ԱՅՎԱԶՅԱՆԸ «ԽՈՐԱՑԱՎ», ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀՈՐԴՈՐԵՑ ՉՇԱՐՈՒՆԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վեճի բռնվեցին: Այն բանից հետո, երբ Վ. Այվազյանը փորձում էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից պարզել, թե ինչու են արտաբյուջետային գումարները «վատնում», Գ. Խաչատրյանը նախ տեղից ու շշուկով սկսեց պատասխանել Այվազյանի հնչեցրած հարցերին, այնուհետեւ բանը հասավ նրան, որ բարձրաձայնեց իր ասելիքն ու Վ. Այվազյանի արդարացումներին, թե իրենք ընդամենը ցանկանում էին «խորանալ» հարցի էության մեջ, Խաչատրյանն արձագանքեց, թե. «Խորացեք, մենք որեւէ բան չենք թաքցնում, մենք խորանալու հետ կապված խնդիր չունենք»: Կրքերը հանդարտեցրին ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Վարդան Այվազյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե շենքերի կառուցման համար ինչո՞ւ են արտաբյուջետային միջոցներ ծախսում. «Բյուջեում թող ամրագրեն, ծախսեն, հետո այն ինչո՞ւ է առանձին բերվում ԱԺ, բյուջեից առանձնացված»,-հարց ուղղեց Այվազյանը:
Ուշադրություն չդարձնելով ֆինանսների նախարարի դժգոհությանը` Վարդան Այվազյանը շարունակեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու են արտաբյուջետային գումարները ծախսվում, ու եթե օրենսդրական «բաց» կա, ապա իրենք կարող են դա լրացնել: «Գործին» միջամտեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, որը խնդրեց իրեն թույլ տալ ներկայացնել իրողությունը, սակայն դա կրկին չբավարարեց Վ. Այվազյանին, որը հայտարարեց, թե իր հարցին տարբեր կերպ է պատասխան տրվում` տարբեր մեկնաբանություններով:
Այս ամենից հետո տեղից վեր կացավ Արմեն Ալավերդյանն ու խնդրեց իրեն թույլ տալ բացատրել, սակայն դա էլ չբավարարեց Այվազյանին. «Պարո՛ն Ալավերդյան, ավելի լավա՝ չխորանանք»,-քմծիծաղով ասաց Այվազյանը:
Այս ակնարկն արդեն ֆինանսերի նախարար Գագիկ Խաչատրյանը չհանդուժեց ու տեղից հակադարձեց. «Կարող եք խորանալ, պարո՛ն Այվազյան, բայց այսօր դրա ժամանակը չի, երբ կուզեք՝ կխորանաք, մենք էլ կպատասխանենք: Ինչի՞ եք ասում՝ չխորանանք, խորացե՛ք, էկե՛ք, նայե՛ք, կգտնեք մի բան, բարձրաձայնե՛ք»:
Այվազյանը՝ տեսնելով, որ Գագիկ Խաչատրյանը վրդովեց, ասաց, թե ինքը որեւէ բանում խորանալու կարիք չունի. «Բա ասում եք՝ խորանանք, խորացե՛ք, ի՞նչ է եղել: Հարցերին պատասխանում են, իսկ Դուք էլի նույն հարցապնդումն անում եք, հիմա ես էլ ասում եմ՝ ինչքան պետք է՝ խորացե՛ք, կլինի օրենսդրական փոփոխություն, կփոխեք օրենքը, մենք այդտեղ որեւէ բան չունենք»,-վրդովված հայտարարեց Գագիկ Խաչատրյանը:
Նախարարի այս կտրուկ արձագանքից հետո Վարդան Այվազյանն իր խոսքի տոնայնությունն «իջեցնելով»` պատասխանեց. «Պարո՛ն Խաչատրյան, ես շատ ուրախ եմ, որ Դուք արձագանքում եք, բայց այդ օրենսդրական փոփոխությունն ինձ հետ կապված չի»: Այս երկխոսությունից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեցին «շեղել» վեճը՝ այլ հարցեր ուղղելով: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից պարզել, թե ինչո՞ւ նման կերպ արձագանքեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հարցերին:
-Դա այնպիսի հարց է, որին հնարավոր չէ արձագանքել տեղից, ասել դրա օրենսդրական պահանջը կա, թե ոչ: Եթե արտաբյուջետային միջոցները մի բանի համար չեն բավարարում, ասենք՝ շենք կառուցելու, ապա այդ շենքը չի սարքվում: Եթե գումար չլինի, դա չի էլ ծրագրավորվի: Ես բոլորովին անհանգստություն չունեմ մեր արտաբյուջեի հետ կապված: Բայց հիմա այլ քննարկում է, եթե ցանկություն կա դրա մասին խորացված քննարկում կազմակերպել, կարող են կազմակերպել: Դա լուրջ խնդիր է, պետք է այդ հարցը քննարկել այն գերատեսչությունների հետ, որոնք ունեն արտաբյուջե՝ հասկանալու համար, թե արտաբյուջեն ինչպես են ծախսում: Եթե ինչ-որ կասկածներ կան, կարող ենք հարցը քննարկել, տարիներ շարունակ այդ հարցին մարդիկ անդրադարձել են, իսկ դա լուրջ խնդիր է:
-Բայց Վարդան Այվազյանը ցանկանում էր քննարկել հարցը, ինչո՞ւ Դուք նման կերպ արձագանքեցիք, ու կարելի է ասել` փակեցիք այդ հարցը: Ի՞նչը Ձեր սրտով չէր, ինչո՞ւ վրդովեցիք:
-Նման բան չկա, ես արդեն նշեցի, որ այսօր այլ հարց էր քննարկվում, եթե պետք է, մենք պատրաստ ենք այդ հարցի հետ կապված քննարկումներ կազմակերպել: Դա շատ լուրջ հարց է, որը կարելի է առանձին քննարկման առարկա դարձնել: Հիմա մեր ամբողջ երկրի մասշտաբով` ամբողջ հարկային տեսչությունները, սահմանային անցակետերը ՄԱԿ-ի գրասենյակի միջոցներով վերակառուցվում են, վերազինվում են, իսկ եթե մենք չունենաք միջոցներ, մենք չենք կարող դա վերազինել: Սրանք հարցեր են, որոնք առանձին քննարկման առիթ պետք է հանդիսանան:
Հ. Գ. Նիստի ավարտից հետո ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դռների «արանքում» սպասում էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ հավանաբար «բացատրություն» տալու համար: Ի վերջո, իբրեւ թե ֆինանսների նախարարին լրագրողներից «փրկելու համար» Այվազյանը Խաչատրյանին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակ ուղեկցեց:

 

 

 

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ»

Մեկ շաբաթ առաջ` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից 2014թ.-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանն ու Նաիրա Զոհրաբյանը ուշագրավ հայտարարությամբ էին հանդես եկել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգը փորձել է գնալ պատգամավորների հայտարարության հետքերով, սակայն վերջիններս փաստեր չեն ներկայացրել համապատասխան գերատեսչություններին:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մտահոգություն էր հայտնել առ այն, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում Մարդու իրավունքների գրասենյակն այս դեպքում»: Օմբուդսմենին ուղղված այս հարցադրումը նորություն էր Կարեն Անդրեասյանի համար, ու մինչ նա կհասցներ իր զարմանքն արտահայտել, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ կարող է անգամ մանկատների անուններ ասել, որտեղից այդ երեխաներին օրավարձով վերցնում են մուրացկանության համար:
Վ. Բաբայանն էլ «Առավոտ»-ի հետ զրույցում ասել էր. «Դեպքեր են լինում, երբ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում ենք՝ մի քանի ամսական երեխաները գրկներին՝ ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե պատգամավորների հայտարարությունն ինչ հետեւանք է ունեցել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորներն իրավապահներին որեւէ փաստ չեն ներկայացրել, ուստի հնչեցված մտահոգությունների շուրջ առայժմ բացահայտումներ չկան: Զրուցեցինք նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ փաստեր են պատրաստվում ներկայացնել: Պատգամավորը նշեց, որ ինքն այդ հարցի կապակցությամբ նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ու ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Այն գերատեսչությունները, որոնք ի պաշտոնե պետք է արձագանքեն այդ խնդրին, նրանց ուղղված նամակում ես իմ մտահոգությունները եւ այն ամենը, ինչին ականտես եմ եղել, արձանագրել եմ եւ պաշտոնապես դիմել եմ իրենց, մնացածը բացառապես այդ կառույցների իրավասության տիրույթում է»:
Պատգամավորը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց նաեւ, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի հետ ու ներկայացրել իր մտահոգությունները. «Պայմանավորվել ենք, որ նոր տեղեկատվություն լինելու դեպքում անպայմանորեն միմյանց հետ փոխանակում կատարենք»:
Իսկ Վահան Բաբայանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իր կարծիքն է ներկայացրել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՃՆՇԵԼ ԵՆ ԲԻԲԻՆԻՆ
Երեկ խորհրդարան էր եկել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը քննարկելու համար: Սակայն ՀՀԿ-ականներն ամեն ինչ արել էին՝ ԱԺ-ում նրա ներկայությունը «թաքցնելու» համար: ՀՀԿ խմբակցության անդամների եւ Բիբինի հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե ԱԺ ՀՀԿ խմբակցության աշխատասենյակում, այլ ԱԺ 3-րդ հարկում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակի հարակից սենյակներից մեկում: Մոտ 4 ժամ հանդիպումից հետո ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, դուրս գալով քննարկման սենյակից, լրագրողներին «հրմշտելով», հեռացավ խորհրդարանից՝ կտրականապես հրաժարվելով հարցերին պատասխանելուց: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ականների եւ Բիբինի փակ քննարկումն անցել է թեժ մթնոլորտում: Գրեթե բոլոր ՀՀԿ-ականները հանդես են եկել սուր հարցադրումներով ու քննադատել Բիբինի ներկայացրած հայտը, որով նախատեսվում է բարձրացնել էլէներգիայի սակագինը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախ ելույթ է ունեցել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ հիմնավորելով, որ անհնար է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կանխել: Այնուհետեւ նրան հարցեր են ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մանվել Բադեյանը, Արտաշես Գեղամյանը, Կորյուն Նահապետյանը, Արփինե Հովհաննիսյանը եւ այլք, որոնք Բիբինից որեւէ կոնկրետ պատասխան չեն ստացել: Հարցերից հետո շատ կոշտ ելույթ է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, որը Բիբինին տեղեկացրել է, թե նման չափով սակագնի բարձրացումը իսկական խայտառակություն է, ու իրենց հայտում մնացել էր ներառվեր ամենամանր ծախսերը՝ պատի գաջի տեսքով: Նազարյանն ու Բիբինը վիճաբանել են, որից հետո նիստն ավարտվել է առանց որեւէ հստակ եզրակացության:

 

ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում սպանված երկու ընկերների՝ Սամվել Հակոբյանի` Մոստիկի, եւ Քրիստ Վարդանյանի գործերն աղմկալի ընթացք են ստանում: «Ժողովուրդ»-ին ՀՔԾ-ի մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս երկու սպանությունների գործով քննչական խմբի ղեկավարի մասով ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում: Պատճառը պաշտոնեական լիազորություններն անցնելն է: Իսկ թե կոնկրետ ինչ խախտում է թույլ տվել երկու ընկերների սպանության գործը քննող քննչական խմբի ղեկավարը, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Հիշեցնենք, որ 2015թ մարտի 7-ին Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Փոքրաշեն գյուղի վարչական տարածքում՝ ձորում, հայտնաբերվել էր Քրիստ Վարդանյանի դիակը: Վերջինիս սպանել էին եւ մեքենան գլորել ձորը: Այս դեպքի հաջորդ օրը՝ մարտի 8-ի ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերվել էր Քրիստի ընկերոջ՝ Սամվել Հակոբյանի դին: Մի փոքր ուշ ՀՀ քննչական կոմիտեն որոշում էր կայացրել սպանությունների առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում:




Լրահոս