Առաջին հայացքից Հայաստանի քաղաքական դաշտում անդորր է, սակայն մյուս կողմից ամեն օր ինչ-որ տվյալ կամ տեղեկություն է տարածվում, որն ուղղակի վկայում է ներիշխանական խմորումների մասին:
Դեռեւս ապրիլի կեսերից իշխանական կուլիսներում բոլորը խոսում են մոտալուտ ինչ-որ փոփոխությունների մասին: Մի պահ նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց մասնավոր զրույցներում հավաստիացնում էին, որ Կառավարության փոփոխության հարցն արդեն վճռված է: Սպասվող փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունների հիմքում ընկած է այն օբյեկտիվ ճշմարտությունը, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական եւ դրանով պայմանավորված սոցիալական պայմաններում իշխանությունները պարտադրված են գնալ փոփոխությունների՝ թեկուզ կոսմետիկ եւ ձեւական:
Սակայն ժամանակն անցնում է, եւ քաղաքական դաշտում տեսանելի փոփոխություններ, կարծես թե, տեղի չեն ունենում: Մյուս կողմից էլ Կառավարության՝ մայիսի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոխորտանքը՝ հասցեագրված իր մոտալուտ տապալումը սպասող քաղաքական գործիչներին, նրա դիրքերի ամրապնդման վկայությունն է: Նման պայմաններում, թվում է, թե մենք պետք է ականատես լինենք իշխանական դաշտում համընդհանուր լճացման: Սակայն ամեն մի քննադատությունից հետո պաշտոնյաների ջղաձգումները վկայում են, որ իշխանության ներսում ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում:
Նկատենք, որ Սերժ Սարգսյանը երբեք աչքի չի ընկել հրապարակային գործունեությամբ եւ նա մշտապես նախընտրել է ստվերային կամ, այսպես կոչված, կուլիսային գործելաոճը: Բոլոր հարցերը կուլիսներում լուծելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր իշխանական բուրգում ամեն ինչ կայուն է, եւ ոչ ոք անհանգստանալու կարիք չունի: Սակայն իրավիճակն իրականում, մեղմ ասած, հանգիստ չէ: Նախ՝ տնտեսական վիճակը գնալով ավելի է վատանում, եւ ակնհայտ է, որ վաղ թե ուշ պաշտոնյաներից ոմանք դառնալու են քավության նոխազ: Ուստի բոլորի համար հարցերի հարցն այն է, թե երբ է գալու «ճտերը հաշվելու» ժամանակը: «Ճտերը հաշվում են աշնանը» ժողովրդական խոսքն այս դեպքում զարգացումների ոչ միայն բնույթն է լիարժեք բնորոշում, այլ նաեւ ժամկետները:
Սահմանադրական փոփոխությունների գործընթացը փաստացի թեւակոխել է վերջնական փուլ: Մինչ իշխանությունները կհրապարակեն սահմանադրական փոփոխությունների տեքստը եւ գործընթացի վերջնական փուլին պաշտոնական եւ հրապարակային մեկնարկ կտան, կուլիսներում այն վաղուց սկսվել է: Սահմանադրական փոփոխություները հանրաքվեի կդրվեն աշնանը, բայց իշխանական բուրգի ներկայացուցիչներից ամեն մեկը մինչ այդ պետք է հստակեցնի, թե ինքն ինչ պարտավորություն է պատրաստ ստանձնել: Ըստ այդմ էլ որոշվելու է, թե ով կշարունակի պաշտոնավարել, իսկ ով կգնա նախագահական` խորհրդական աշխատելու:
Ներիշխանական զարգացումների տեսանկյունից բավական ուշագրավ է իշխանական բուրգի, այսպես կոչված, երիտասարդ, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեւի վիճակը: Վաղուց հայտնի է, որ այս թեւի ներկայացուցիչները գտնվում են երկարատեւ սպասողական վիճակում: Բայց եթե նախկինում նրանց մոտ կարելի էր ինչ-որ անվստահության նշաններ նկատել, ապա վերջին երկու-երեք ամիսներին նրանց պահվածքը եւս դարձել է ինքնավստահ: Միքայել Մինասյանի թիմը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, երբ սկսվի իշխանական համակարգի վերաձեւման գործընթացը, գալու է իրենց աստեղային ժամը, եւ աստիճանաբար իրենք են դառնալու իրավիճակի վերահսկողը:
Այլ կերպ ասած՝ իշխանական բուրգի բոլոր անդամները՝ մեծ թե փոքր, արդեն իսկ համոզվել են, որ սահմանադրական փոփոխություններից հետո լուրջ վերադասավորումներ են տեղի ունենալու: Ավելին՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո իշխանական նոր բուրգ է կազմավորվելու, որը պետք է առաջիկա առնվազն հինգ տարիներին իր ձեռքում պահի Հայաստանի իշխանությունը:
Իրավիճակի ինտրիգը, սակայն, այն է, որ բոլորը գիտեն կամ կռահում են, թե ինչ է լինելու, բայց չգիտեն, թե ինչպես է դա տեղի ունենալու, եւ իրենք սահմանադրական փոփոխությունները «անցկացնելուց» բացի՝ էլ ինչ պետք է անեն, որպեսզի լուսանցքում չհայտնվեն: Հենց այս անորոշությունն է հայրենի պաշտոնյաներին համակած համընդհանուր լարվածության պատճառը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով նախկին բարձրաստիճան ոստիկաններին պաշտոնազանցության մեջ մեղադրելու պատմությունն ինչ-որ առումով ուղերձ է բոլոր պաշտոնյաներին, որպեսզի նրանք անորոշությունից եւ ջղաձգումներից դրդված «սխալ» քայլեր չանեն եւ գիտակցեն, որ ոչինչ չի մոռացվում, եւ իրենց համար էլ կասեցված քրգործ կգտնվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ