«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ՎՃԱՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցնող շաբաթվա վերջից «Գլենդել հիլզ»-ը սկսել է վճարել շինարարների` ամիսներ շարունակ չվճարած ու կուտակած պարտքերը: Նոյեմբերի 7-ին բողոքի ցույցի դուրս եկած շինարարները պայմանավորվել էին երկուշաբթի առավոտյան կրկին հանդիպել, բայց արդեն Մուշ-2-ում` «Գլենդել հիլզ»-ի գրասենյակի մոտ: Երեկ առավոտյան մոտավորապես 10-15 շինարար, պայմանավորվածության համաձայն, եկել էին Մուշ-2 թաղամասում գտնվող «Գլենդել հիլզ»-ի գրասենյակի մոտ: Հավաքվածների նման փոքր թիվը պայմանավորված էր նրանով, որ շինարարների մի մասն արդեն վճարվել էր կամ տեղեկացվել, որ վճարումներ են իրականացվում, ու հավանաբար անիմաստ համարել նորից բողոքի դուրս գալը: Բացի այդ, երկուշաբթի առավոտյան Մուշ-2 չէր եկել մինչ այդ շինարարների հետ հավասար պայքարող աշխղեկներից եւ ոչ մեկը: Հավաքված մի խումբ երիտասարդները նշեցին, որ իրենք նախկին պահեստապետերն են եւ պայմանավորվածության համաձայն՝ եկել են Մուշ-2, բայց ո՛չ աշխղեկներից որեւէ մեկն է եկել, ո՛չ էլ «Գլենդել հիլզ»-ից: Քիչ ավելի ուշ նրանց միացած շինարարներից մի քանիսը տեղեկացրին, որ բողոքողների մի մասն արդեն ստացել է աշխատավարձերը, եւ իրենց տեղեկություններով՝ վճարումներն իրականացվել են նախորդ շաբաթվա վերջին:
Մեզ հետ հեռախոսազրույցում աշխղեկներից մեկը չհերքեց, որ աշխատավարձեր վճարվել եւ վճարվում են: Նրա տեղեկացմամբ՝ 2-3 օր է, ինչ իրականացվում են այդ վճարումները, բայց կոնկրետ իրեն  նոյեմբերի 12-ի դրությամբ վճարումների համար որեւէ բան դեռ չէին ասել: Թե որքան գումար է հատկացվել շինարարների պարտքերը վճարելու համար, երբվանից, եւ ինչ կերպ են իրականացվում վճարումները, փորձեցինք պարզել «Գլենդել հիլզ» ընկերության լրատվության բաժնից: Մեր հարցման պատասխանում գումարի չափի մասին ոչինչ նշված չէր, սակայն ընդգծված էր, որ կհատկացվի այնքան գումար, որքան նշված կլինի շինարարական կազմակերպության կողմից ներկայացված օրինական եւ հաստատված փաստաթղթերում: «Գլենդել հիլզ»-ի տեղեկացմամբ՝ այս գործընթացը նախատեսված է ավարտել 15-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Մուշ-2 եւ Անի թաղամասերում շինաշխատանքներ իրականացրած շինարարները չէին վարձատրվել դեռ օգոստոս ամսից, չվճարված աշխատավարձերի չափերը տարբեր էին՝ սկսած 200 հազ. դրամից մինչեւ 1 մլն: Աշխատավարձերը պահանջելու նպատակով մի քանի անգամ բողոքի դուրս գալն ու արդյունքի չհասնելը շինարարներին ստիպել էր նոյեմբերի 7-ին համեմատաբար մեծ թվով ու բուռն ընթացք ունեցած բողոքի ակցիա կազմակերպել, որը, ի վերջո, տվեց սպասված արդյունքը:  

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս