«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին իշխող Հանրապետական կուսակցությունում շատ ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության քննարկումների ժամանակ շատ կոշտ են արտահայտվում ինչպես ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի, այնպես էլ նրա ներկայացրած հիմնավորումների վերաբերյալ: ՀՀԿ-ականներից շատերը հայտարարել են, որ սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ իրենք չեն կարող պաշտպանել ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթուղթը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ, որը եւս դժգոհողների թվում է: Ավելին՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ Բիբինի հանդիպման ընթացքում նա բավականին սուր հարցեր է հնչեցրել:
-Պարո՛ն Բադեյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք հունիսի 12-ի ԱԺ լսումներից, կարծում եք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կլսի՞ Ձեր հորդորները:
-Մենք, իհարկե, ուզում էինք, որ թանկացում առհասարակ տեղի չունենա, ու դրա համար մանրամասնորեն, հոդված առ հոդված դիտարկում էինք ներկայացված ծախսերը՝ համենայնդեպս հարց-պատասխանի մակարդակով: Հետագայում ավելի պրոֆեսիոնալ մակարդակով դրանով զբաղվեց այն հանձնաժողովը, որը կոչված է հենց դրանով զբաղվելու՝ նկատի ունեմ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը: Ես տեղեկացա, որ այդ հանձնաժողովը տեղին չի համարել Բիբինի ներկայացրած ծախսերի ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ, կան ծախսեր, որոնց մասին ես տեղյակ եմ՝ կապված ատոմակայանի 88 օր եւ ավել պարապուրդի մատնվելու, սակավաջրության հետ … այդ գործոնները կարող են ազդել տնտեսական վիճակի վրա: Երբ որ խորհրդարանական լսումներ լինեն, այդ ժամանակ էլ մանրամասն ամեն ինչը կլուսաբանվի: Բացի այդ՝ մեր ԱԺ հանձնաժողովներն անմիջապես աշխատելու են այդ ներկայացված թվերի վրա, ու պետք է հասկանանք, թե որքան է իրականում անհրաժեշտ թանկացնել կամ առհասարակ չթանկացնել:
-Իսկ Դուք անձամբ ուսումնասիրե՞լ եք այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀԷՑ-ը:
-Բիբինի հետ հանդիպման ժամանակ մենք այդ հարցը բարձրացրել ենք, բայց նա որեւէ պատշաճ պատասխան չտվեց հնչող հարցերի մեծամասնությանը, ուստի նրա ներկայացրած ծախսերը եւ դրանից բխող թանկացումներն անհիմն ենք համարում: Բայց կրկնում եմ՝ դրանց մեջ կան ծախսեր, որոնք, իհարկե, պետք է հատուցվեն:
-Այսինքն՝ Դուք եւս այն տեսակետի՞ն եք, որ թանկացում պետք է լինի, բայց ոչ 17 դրամո՞վ:
-Մինչեւ թվերը չուսումնասիրվեն, մինչեւ պատշաճ վերլուծություն չարվի, որեւէ հստակ բան այժմ անհնար է ասել: Լսումների ժամանակ բոլոր թվերի պարզաբանումները կտրվեն, իսկ հանձնաժողովներն էլ առանձին-առանձին կաշխատեն, ու այդ ժամանակ նոր կարելի է խոսել կոնկրետ թվի մասի: Որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, իհարկե, ես կուզեի, որ չթանկանար, բայց տնտեսությունն իր օրենքներով է զարգանում, ու դրա համար պետք է տեսնել, թե որքանով է հիմնավորված թանկացման մյուս հատվածը:
-Իսկ ըստ Ձեզ` ինչո՞ւ է Ե. Բիբինը իրեն թույլ տալիս չհիմնավորված փաստաթուղթ ներկայացնել ՀՀ իշխանություններին, սա ինչի՞ արդյունք է, ի վերջո, ինչո՞ւ է ռուս պաշտոնյան փորձում իրենց ծախսերը մեր ժողովրդի «վզին փաթաթել»:
-Ինձ թվում է, որ Բիբինն անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Դա հերիք է, որ նա փորձել է մոլորության մեջ գցել հանձնաժողովին ու դրա համար նա, որպես պերսոնա, պետք է պատժվի:
-Ո՞վ պետք է պատժի նրան, արդյո՞ք ՀՀ իշխանությունները կհամարձակվեն նման քայլի դիմել:
-Այստեղ հարցեր կան, պատժիչ մարմինները հայտնի են ՀՀ-ում՝ դատախազությունն է, իրավապահ մարմիններն են, իմ կարծիքով իրենք պետք է զբաղվեն այդ ամենով:
Հ.Գ. Էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի հետ կապված երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ հանրային խորհուրդը: Դրանում, մասնավորապես, ասված է. «ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ոչ արդյունավետ գործունեության եւ պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով, հետեւաբար այն պետք է մարվի ոչ թե սակագների բարձրացման ճանապարհով, այլ ՀԷՑ-ի եւ նրա հիմնադիրների («ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍե» ՓԲԸ) կողմից»:
Սոնա Գրիգորյան