37Սեւան քաղաքի մի խումբ բնակիչներ ահազանգով դիմեցին «Ժողովուրդ»-ին` տեղեկացնելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքում հատվել են 4 տասնյակից ավել ծառեր:
Զրուցելով բնակիչների հետ՝ պարզեցինք, որ հատվել են հատկապես քաղաքի կենտրոնի հաստաբուն եղեւնիները:
«Այստեղ խոշոր առեւտրի կենտրոն են կառուցում: Եղեւնիները բարձր են եւ կարող են տեսադաշտը փակել, մեր սեփականատիրոջը դրանք խանգարում են, առեւտուրը լավ չի ընթանա, դրա համար էլ կտրել են»,-ծառերի սպանդի իր պատճառաբանությունը ներկայացրեց մասնագիտությամբ մանկավարժ Սեդա Մովսիսյանը:
Բնակիչներից մեկն էլ համոզված պնդեց, որ սեփականատերն ինքնագլուխ ծառահատում չէր անի, նրա խոսքով՝ քաղաքապետն է հանձանարարել կտրել ծառերը:
Խնդրի հետ կապված զրուցեցինք Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ:
Վերջինս պնդեց, որ ծառերի հատումը որեւէ կապ չունի առեւտրի կենտրոնի կառուցման հետ: Ղուկասյանի ներկայացմամբ` ծառահատումն իրականացրել է քաղաքապետարանը ավագանու որոշմամբ.«Ծառերը հատվել են՝ հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները. Սեւան համայնքի փողոցների եւ մայթերի ծառերի գերակշռող մասն ավելի քան 50 տարեկան է, եւ այդ ընթացքում նրանց զգալի մասը գերաճ է տվել՝ խանգարելով անգամ հետիոտներին, իսկ քամիների ժամանակ դրանք վտանգավոր են շենքերի լուսամուտների եւ պատշգամբների համար»:
Քաղաքապետը վստահեցրեց, որ այս հարցով ստեղծվել է հանձնաժողով, եւ իրենք ստացել են անգամ քաղաքի բնապահպանների թույլտվությունը: Ընդհանուր հաշվարկով վերջին շաբաթների ընթացքում Սեւան քաղաքում եւ Գագարինում հաշվառել է էտման ենթակա 73, սանիտարական հատման ենթակա 47 ծառ:
«Ես հանձնարարել եմ, որ հատված ծառերի փոխարեն տեղադրեն համայնքի բնակլիմայական պայմաններին համապատասխան նոր տնկիներ»,- ավելացրեց Ռուդիկ Ղուկասյանը:
Նշենք, որ նոր տնկիների հետ կապված` սեւանցիները թերահավատ են: Նրանց խոսքով՝ առաջին դեպքը չէ, երբ հատվում են մեծ թվով ծառեր, որոնց փոխարեն այդպես էլ նոր ծառեր չեն տնկվում:
Արեւիկ Հակոբյան