ՏԱՐԿԵՏՄԱՆ ԲՅՈՒՋԵ՝ ԽԱՅԹՈՑՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հնազանդվեց ընդդիմության պահանջին ու գրեթե ողջ օրն անցկացրեց ԱԺ դահլիճում՝ հետեւելով 2013թ. պետական բյուջեի քննարկումներին: Իսկ դրանք առավել քան բուռն էին:
Անգամ ՀՀԿ-ականները, որ նախկինում ընդդիմադիր խմբակցությունների կողմից Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրած կոպիտ քննադատություններին գրեթե չէին պատասխանում, այս նիստում որոշակի ագրեսիվ էին: Բացի ՀՀԿ-ական պատգամավորներից, արտահերթ ելույթ էին ունենում ՀՀԿ-ական նախարարները՝ հակադարձելով կառավարության ու իշխանության հասցեին ընդդիմության քննադատություններին: Մի խոսքով, երեկ ՀՀԿ-ն ընդդիմության դեմ մոբիլիզացրել էր իր ծանր հրետանին: Միայն թե անհասկանալի է՝ ինչու նույն ՀՀԿ-ականները այդպես չէին վարվում ԱԺ նախորդ նիստերում: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի՝ արձակուրդ մեկնելու պատճառով քանի որ մեկ շաբաթ շարունակ Տիգրան Սարգսյանն է լինելու երկրի առաջին դեմքը, ինքն իրեն պաշտպանելու համար ԱԺ դահլիճում «գործադրում էր» ՀՀԿ ծանր հրետանին:
Ընդդիմությունն էլ իր հերթին երեկ խոսքեր չխնայեց պետական բյուջեի նախագիծը քննադատելու համար: Բոլորը մատնանշում էին, որ թեեւ 2013թ. բյուջեի ե՛ւ եկամուտները, ե՛ւ ծախսերն ավելացել են, սակայն սա չի նշանակում, որ քաղաքացիներն այդ ամենի արդյունքում ավելի լավ են ապրելու: Ընդհակառակը: Բանն այն է, որ պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ աշխատավարձերի, ո՛չ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսում է գնաճ: Իսկ սպասվող տնտեսական աճի հաշվին էլ պարզապես իշխանությունը փակելու է իր վերցրած արտաքին պարտքը: «Ակնհայտ է նաեւ, որ 2013 թվականին մեր բնակչության բացարձակ գերակշիռ մասը մի փոքր ավելի վատ է ապրելու: Փոխաբերական իմաստով՝ ներկայացվածը ես անվանում եմ «տարկետման բյուջե»: Այսինքն՝ կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում: Տարկետման մեջ է»,-ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իսկ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ այս բյուջեն անվանեց կոնսերվացման բյուջե: «Նախագիծն ընթերցելիս զգացողությամբ համակվեցի, թե դա փակվող օբյեկտի մասին է: 2013-ին կրթության ոլորտում աշխատավարձերի գծով ծախսերը 2012-ի համեմատ նվազելու են 542.6 մլն դրամով: Դա նշանակում է, որ աշակերտների թիվը 2013-ին լինելու է 6800-ով պակաս: Պաշտոնական կանխատեսմամբ՝ աշակերտների թիվը լինելու է 27000-ով պակաս, քան 2009-ին: Սա այլ կերպ, քան արտագաղթի խրախուսում, դժվար է անվանել, որովհետեւ եթե աշակերտների նվազմանը համապատասխան քո արձագանքն այն է, որ մարդկանց գրպանից 542 մլն դրամ ետ ես վերցնում, նշանակում է՝ գործընթացը քեզ չի անհանգստացնում»,-նշեց նա: Իսկ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ ասաց. «Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մնացել է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքում: Համաշխարհային տնտեսությունը լավ էլ զարգանում է: Ճգնաժամի վրա մի՛ գցեք: Մենք հո չե՞նք ասում՝ ճգնաժամ չի եղել: Եղել է, բայց ընդամենը 1 տարի»:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, բնականաբար, ընդդիմության քննադատությունները որակեց որպես նախընտրական քայլ, նույնիսկ ասաց, որ երբ արեւ է լինում` ընդդիմությունը վերագրում է իրեն, իսկ անձրեւը` իշխանություններին: Սակայն, ըստ  նրա, իշխանություններն առաջընթաց են գրանցել: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձեց Աղվան Վարդանյանին՝ ակնարկելով, որ ակնհայտ է, թե ով է ում քաղաքական կուրսը կրկնում, եւ ով ունի կրկնուսույցների կարիք. «Իշխանությունը շատ ավելի լավ է սերտել այսօրվա բյուջետային դասը»: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերը շատ ավելի կոշտ էին. «Ելույթ կային, որ չէին քննադատում, պարզապես ասում էին՝ տեսե՛ք՝ ինչ խելացի եմ ես, հետագայում հաշվի առնեք ինձ: Հաշվի ենք առնելու: Մարդիկ կան, որ դուրս են գալու, ասելու են՝ տեսաք՝ ինչ դուխով էինք, վարչապետին հակադարձեցի, նախագահին անպատվեցի: Տո որ հակադարձեինք, ի՞նչ էիք անելու: Նորից եմ ասում՝ եկե՛ք խաղաղ, հանգիստ ապրենք»:
Այսօր ԱԺ-ում թեժ քննարկումները շարունակվելու են. ներկայացվելու են խմբակցությունների դիրքորոշումները: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է գալու եզրափակիչ ելույթով: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքն այսօր է պատրաստվում պատասխանել ընդդիմության քննադատությանը: Նաեւ նշեց, թե ՀՀԿ-ն կանի ամեն ինչ, որպեսզի այս նախագծի քվեարկությունը չտապալվի, ու բյուջեն ընդունվի:
Մինչ իշխանությունն ու ընդդիմությունը ԱԺ-ում թեժ պայքար են մղում, հարկ է կրկին փաստել, որ պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ աշխատավարձերի, ո՛չ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսում է գնաճ` սրանից բխող բոլոր հետեւանքներով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս