Սեյրան Օհանյան. Ուսանողները հզոր ուժ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ նոյեմբերի 16-ին հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում: Նախարարը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղեկցությամբ մասնակցել է մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ զոհված ազատամարտիկներ Արա Ավանեսյանի, Էդուարդ Ավագյանի, Սարգիս Խոջոյանի և Տիգրան Պետրոսյանի անունները կրող լսարանների բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև զոհված ազատամարտիկների հարազատները:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտորը, որը բարձր գնահատելով մայր բուհի համագործակցությունը ՀՀ զինված ուժերի հետ, նշել է, որ մայր բուհի և նրա ուսանողների կապը զորամասերի հետ հնարավորություն է տալիս ճանաչելու մեր բանակը, մեր անկախ ու ազատ երկիրը պաշտպանող հայ զինվորին: “Մեր ուսանողների հաճախակի այցերը զորամասեր ավելի են հեշտացնում նրանց մուտքը բանակ, հոգեբանորեն պատրաստում զինծառայությանը: ՀՀ ԶՈւ-ի հետ շփումը նպաստում է նաև մեր ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բանակի վերաբերյալ  ճիշտ ու առողջ կարծիքի ձևավորմանը”,- ասել է Ա.Սիմոնյանը:
ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում խորհրդանշական է համարել մայր բուհում Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների անուններով լսարանների բացումը հենց Ուսանողության միջազգային օրվա նախօրեին: “Ցանկանում եմ իմ խորին շնորահակալությունը հայտնել բուհի ղեկավարությանը, ռեկտորին, որ չեն մոռանում մեր մարտական ընկերներին և հավերժացնում են նրանց հիշատակը: Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ, ցանկանում եմ շնորհակալության և երախտիքի խոսքեր ասել ձեզ, որ ձեր որդիները իրենց կյանքն են նվիրել հայրենիքի պաշտպանության համար: Նրանք միշտ մեզ հետ են, նրանց հոգիները սավառնում են երկնքում և դրանով  իսկ զրկում մեզ սխալվելու իրավունքից”,- ասել է նախարարը:
Շնորհավորավորական խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է ուսանողերի դերը հաղթանակների հասնելու և մեր երկրի պատմության կերտման ճանապարհին. “Բոլոր ժողովուրդների պատմության մեջ մեծ է եղել ուսանողների դերը: Ուսանողները հզոր ուժ են: Հայ ժողովրդի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի լուծման համար դուք պետք է պայքարեք. ապագան ձեր ձեռքերում է… Ես վստահ եմ, որ դուք ավելի լավ եք իրականցնելու մեր հայրենիքի պաշտպանության գործը, քան` մենք”,- վստահեցրել է պաշտպանության նախարարը:
Հանդիպման ավարտին նախարարը ԵՊՀ մի շարք ուսանողների և աշխատակիցների հանձնել է պատվոգրեր և գերատեսչական մեդալներ՝ ՀՀ զինված ուժերի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար:
Տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։




Լրահոս