Արդի մանրանկարչությունը դեռ պետք է «մարսվի». Արմեն Դանեղյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ելնելով միջնադարյան հայ մանրանկարիչների աշխատանքներից` նկարիչ Արմեն Դանեղյանը ստեղծում է նորը, ժամանակակիցը: «Ժողովուրդ»-ը նկարչի հետ զրույցում պարզել է` որքանով են իր ստեղծագործություններն այսօր ընկալելի մեր հասարակության կողմից, ովքեր են դրանք սպառողները, որն է արդի հայ նկարչի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը, եւ ինչու է Ա.Դանեղյանը նախընտրել չդառնալ նկարիչների միության անդամ:

-Պարո՛ն Դանեղյան, Ձեր ներկայացրած արվեստում կոնկրետ ի՞նչն է նոր, եւ որքանո՞վ է այն արդիական, ընկալելի:

-Ի տարբերություն միջնադարյան մանրանկարչության գործերի՝ իմ նկարներում միայն հոգեւոր թեմաներ չեն ներկայացված: Ես փորձում եմ մանրանկարչության լեզվով ներկայացնել նաեւ արդի թեմաներ: Բացի պատմական, փլիսոփայական թեմաներից, մեր մեծերին` Անդրանիկից մինչեւ Թումանյան, Կոմիտասից մինչեւ Շառլ Ազնավուր, անդրադառնալուց՝ շոշափում եմ նաեւ ժամանակակից թեմաներ, օրինակ` ես ունեմ երեւանյան թեմատիկայով նկարներ, սիմվոլների մի շարք` օպերային շենքից մինչեւ Սասունցի Դավթի արձան, ունեցել եմ նաեւ արցախյան թեմայով գործեր: Առհասարակ, սիրում եմ թեմաների բազմազանություն, բայց այն կարծիքին եմ, որ արդի մանրանկարչությունը դեռ պետք է «մարսվի» հայ հասարակության կողմից. շատ մարդիկ սովոր չեն մանրանկարչության մեջ տեսնել ոչ հոգեւոր թեմաներ, եւ այսօր էլ մանրանկարչություն ասելով շատերը հասկանում են միայն միջնադարյան արվեստը:

11273441_929722807084620_1834268363_n

-Իսկ Հայաստանում արդի մանրանկարը որքանո՞վ է սպառվող:

-Ճիշտն ասած` իմ նկարները սպառողների մեծ մասը հայաստանցի չէ. դա կախված է այստեղի ժողովրդի սոցիալական վիճակից, մարդիկ մեզ մոտ բավականաչափ վճարունակ չեն, ուրիշ խնդիրներ են լուծում: Ուստի իմ գործերը գնահատողները 99 տոկոսով դրսից են, սպառողները հիմնականում սփյուռքահայեր են, երբեմն նաեւ` օտարերկրացիներ:

-Ձեր ոլորտում բազում չլուծված խնդիրներ կան. դրանցից գլխավորն, ըստ Ձեզ, ո՞րն է:

-Առաջինը սոցիալական խնդիրն է, որն առկա է արվեստի բոլոր բնագավառներում: Օրինակ` ցուցադրության նպատակով դահլիճի վարձակալությունը, շրջանակների ձեռքբերումը, հայտարարություն, գովազդ տալը մեծ գումարների հետ են կապված, իսկ այդ գումարներն էլ դեռ պետք է վերադարձնել: Մեր ոլորտից ով ցուցադրության հնարավորություն չունի, Վերնիսաժում է կանգնում: Այնտեղ, ի դեպ, կան հետաքրքիր նկարիչներ, երբեմն գնում եմ ընկերներիս մոտ եւ տեսնում եմ, որ գործերը լավ չեն: Թվում է, թե զբոսաշրջիկները լիքն են, առեւտուրը եռում է, բայց այդպես չէ. կտավները, եթե հաջողվում է վաճառել, տրվում են չնչին գումարների դիմաց:

-Դուք, օրինակ, նաեւ հոգեւոր թեմաներով եք ստեղծագործում. Մայր եկեղեցին հետաքրքրվա՞ծ է Ձեր աշխատանքներով:

-Հիմա ոչ: Իհարկե, տարբեր հոգեւորականներ սոցցանցերում գրառումների միջոցով արձագանքում են իմ նկարներին, սակայն կոնկրետ առաջարկներ չեն եղել, թեպետ պետք է ասեմ, որ տարիներ առաջ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդը` ներկայիս կաթողիկոսը, մեծապես աջակցեց ինձ, սակայն հիմա ժամանակները փոխվել են, մարդիկ էլ հետը, իսկ ես չեմ սիրում ինչ-որ մեկին դիմել:

11304540_929722790417955_1167802739_n

-Պարո՛ն Դանեղյան, ըստ Ձեզ՝ այսօր հայ նկարիչներն ինչ-որ չափով պառակտված չե՞ն, կարծես բաժանված են խմբերի…

-Պառակտված են, ամեն մեկն իր խումբն ունի. ես, օրինակ, չեմ սիրում որեւէ խմբի մեջ լինել: Ցանկացած այդպիսի խմբում կա ներքին անիմաստ պայքար, իսկ դա արվեստագետից մեծ էներգիա է խլում: Ես գերադասում եմ այդ էներգիան ներդնել իմ աշխատանքի մեջ, ուստի միշտ փորձում եմ որոշակի հեռավորություն պահել նման միավորումներից եւ իմ ուղով գնալ: Ես, օրինակ, ներառված չեմ նաեւ նկարիչների միությունում եւ չեմ էլ պատրաստվում լինել: Միության անդամների նպատակը պետք է համախմբվելը լինի, այնինչ` ստացվում է ճիշտ հակառակը:

11355586_929722793751288_299383721_n

-Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ ստեղծագործողներին, որոնք մտադիր են մանրանկարչությամբ զբաղվել:

-Նախ ասեմ, որ սկզբնական շրջանում նրանց համար շատ դժվար է լինելու թե՛ ստեղծագործելու, թե՛ աշխատանքներն իրացնելու առումով: Սկզբնական շրջանում ոչ մի շահույթ չստանալով, ուշադրության չարժանանալով` պետք չէ հուսահատվել. պարզապես հարկավոր է հաղթահարել այդ շրջանը, ականջալուր չլինել անառողջ քննադատություններին, իսկ առողջներից էլ օգուտ քաղել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս