Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ:
Բնականաբար, հանդիպման ընթացքում ոչ միայն պետք է ամփոփվեր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած գործունեության արդյունքները, այլև անդրադարձ պետք է կատարվեր սեքս-սկանդալին, որի մեջ ընկել էր Հովհաննես Թոքմաջյանը: Վերջինս նախ հղում կատարեց քրեական դատավարությանը՝ ասելով, թե անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել և դատարանի դատավճիռն ուժի մեջ չի մտել՝ այս կերպ «պահպանելով» անմեղության կանխավարկածը, ապա ներկայացրեց տեսանյութ` իր անվան հետ շրջանառվող սեքս-սկանդալի վերաբերյալ:
Նա նշեց, որ զերծ կմնա պարզաբանումներ տալուց այն ամենին, ինչ երևում է տեսանյութում, քանի որ գործի հետ կապված նախաքննությունը շարունակվում է և չի կարող խախտել անմեղության կանխավարկածը: «Բայց պետք է ասեմ, որ այն, ինչ կտեսնենք, նախաքննությամբ հաստատված է: Այնտեղ սեքս էլ չկար, գռեհկություն էր»:
Տեսանյութը դիտելու ընթացքում դահլիճում բոլորը սկսեցին բարձրաձայնել Պոլիտեխնիկի նախկին աշխատակիցների անունները, որոնց Թոքմաջյանն ազատել էր աշխատանքից: Խոսքը Վլադիմիր Խոեցյանի, նրա քեռու` Աշոտ Խաչատրյանի և Վահե Կիրակոսյանի մասին է:
Հովհաննես Թոքմաջյանի խոսքով, ինքը բավականին երկար էր մտածել` հրապարակե՞լ տեսանյութը, թե` ոչ, բայց որոշել է հրապարակել` մի շարք հարցերի պատասխաններ վերջնական ճշտելու նպատակով:
«Երեք անգամ մտել են իմ ֆեյսբուքյան էջ: «Սոլո» սրճարանից է եղել իմ ֆեյսբուքյան էջ առաջին մուտքը: Հավանաբար փորձել են կոմպրոմիս գտնել, բայց չի ստացվել, և դուրս են եկել: Երկրորդ անգամ էլ մտել, և տեքստն են ստեղծել այդ սկանդալի, իսկ երրորդ անգամ մտել են իմ էջ և տեղադրել այն «զրույցը», որը հայտնի է բոլորին»:
Ըստ Հովհաննես Թոքմաջյանի` մամուլում այս ընթացքում 200-ից ավելի հրապարակումներ են եղել Պոլիտեխնիկի մասին, 200-ն էլ` բացասական: Նրա խոսքով, շատ դեպքերում հարցազրույցների հեղինակն ու «զրուցակիցը» նույն մարդ է եղել. «իրենք գրել, իրենք հրապարակել են»:
Լրագրողի հարցին՝ իր պնդմամբ, սարքած սեքս-սկանդալը ինչո՞ւ են կյանքի կոչել և, ի վերջո, ո՞րն է եղել շարժառիթը, Թոքմաջյանը պատասխանեց, թե այդ մասին ոչինչ չի ասի, թեև ինքն ունի դրա պատասխանը: «Այդ պատասխանը ես իմ ներսում ունեմ, սակայն այսօր ոչինչ չեմ ասի: Դուք կարծո՞ւմ եք՝ սա առաջին դեպքն է: Նո՞ւյն ձեռագիրը չէր, ինչ 11 թվին Արա Ավետիսյանի նկատմամբ եղավ ու հիմա էլ շարունակվում է»:
Քննությամբ ուսումնասիրված տեսանյութը՝ ստորև: