Քանի դեռ մեր մեջ չկա համագործակցություն, մենք կունենանք անլուծելի խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ձկնարտադրողներին մատակարարվող ջրի բնավճարի թանկացմանը` նման հայտարարություն արեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: Նա մասնավորապես նշեց, որ դեռևս 2013 թվականին ջրի բնավճարի թանկացում տեղի ունեցել է՝ օգտագործվող ջրի 95 տոկոս արտոնությունից հանվելով 50 տոկոս արտոնություն: «Ջրային օրենսդրությամբ նախատեսված էր, որ տնտեսվարող սուբյեկտը օգտագործվող ջրի միայն 5 տոկոսն էր վճարում, իսկ երբ 95 տոկոս արտոնությունից հանվեց 50 տոկոսը, տեղի ունեցավ 10 անգամ ջրի բնավճարի թանկացում: Այժմ նախատեսված է մնացած 45 տոկոս արտոնությունն էլ հանել, ինչն անսպասելի հետևանքներ կարող է ունենալ»:
Աթոյանի խոսքով, այս և այլ մի շարք խնդիրներ կարող են լուծվել միայն համապատասխան կառույցների հետ համագործակցության դեպքում. «Բոլոր զարգացած երկրներում, այդ թվում` Եվրոպայում, մենք տեսնում ենք համագործակցություն համապատասխան կառույցների հետ, ինչը տնտեսության զարգացման առաջին մեխանիզմն է: Եվ քանի դեռ մեր մեջ չկա համագործակցություն, մենք կունենանք անլուծելի խնդիրներ»:
Անդրադառնալով ձկնամթերքի արտահանման ծավալներին` բանախոսը արձանագրեց, որ արտահանման ծավալները խիստ նվազել են, քանի որ մենք ունենալով մի շարք ներքին խնդիրներ` շուկայում դարձել ենք ոչ մրցակից: «Թեև մեր շուկայում ձուկը բարձր որակական հատկանիշներ ունի, և 85 տոկոսը բնական ճանապարհով ստացված ձկնամթերքն է, դա սպառողներից քչերն են գիտակցում»,- իր խոսքում նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահը՝ հավելելով, որ այս խնդիրը կարող է համեմատաբար լուծվել միայն այն դեպքում, երբ ձկնամթերքը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացվի, այսպես ասած, կգովազդվի սպառողին: