Էլէկտրաէներգիա արտադրող խոշոր ընկերությունների հայտերով ամեն ինչ կորոշվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ էլէներգիայի սակագնի բարձրացնելու հարցի լուծումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը պետք է դեռ որոշի՝ ինչպես վարվել էլէներգիա արտադրող խոշոր 5 ընկերությունների հայտերի հետ:
Ինչպես հայտնի է՝ «Հայկական ատոմային էլէկտրակայան», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդան ՋԷԿ», «Գազպրոմ Արմենիա-Հրազդան 5» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (Սեւան-Հրազդան կասկադ) ընկերությունները դիմել են ՀԾԿՀ-ին՝ իրենց կողմից արտադրվող էլէներգիայի սակագները բարձրացնելու համար: Ի դեպ, վերջիններիս հայտերը ներկայացվել են մինչեւ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության հայտի ներկայացումը:

Ըստ ներկայացված հայտերի՝ «Երեւան ՋԷԿ»-ն առաջարկում է իր կողմից արտադրվող էլ էլէներգիայի 1 կՎտ/Ժ-ի սակագինը 18,1 դրամից դարձնել 28 դրամ (բերված թվերում սակագինը ներառում է նաեւ ավելացված արժեքի հարկը): «Հրազդան ՋԷԿ»-ի նոր, 5-րդ էներգաբլոկը, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», առաջարկում է իր կողմից արտադրվող եւ ՀԷՑ-ին մատակարարվող էլէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը 40,1 դրամից դարձնել 42 դրամ: Ի դեպ, ներկայումս այս ՋԷԿ-ի արտադրած էլէներգիան ամենաթանկն է: «Հրազդան ՋԷԿ»-ն առաջարկում է իր կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը 36,9 դրամից դարձնել 43,6 դրամ: ՀԱԷԿ-ի էլէներգիան ներկայումս մատակարարվում է 1 կՎտ/ժ-ը 5,7 դրամով, առաջարկվում է այն դարձնել 8,7 դրամ: Իսկ Սեւան-Հրազդան կասկադի մեջ մտնող ՀԷԿ-երի սեփականատեր «Միջազգային էներգետիկ կորպորացիան», ցանկանում է իր կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը 2,1 դրամից դարձնել 4,7 դրամ:

Վերը նշված ընկերություններից չորսը` ՀԱԷԿ-ը, «Երեւան ՋԷԿ», «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Սեւան-Հրազդան կասկադը, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել են Հայաստանում սպառված էլէներգիայի ավելի քան 80 տոկոսը` 1 մլրդ 332 մլն 300 հազ. կՎտ: Այս տարվա առաջին եռամսյակում սպառվել է 1 մլրդ 660 մլն 300 հազ. կՎտ էլէներգիա: Ինչպես տեսնում ենք՝ նրանք բոլորը միաբերան ցանկանում են էլէներգիայի սակագինը կտրուկ բարձրացնել: Զուտ տոկոսային հարաբերակցությամբ «ամենահամեստը» Հրազդանի 5-րդ էներգաբլոկն է, որը ցանկանում է իր էլէներգիայի սակագինը 4,7 տոկոսով բարձրացնել: Սակայն այս թվացյալ «համեստության» պատճառն այն է, որ այդ ՋԷԿ-ի արտադրած էլէներգիայի սակագինը ներկայումս ամենաբարձրն է:

Ինչեւէ, հարցերի հարցն այն է, թե արդյո՞ք ՀԾԿ հանձնաժողովը կկարողանա էլէներգիա արտադրողներին ասել «ոչ»: Տվյալ դեպքում հիմնականում խոսքը վերաբերում է ՋԷԿ-երին, որոնց արտադրած էլէներգիան առանց այդ էլ թանկ է: Ավելին՝ վերջին մեկ տարում նրանց հումքի` գազի գնի թանկացում տեղի չի ունեցել, եւ, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու են նրանք արհեստականորեն ցանկանում կտրուկ բարձրացնել իրենց արտադրած էլէներգիայի սակագինը:

ՀԱԷԿ-ի եւ Սեւան-Հրազդան կասկադի էլէներգիայի հարցը, թերեւս, արժի առանձին դիտարկել: ՀԱԷԿ-ն այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ին մատակարարել է 741,9 մլն կՎտ էլէներգիա, իսկ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը` 54 մլն կՎտ: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սպառած էլէներգիայի 48 տոկոսը մատակարարել են վերը նշված երկու ընկերությունները, որոնց սակագները, հիշեցնենք, մեկի դեպքում 5,7 դրամ է, մյուսինը` 2,1 դրամ: Իսկ ՀԷՑ-ը էլէներգիան սպառողին մատակարարել է 1 կՎտ/ժ-ը 41,85 դրամով: Այսինքն՝ նշված երկու էլէներգիա արտադրողների սակագները բարձրացնելու դեպքում անգամ դա չի կարող հիմք հանդիսանալ ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի թանկացման համար:

Սակայն պարզվում է՝ իրավիճակն առավել քան դրամատիկ է: Մեր տեղեկություններով՝ ՀԾԿ հանձնաժողովն արդեն իսկ որոշել է ՀԱԷԿ-ի հայտը մերժել: Ավելին՝ ըստ նույն տեղեկությունների՝ ՀԾԿՀ-ն նույնիսկ պատրաստվում է նվազեցնել Մեծամորի ատոմակայանի կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը մոտ տասը տոկոսով: Եթե այս մտադրությունը կյանքի կոչվի, ապա ՀԾԿՀ-ն պարտավորված է լինելու մնացած բոլոր արտադրողների հայտերը եւս առնվազն մերժել: Այս դեպքում ՀԾԿՀ-ն կարող է մերժել նաեւ ՀԷՑ-ի հայտը` սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Սակայն ստեղծված իրավիճակի հմայքն այն է, որ ՀԾԿ հանձնաժողովը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի իշխանություններն այդ գործիքները կկիրառեն միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում հանրության շրջանում առկա դժգոհությունները կարող են դառնալ անվերահսկելի: Այլ կերպ ասած՝ ուզում եք էլէներգիան չթանկացնեն, բողոքեք:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս