործեր թողնել, որոնք կլինեն մնայուն, թող նրանք սպասեն իմ նոր երգերին:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ