ԱՐԴԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է «ՄԱՐՍՎԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ելնելով միջնադարյան հայ մանրանկարիչների աշխատանքներից` նկարիչ Արմեն Դանեղյանը ստեղծում է նորը, ժամանակակիցը: «Ժողովուրդ»-ը նկարչի հետ զրույցում պարզել է` որքանով են իր ստեղծագործություններն այսօր ընկալելի մեր հասարակության կողմից, ովքեր են դրանք սպառողները, որն է արդի հայ նկարչի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը, եւ ինչու է Ա.Դանեղյանը նախընտրել չդառնալ նկարիչների միության անդամ:

-Պարո՛ն Դանեղյան, Ձեր ներկայացրած արվեստում կոնկրետ ի՞նչն է նոր, եւ որքանո՞վ է այն արդիական, ընկալելի:
-Ի տարբերություն միջնադարյան մանրանկարչության գործերի՝ իմ նկարներում միայն հոգեւոր թեմաներ չեն ներկայացված: Ես փորձում եմ մանրանկարչության լեզվով ներկայացնել նաեւ արդի թեմաներ: Բացի պատմական, փլիսոփայական թեմաներից, մեր մեծերին` Անդրանիկից մինչեւ Թումանյան, Կոմիտասից մինչեւ Շառլ Ազնավուր, անդրադառնալուց՝ շոշափում եմ նաեւ ժամանակակից թեմաներ, օրինակ` ես ունեմ երեւանյան թեմատիկայով նկարներ, սիմվոլների մի շարք` օպերային շենքից մինչեւ Սասունցի Դավթի արձան, ունեցել եմ նաեւ արցախյան թեմայով գործեր: Առհասարակ, սիրում եմ թեմաների բազմազանություն, բայց այն կարծիքին եմ, որ արդի մանրանկարչությունը դեռ պետք է «մարսվի» հայ հասարակության կողմից. շատ մարդիկ սովոր չեն մանրանկարչության մեջ տեսնել ոչ հոգեւոր թեմաներ, եւ այսօր էլ մանրանկարչություն ասելով շատերը հասկանում են միայն միջնադարյան արվեստը:
-Իսկ Հայաստանում արդի մանրանկարը որքանո՞վ է սպառվող:
-Ճիշտն ասած` իմ նկարները սպառողների մեծ մասը հայաստանցի չէ. դա կախված է այստեղի ժողովրդի սոցիալական վիճակից, մարդիկ մեզ մոտ բավականաչափ վճարունակ չեն, ուրիշ խնդիրներ են լուծում: Ուստի իմ գործերը գնահատողները 99 տոկոսով դրսից են, սպառողները հիմնականում սփյուռքահայեր են, երբեմն նաեւ` օտարերկրացիներ:
-Ձեր ոլորտում բազում չլուծված խնդիրներ կան. դրանցից գլխավորն, ըստ Ձեզ, ո՞րն է:
-Առաջինը սոցիալական խնդիրն է, որն առկա է արվեստի բոլոր բնագավառներում: Օրինակ` ցուցադրության նպատակով դահլիճի վարձակալությունը, շրջանակների ձեռքբերումը, հայտարարություն, գովազդ տալը մեծ գումարների հետ են կապված, իսկ այդ գումարներն էլ դեռ պետք է վերադարձնել: Մեր ոլորտից ով ցուցադրության հնարավորություն չունի, Վերնիսաժում է կանգնում: Այնտեղ, ի դեպ, կան հետաքրքիր նկարիչներ, երբեմն գնում եմ ընկերներիս մոտ եւ տեսնում եմ, որ գործերը լավ չեն: Թվում է, թե զբոսաշրջիկները լիքն են, առեւտուրը եռում է, բայց այդպես չէ. կտավները, եթե հաջողվում է վաճառել, տրվում են չնչին գումարների դիմաց:
-Դուք, օրինակ, նաեւ հոգեւոր թեմաներով եք ստեղծագործում. Մայր եկեղեցին հետաքրքրվա՞ծ է Ձեր աշխատանքներով:
-Հիմա ոչ: Իհարկե, տարբեր հոգեւորականներ սոցցանցերում գրառումների միջոցով արձագանքում են իմ նկարներին, սակայն կոնկրետ առաջարկներ չեն եղել, թեպետ պետք է ասեմ, որ տարիներ առաջ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը` ներկայիս կաթողիկոսը, մեծապես աջակցեց ինձ, սակայն հիմա ժամանակները փոխվել են, մարդիկ էլ հետը, իսկ ես չեմ սիրում ինչ-որ մեկին դիմել:
-Պարո՛ն Դանեղյան, ըստ Ձեզ՝ այսօր հայ նկարիչներն ինչ-որ չափով պառակտված չե՞ն, կարծես բաժանված են խմբերի…
-Պառակտված են, ամեն մեկն իր խումբն ունի. ես, օրինակ, չեմ սիրում որեւէ խմբի մեջ լինել: Ցանկացած այդպիսի խմբում կա ներքին անիմաստ պայքար, իսկ դա արվեստագետից մեծ էներգիա է խլում: Ես գերադասում եմ այդ էներգիան ներդնել իմ աշխատանքի մեջ, ուստի միշտ փորձում եմ որոշակի հեռավորություն պահել նման միավորումներից եւ իմ ուղով գնալ: Ես, օրինակ, ներառված չեմ նաեւ նկարիչների միությունում եւ չեմ էլ պատրաստվում լինել: Միության անդամների նպատակը պետք է համախմբվելը լինի, այնինչ` ստացվում է ճիշտ հակառակը:
-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ստեղծագործողներին, որոնք մտադիր են մանրանկարչությամբ զբաղվել:
-Նախ ասեմ, որ սկզբնական շրջանում նրանց համար շատ դժվար է լինելու թե՛ ստեղծագործելու, թե՛ աշխատանքներն իրացնելու առումով: Սկզբնական շրջանում ոչ մի շահույթ չստանալով, ուշադրության չարժանանալով` պետք չէ հուսահատվել. պարզապես հարկավոր է հաղթահարել այդ շրջանը, ականջալուր չլինել անառողջ քննադատություններին, իսկ առողջներից էլ օգուտ քաղել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՀԱՄԱՍՅԱՆԸ ԿՇՐՋԱԳԱՅԻ
Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը Facebook-ում տեղեկացրել է իր առաջիկա համերգային շրջագայության մասին: Երաժիշտը Երեւանի պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ համերգ կտա Զվարթնոց տաճարում, հետո Ստեփանակերտում, Գյումրիում, ինչպես նաեւ` Վրաստանի եւ Թուրքիայի հայկական եկեղեցիներում: «Մեր ուխտագնացության երթուղին վերջապես հստակեցվեց. սկսում ենք հունիսի 11-ին` Զվարթնոցի տաճարից եւ ավարտում հունիսի 30-ին` Ստամբուլի Սբ. Իրեն եկեղեցում»,-գրել է Համասյանը:

 

ԵՐԵԽԱ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Դերասան ամուսիններ Սուրեն Առուստամյանը եւ Լիլիթ Տիտոյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Հունիսի 4-ին լույս աշխարհ է եկել զույգի դուստրը: Փոքրիկ Արեւը ծնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Աղջկաս տեսնելուց հետո հասկացա, որ կյանքի հանդեպ պատասխանատվությունս ավելի մեծացավ, ու կյանքս լցվեց կրկնակի ջերմությամբ, քանի որ ես արդեն ունեմ իմ Արեւը»,-իր զգացողություններով ESem.am-ի հետ կիսվել է Սուրենը: Ըստ նրա` նորածինն արտաքինով նման է մայրիկին: Ի դեպ, զույգը ունի եւս մեկ զավակ` 9-ամյա Հայկը, ով արդեն հասցրել է տեսնել քույրիկին: «Հայկը ոչ միայն տեսել է, այլեւ նկար է նկարել ու ցույց տվել քույրիկին»,-ասել է նորաթուխ հայրիկը` հավելելով, որ կինն ու երեխան իրենց շատ լավ են զգում:

 

50 CENT-Ի ԸՆԿԵՐՈՒՀԻՆ ՀԱՅ Է
Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Լրտեսը» ֆիլմի ցուցադրությունը. ֆիլմում նկարահանվել են Մելիսա Մաք-Քարթին, Ջուդ Լոուին եւ Ջեյսոն Սթեթհեմը: Կինոնկարի պրեմիերային մասնակցել է նաեւ 50 Cent-ը, որը ներկայացել է իր նոր ընկերուհու` Նենսի Բաբուչյանի հետ: Ինչպես նկատում է Mstarz.com-ը, 50 Cent-ը բավականին ճաշակով ընտրություն է կատարել: Կայքն այս առիթով անգամ մեջբերել է երգչի երգերից մեկի տողերը. «Նենսի, կարեւոր է հիշել, թե ինչ է երգում 50 Cent-ը` I՚m into having sex, I ain՚t into making love, So come give me a hug if you into to getting rubbed»:




Լրահոս