Մեր պայքարն ուղղված է Սերժ Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին. «Ոչ թալանին» նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին կայանալիք բողոքի ակցիան տարբերվելու է մայիսի 19-ին կայացած ակցիայից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Լևոն Զաքարյանը և Արամ Մանուկյանը:

Նրանց խոսքով, նախորդ ակցիայով մեկնարկ էր տրվել պայքարին, իսկ գալիք ակցիան կլինի պահանջատիրական: «Այս երթով մենք ցույց ենք տալու, որ մենք տեր ենք մեր պայքարին և հետ չենք կանգնելու»,- ասաց խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը: Խմբի մյուս անդամ Արամ Մանուկյանն էլ հավելեց , որ իրենց պահանջն ուղղված է ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) կամ այլ կառույցի, այլ կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Մեր պահանջը նրանց է ուղղված, որովհետև նախադեպեր ունենք, որ տարբեր պայքարների ժամանակ Սերժ Սարգսյանը մի խոսքով լուծել է խնդիրը»,-նշեց Մաքսիմ Սարգսյանը:

Հարցին, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում կշարունակե՞ն պայքարը, նոր ակցիաներ կկազմակերպե՞ն, նախաձեռնության անդամ Լ. Զաքարյանը պատասխանեց.«Անկախ նրանից` էլեկտրաէներգիան կթանկանա, թե չէ, մենք պայքարը շարունակելու ենք»:




Լրահոս