Հասկանալի պատճառներով վերջերս բենզալցակայանների անվտանգ շահագործման խնդիրը քննարկման նոր թափ ստացավ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող բենզալցակայանների կեսից ավելին կառուցված է անվտանգության նորմերի խախտումներով: Թեև բենզալցակայանները պետք է գտնվեն բնակելի շենքերից 25-50 մետր հեռավորության վրա, դրանց մեծ մասի պահեստարաններն ուղղակի տեղակայված են բազմաբնակարան շենքերի հիմքերի մոտ կամ գտնվում են հենց ճանապարհների վրա:
Բնակիչները բազմիցս բարձրաձայնել են իրենց բակերում խաղահրապարակների կողքին բենզալցակայանների կառուցման խնդրի մասին, փորձել են և փորձում են տարբեր միջոցներով բողոքել և այդ «ականների» դեմն առնել, սակայն դրանք շարունակում են շահագործվել` առանց անվտանգության ապահովման: Կարգավորող մարմինների պատասխանը ստանդարտ է` տարածքները հատկացված են օրենքով սահմանված կարգով և բենզալցակայանների շահագործումն իրականացվում է անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Իսկ եթե ոչ` ապա պետական կառույցները բավարարվում են տուգանքով: Մինչ օրս, կարծես թե, ապամոնտաժված լցակայանի մասին չենք լսել ու երևի թե չենք էլ լսի:
Մեզ ուղղած նամակներում բազմաթիվ քաղաքացիներ կիսվում են իրենց մտահոգությամբ և ակնկալում խնդրին ավելի աչալուրջ մոտեցում և վերահսկում. «… Հասկանալի է, որ բենզալցակայաններն անհրաժեշտություն են, բայց ինչն է խանգարում, որպեսզի դրանք կառուցվեն շինություններից բավարար հեռավորության վրա` նվազագույնին հասցնելով որևէ դժբախտ պատահարի հետևանքով մի ամբողջ շենքի, թաղամասի հոդս ցնդելու վտանգը: Միթե այդքան դժվար է, որպեսզի դրանց համար տարածքները, ինչպես այլ երկրներում, որտեղ մարդկային կյանքը թանկ է, հատկացվեն անվտանգության տեխնիկական նորմերի պահպանմամբ: Իսկ վտանգը կանխելու համար ընդամենը պետք է բենզալցակայանները տեղափոխել բնակեցված տարածքներից բավարար հեռավորության վրա: Գտնվելով սեյսմիկ գոտում` արդյոք մենք իրավունք ունենք անտեսել և նման անտարբերությամբ մոտենալ այս խնդրին: Ակնկալում ենք, որ իշխանություններն անմիջական մասնակցություն կցուցաբերեն վերոհիշյալ խնդրի լուծմանը` առաջնորդվելով ժողովրդի գերակա շահով և օրինական պահանջով… »:
Նամակում ասվածին հավելենք, որ երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին և անվտանգությանը, պաշտոններ և արտոնյալներ «խաղացնելը» անթույլատրելի է:
Անի Ստեփանյան