Հերթական ոչ դիվանագետ դեսպանը. Գավառից անհետացած պատգամավորին տարան Քուվեյթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դիվանագիտական կորպուսը ավելացավ եւս մի ոչ մասնագետ դեսպանով: Սերժ Սարգսյանի հրամանով Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված Մանվել Բադեյանը նախօրեին Ազգային ժողովում ծափողջույններով հրաժեշտ տվեց իր գործընկերներին ու լծվեց արտաքին քաղաքական հարցերի կարգավորման լրջագույն գործին:

Նկատենք, որ Բադեյանը միակ ոչ դիվանագետ դեսպանը չէ: Հատկապես վերջին տարիներին ՀՀ նախագահի նստավայրում որեւէ մեկին չնեղացնելու համար այդ անձնավորությանը ինչ-որ երկիր դեսպան են ուղարկում կամ էլ մարդկանց են նշանակում որեւէ երկրում Հայաստանի դեսպան, ովքեր ի վիճակի են իրենց միջոցներով դեսպանատուն պահել: Մանվել Բադեյանի նշանակումը թերեւս երկրորդ հանգամանքով է պայմանավորված, քանի որ նա գործարար պատգամավոր է:

Հիշեցնենք, որ ծագումով գավառցի պատգամավորն իր մասնագիտական՝ տնտեսագետի բնագավառում աշխատելուց հետո 1999 թվականից պարբերաբար Ազգային ժողովի պատգամավոր է դարձել: Նախ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով, ապա արդեն Հանրապետական կուսակցության ընտրացուցակներով մշտապես պատգամավոր է դարձել: Որպես ԱԺ պատգամավոր՝ երբեք Բադեյանն ակտիվությամբ աչքի չի ընկել: Աժ-ում մշտապես պահպանել է իշխանական տեսակետները՝ երբեմն հարվածներն ինքն իր վրա վերցնելով:

Բայց վերջին անգամ նրա պատգամավոր ընտրվելը ուղղակի զավեշտի ժանրից էր: Ինչո՞ւ, բացատրենք: 2012թ. մայիսի 6-ին Մանվել Բադեյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից, որը ներառում է իր ծննդավայրը՝ Գավառ քաղաքը: Սակայն Բադեյանը ո՛չ նախկինում, ո՛չ ընտրվելուց հետո երբեւէ Գավառում չի եղել, գրասենյակ չի ունեցել, ընտրողների հետ չի շփվել: Այլ պարզապես մանդատ է ստացել: Ավելին՝ դեռ 2012-ին խոսվում էր, որ Մանվել Բադեյանը բնակարան է վարձել Գավառում, որտեղ նախընտրական շրջանում ապրեց մոտ 10 օր, ապա ՀՀԿ-ի օգնությամբ ձեռք բերելով պատգամավորի մանդատը՝ հեռացավ, ինչպես Խաչատուր Աբովյանը:

Ի դեպ, նա Գավառից պատգամավոր ընտրվելու անհրաժեշտության առաջ կանգնեց, քանի որ ՀՀԿ-ն թեկնածու չուներ այդ քաղաքում. Տիգրան Արզաքանցյանը պարտքերի տակ կքած ՌԴ-ում է ապրում, Հրանուշ Հակոբյանն էլ վաղուց նախարար է: Երիտասարդ կադրերն էլ չեն գոհացնում ՀՀԿ-ի պայմանները: Ինչեւէ, հիմա Մանվել Բադեյանը նշանակվեց Քուվեյթում ՀՀ դեսպան եւ մեկնելու է Հայաստանից դեպի արաբական հարուստ եւ տաք երկիր: «Եվրոստան ույուտ» ընկերության հիմնադիր Մանվել Բադեյանը հուսանք գոնե ֆինանսական ներդրումների միջոցով երկու երկրների հարաբերությունները ինչ-որ դրական մակարդակի կհանգեցնի:

Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենսգրքի՝ պատգամավոր Մանվել Բադեյանի մանդատը թափուր կմնա մինչեւ նոր՝ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, քանի որ այլեւս մեծամասնական ընտրակագրով պատգամավորներ չեն ընտրվելու մեր երկրում: Սա ՀՀ նոր Սահմանադրության պահանջն է, որը նշանակում է, որ Գավառի եւ հարակից տարածքների բնակիչները, որոնք պատգամավոր են ընտրել Բադեյանին (կամ չեն ընտրել, բայց «ընտրվել է»), չեն կարողանա նրան դիմել որեւէ հարցով: Ավելին՝ այս պահին նրանք զրկված են պատգամավոր ունենալու իրենց իրավունքից: Ասել է, թե սահմանադրական կազուս է առաջացել:

Իսկ մեծ հաշվով, պետք է արձանագրենք, որ մեր երկրում առկա պաշտոնական կարգավիճակները՝ կլինի դեսպան, թե անգամ ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, այնքան են արժեզրկվել, որ եղածն ու չեղածը որեւէ բան չեն փոխում իրականության մեջ:

Հենց նույն Մանվել Բադեյանի օրինակը ասվածի վառ ապացույցն է. նա պատգամավոր էր, գավառցիներն ապրում էին նույն դժվարություններով ու հոգսերով, նա պատգամավոր չէ, գավառցիների կյանքում ոչինչ չի փոխվել: Հուսանք՝ գոնե դեսպանի դեպքում այդպես չի լինի, եւ հայաստանցիների կյանքում ինչ-որ բան կփոխի Բադեյանի գործունեությունը:

Թամարա Միքայելյան




Լրահոս