ՌԴ-ն միտումնավո՞ր է խոչընդոտում հայաստանյան արտադրողների գործունեությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեև ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, թե ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի տեղական արտադրողները արտահանման հարցում խնդիրներ չունենան, սակայն խնդիրները գնալով ոչ թե պակասում, այլ ավելանում են: Հատկապես ձկնամթերքի, խեցգետնի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների դեպքում դա առավել տեսանելի է:

ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գործող «Ռապս» ընկերությունը զբաղվում է ինչպես ձկնամթերքի, այնպես էլ խեցգետնի արտադրությամբ եւ արտահանմամբ: Սակայն ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ կանգնած է խնդիրների առաջ եւ չի կարողանում արտադրանքն արտահանել դեպի Ռուսաստանի Դաշնություն: Բանն այն է, որ ՌԴ-ի սննդամթերքի անվտանգության հարցերով զբաղվող կառույցը վերը նշված ընկերության արտադրանքի մեջ հայտնաբերել է մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ:

Հիշեցնենք, որ մոտ օրերս ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ձկնամթերքի արտահանմամբ զբաղվող տնտեսվարողները խնդիրներ ունեն եւ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը, քանի որ ռուսական կողմը «արհեստական խոչընդոտներ» է ստեղծում նրանց համար:

Նրա խոսքով՝ տեղական արտադրանքը հայաստանյան լաբորատորիաներում փորձաքննություն է անցնում, եւ ոչ մի խախտում չի արձանագրվում, սակայն երբ այն հասնում է ՌԴ, չգիտես՝ ինչպես խախտումներն ի հայտ են գալիս:

Մեր այս հրապարակումից հետո ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մի հայտարարություն տարածեց, որտեղ նշված է, որ ձուկ-ձկնամթերքի արտահանման գործընթացը շարունակվում է, եւ այս պահի դրությամբ արտահանման հայտ են ներկայացրել նաեւ նոր տնտեսվարողներ, որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, լրացուցիչ խոչընդոտներ չկան, եւ հայկական ձուկ-ձկնամթերքը շարունակում է իրացվել ռուսական շուկայում:

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է նաեւ, որ այս պահին Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ձուկ-ձկնամթերք արտահանելու իրավունք ունի թվով 26 տնտեսվարող, սակայն հայտնաբերված խախտումների պատճառով նրանցից 6-ին ժամանակավոր արգելվել է իրականացանել արտահանումը: Այդուհանդերձ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրականացվում են աշխատանքներ նշյալ տնտեսություններում խախտումների վերացման ուղղությամբ, եւ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո տնտեսվարողները կրկին կստանան արտահանում իրականացնելու հնարավորություն: Իսկ թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում ՍԱՊԾ-ն, դեռեւս տեսանելի չէ:

«Ժողովուրդ»-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս պահին հայկական չորս ընկերության արտադրանքի նկատմամբ ուժեղացված հսկողություն է սահմանված: Այդ ընկերություններն են «Ռապս»-ը, «Արտ-Բախ-Յունիոն»-ը, «Ֆիշարտ»-ը, Ավագ Ղազարյան Ա/Ձ-ն: Նույն պաշտոնական կայքէջում նշված է, որ 6 ընկերության արտադրանքի արտահանումը ժամանակավորապես դադարեցված է: Իսկ, ահա, 16 ընկերության թույլատրվել է արտահանել, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են այսօր արտահանում:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ռապս» ընկերության արտադրանքի նկատմամբ ուժեղացված հսկողություն է սահմանվել այս տարվա փետրվարի 25-ից, «Ֆիշարտ»-ի արտադրանքի նկատմամբ՝ փետրվարի 9-ից եւ 13-ից, իսկ «Արտ-Բախ-Յունիոն»-ի՝ դեկտեմբերի 18-ից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ռապս» ընկերությունը պատկանում է Արարատի մարզի Հովտաշատ համայքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանին: «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալով պարգեւատրված նախկին ԲՀԿ-ական գյուղապետը կարճ ժամանակահատվածում հասցրել է հիմնադրել նաեւ «Էկոֆիշ թրեյդ» ընկերությունը, որն, ի դեպ, համարվում է Հայաստանի խոշոր ձկնաբուծարաններից մեկը եւ «Ռազմիկ-92» արտադրական կոոպերատիվը, որը զբաղվում է մսի եւ մսամթերքի արտադրությամբ:

Հովիկ Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե այս պահին ընկերությունն ինչ է ձեռնարկում արտահանման ժամանակ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ. «Դա բոլոր արտահանողների հետ էլ պատահում է, ինչ-որ խնդիրներ են հայտնաբերել: Ռուսը տասն անգամ հսկողություն է արել ու թերություն է նկատել: Ոչինչ, կլուծվի այդ խնդիրը»,- հույս հայտնեց Թադեւոսյանը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ իր համար եւս զարմանալի է այն հանգամանքը, որ այստեղ՝ հայաստանյան լաբորատորիաներում անցկացված փորձաքննությունների արդյունքում իր արտադրանքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն երբ այն հասել է ՌԴ, ի հայտ են բերվել մի շարք խախտումներ:

Ի դեպ, ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ մոտ օրերս հանդիպել է ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հետ, ով խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի խնդիրներ չառաջանան, նաեւ հայտնել է, որ «Ռոսսելխոզնադզորի հետ բանակցություններ են վարում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ:

Առայժմ, սակայն, ստիպված ենք արձանագրել, որ ՍԱՊԾ-ն ոչնչով չի կարողանում աջակցել գործարարներին: Իհարկե, բացառված չէ, որ այս հարցում ռուսական կողմը միտումնավոր է խնդիրներ հարուցում: Սակայն եթե անգամ իրոք այդպես է, ապա ՍԱՊԾ-ն պետք է կարողանա ապացուցել, որ ռուսական կողմը չեղած տեղից խնդիրներ է ստեղծում: Թեեւ քիչ հավանական է, որ ՍԱՊԾ-ն նման հետեւողականություն դրսեւորի, որովհետեւ այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի ՀՀ ղեկավարության վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս