ԷԼԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՅՏԵՐՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐՈՇՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ էլէներգիայի սակագնի բարձրացնելու հարցի լուծումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը պետք է դեռ որոշի՝ ինչպես վարվել էլէներգիա արտադրող խոշոր 5 ընկերությունների հայտերի հետ:

Ինչպես հայտնի է՝ «Հայկական ատոմային էլէկտրակայան», «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդան ՋԷԿ», «Գազպրոմ Արմենիա-Հրազդան 5» եւ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (Սեւան-Հրազդան կասկադ) ընկերությունները դիմել են ՀԾԿՀ-ին՝ իրենց կողմից արտադրվող էլէներգիայի սակագները բարձրացնելու համար: Ի դեպ, վերջիններիս հայտերը ներկայացվել են մինչեւ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության հայտի ներկայացումը:
Ըստ ներկայացված հայտերի՝ «Երեւան ՋԷԿ»-ն առաջարկում է իր կողմից արտադրվող էլէներգիայի 1 կՎտ/Ժ-ի սակագինը 18,1 դրամից դարձնել 28 դրամ (բերված թվերում սակագինը ներառում է նաեւ ավելացված արժեքի հարկը): «Հրազդան ՋԷԿ»-ի նոր, 5-րդ էներգաբլոկը, որը պատկանում է «Գազպրոմ Արմենիային», առաջարկում է իր կողմից արտադրվող եւ ՀԷՑ-ին մատակարարվող էլէներգիայի 1 կՎտ/ժ-ի սակագինը 40,1 դրամից դարձնել 42 դրամ: Ի դեպ, ներկայումս այս ՋԷԿ-ի արտադրած էլէներգիան ամենաթանկն է: «Հրազդան ՋԷԿ»-ն առաջարկում է իր կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը 36,9 դրամից դարձնել 43,6 դրամ: ՀԱԷԿ-ի էլէներգիան ներկայումս մատակարարվում է 1 կՎտ/ժ-ը 5,7 դրամով, առաջարկվում է այն դարձնել 8,7 դրամ: Իսկ Սեւան-Հրազդան կասկադի մեջ մտնող ՀԷԿ-երի սեփականատեր «Միջազգային էներգետիկ կորպորացիան», ցանկանում է իր կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը 2,1 դրամից դարձնել 4,7 դրամ:
Վերը նշված ընկերություններից չորսը` ՀԱԷԿ-ը, «Երեւան ՋԷԿ», «Հրազդան ՋԷԿ»-ը եւ Սեւան-Հրազդան կասկադը, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել են Հայաստանում սպառված էլէներգիայի ավելի քան 80 տոկոսը` 1 մլրդ 332 մլն 300 հազ. կՎտ: Այս տարվա առաջին եռամսյակում սպառվել է 1 մլրդ 660 մլն 300 հազ. կՎտ էլէներգիա: Ինչպես տեսնում ենք՝ նրանք բոլորը միաբերան ցանկանում են էլէներգիայի սակագինը կտրուկ բարձրացնել: Զուտ տոկոսային հարաբերակցությամբ «ամենահամեստը» Հրազդանի 5-րդ էներգաբլոկն է, որը ցանկանում է իր էլէներգիայի սակագինը 4,7 տոկոսով բարձրացնել: Սակայն այս թվացյալ «համեստության» պատճառն այն է, որ այդ ՋԷԿ-ի արտադրած էլէներգիայի սակագինը ներկայումս ամենաբարձրն է:
Ինչեւէ, հարցերի հարցն այն է, թե արդյո՞ք ՀԾԿ հանձնաժողովը կկարողանա էլէներգիա արտադրողներին ասել «ոչ»: Տվյալ դեպքում հիմնականում խոսքը վերաբերում է ՋԷԿ-երին, որոնց արտադրած էլէներգիան առանց այդ էլ թանկ է: Ավելին՝ վերջին մեկ տարում նրանց հումքի` գազի գնի թանկացում տեղի չի ունեցել, եւ, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու են նրանք արհեստականորեն ցանկանում կտրուկ բարձրացնել իրենց արտադրած էլէներգիայի սակագինը:
ՀԱԷԿ-ի եւ Սեւան-Հրազդան կասկադի էլէներգիայի հարցը, թերեւս, արժի առանձին դիտարկել: ՀԱԷԿ-ն այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ին մատակարարել է 741,9 մլն կՎտ էլէներգիա, իսկ Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը` 54 մլն կՎտ: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀԷՑ-ի սպառած էլէներգիայի 48 տոկոսը մատակարարել են վերը նշված երկու ընկերությունները, որոնց սակագները, հիշեցնենք, մեկի դեպքում 5,7 դրամ է, մյուսինը` 2,1 դրամ: Իսկ ՀԷՑ-ը էլէներգիան սպառողին մատակարարել է 1 կՎտ/ժ-ը 41,85 դրամով: Այսինքն՝ նշված երկու էլէներգիա արտադրողների սակագները բարձրացնելու դեպքում անգամ դա չի կարող հիմք հանդիսանալ ՀԷՑ-ի կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի թանկացման համար:
Սակայն պարզվում է՝ իրավիճակն առավել քան դրամատիկ է: Մեր տեղեկություններով՝ ՀԾԿ հանձնաժողովն արդեն իսկ որոշել է ՀԱԷԿ-ի հայտը մերժել: Ավելին՝ ըստ նույն տեղեկությունների՝ ՀԾԿՀ-ն նույնիսկ պատրաստվում է նվազեցնել Մեծամորի ատոմակայանի կողմից արտադրվող էլէներգիայի սակագինը մոտ տասը տոկոսով: Եթե այս մտադրությունը կյանքի կոչվի, ապա ՀԾԿՀ-ն պարտավորված է լինելու մնացած բոլոր արտադրողների հայտերը եւս առնվազն մերժել: Այս դեպքում ՀԾԿՀ-ն կարող է մերժել նաեւ ՀԷՑ-ի հայտը` սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ: Սակայն ստեղծված իրավիճակի հմայքն այն է, որ ՀԾԿ հանձնաժողովը, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի իշխանություններն այդ գործիքները կկիրառեն միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ էլէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում հանրության շրջանում առկա դժգոհությունները կարող են դառնալ անվերահսկելի: Այլ կերպ ասած՝ ուզում եք էլէներգիան չթանկացնեն, բողոքեք:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԻՄԱ ԷԼ ՃՈՂՎԱԾՔ
Մամուլը առիթ ունեցել է գրելու, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իր համայնքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին անձնագրերով օրը մի քանի լավաշ է անվճար տրամադրում: Պարզվում է` բարեգործական այս ակցիան միակը չէ, որ «բիզնես չունեցող» (նա է այդպես հայտարարում) պատգամավորն իրականացնում է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հիմա էլ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնում սկսվել է անվճար վիրահատությունների շարք: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները կարող են անձնագրերով ներկայանալ հիվանդանոց եւ ճողվածքի անվճար վիրահատության ենթարկվել:

 

ԳՈՐԾԸ ՀԱՍԵԼ Է «ԴԱԲՐՈՅԻՆ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Նշենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Մինչ այժմ ՀՀԿ-ն այդպես էլ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է սատարելու, կամ այլ կերպ ասած՝ ով է իշխանական թեկնածուն: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուները ժամանակին մտերիմ ընկեր եւ բիզնես-գործընկերներ են եղել, սակայն լարվածությունն այն աստիճան է սրվել, որ նրանք այժմ գրեթե թշնամացել են: Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, եւ մարզպետը սատարում է նրա թեկնածությունը: Իսկ Արթուր Աբգարյանը Ալավերդիում հայտնի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է՝ կրկին իշխանական լուրջ կապերով: Մեր տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս օրերին «գործուղվել» է Ալավերդի` տեղում կրքերը հանդարտեցնելու համար:

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ՄՈՏԻՑ
Երեկ ոստիկանները նախագահական նստավայրի մայթից ակտիվիստներ Վարդգես Գասպարիին եւ Արայիկ Պետրոսյանին ուժով խցկել են ոստիկանական ավտոմեքենան եւ տարել: Ակտիվիստները գնացել են նախագահական՝ սատարելու ամեն հինգշաբթի այնտեղ բողոքի ակցիա իրականացնող, բանակում սպանված զինվորների մայրերին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ոստիկանությունից իրենց ասել են, որ ակտիվիստներից բերման է ենթարկվել միայն Արայիկ Պետրոսյանը: Նրա նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: Իսկ Վարդգես Գասպարիին, պարզվում է, ճանապարհին բաց են թողել, ըստ Գասպարիի՝ դուրս «նետելով»:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԲԼԱՏԵՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ, տրինիդադցի Ջեք Ուորները խոստացել է պատմել ամենը, ինչ իրեն հայտնի է կազմակերպության կոռումպացվածության մասին: Նա նշել է, որ վախենում է կյանքի համար, բայց իր փաստաբաններին կհաղորդի ամբողջ տեղեկատվությունն ու կփոխանցի փաստաթղթերը՝ խնդրելով դրանք հանձնել իրավապահ մարմիններին: «Իրականում վախենում եմ կյանքիս համար: Ներողություն եմ խնդրում, որ այդ տեղեկատվությունը չեմ հրապարակել ավելի վաղ: Նույնիսկ մահը չի կանգնեցնի հողմը, որը հասունանում է: Բլատերը գիտի՝ ինչու է ընկել»,- ասել է Ուորները, ով ենթադրաբար այն կրիմինալ խմբավորման անդամներից է, որը մոտ 150 մլն դոլար կաշառք է ստացել:

 

ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵ՞Ր
Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ազդել ԵՄ ղեկավարների վրա` ուժեղացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը: Reuters-ի փոխանցմամբ` Բրյուսելում մտավախություն ունեն, որ կոնֆլիկտի սրացումը կարող է հրահրել «բռնության նոր ալիք»:

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԸ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հրամանագրով նախագահին առընթեր ազգային քաղաքականության տեղեկատվական ապահովման հանձնաժողով է ստեղծվել, որի նախագահ է նշանակվել «Հայերի միության նախագահ» Արա Աբրահամյանը: Նոր հանձնաժողովի գործունեությունն ազգային փոքրամասնությունների շրջանում պետական քաղաքականության իրականացումն է: Ռուսաստանի նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Աբրահամյանը նշանակվել է Ռուսաստանի օրվա, Ազգային միասնության ու Ռուսաստանի հետ Ղրիմի ու Սեւաստոպոլի վերամիավորմանը նվիրված միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամ:

 

ԲԱԼՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ
Հայաստանում գազալցակայաններում պայթյունների 99%-ը անորակ գազաբալոնների պատճառով է լինում: Այս մասին երեկ հրավիրված ասուլիսում ասել է ավտոգազալցաճնշակայանների կոմպրեսատորներ (ճնշակներ) եւ գազաբաշխիչ աշտարակներ արտադրող ընկերության տնօրեն Ռոբերտ Թովմասյանը: Նրա խոսքով՝ հիմնականում տեխնիկական, փորձագիտական քննության են ենթարկվում գազալցակայանները, մինչդեռ գազաբալոնները վերահսկողությունից դուրս են մնացել:

 

ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվել է, թե երբ կավարտվեն կառավարական նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները: «Գրաֆիկով նախատեսված է մինչեւ 2016 թվականի փետրվար-մարտ ամիսները, բայց մենք գրաֆիկից առաջ ենք եւ նախատեսում ենք հանձնել այս տարվա նոյեմբերին»,- տեղեկացրել է Նարեկ Սարգսյանը:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում Կառավարության որոշմամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի: «Խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին մեկ անգամ եւս վերանայել իրենց նախագծերի փաթեթները եւ առավել կարեւորները համապատասխան հիմնավորումներով ներկայացնել աշխատակազմին, որովհետեւ ժամանակը լինելու է սահմանափակ», – ընդգծել է նա:




Լրահոս