ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ԱԺ նախագահը կարեւորել է հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները` նշելով, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Գալուստ Սահակյանը փաստել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները կարեւոր եւ խթանիչ դեր են ունենում միջպետական հարաբերությունների եւ բազմակողմանի համագործակցության առաջընթացի համար: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` ՉԺՀ կատարած պետական այցը, որը նոր ազդակ է հաղորդել մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա: Խորհրդարանի ղեկավարի խոսքով` մեր խորհրդարաններում ստեղծված բարեկամական խմբերի գործունեությունը կարեւոր խթան է միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման համար:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ՉԺՀ դրական ներդրումը աշխարհում խաղաղաղության եւ կայունության ապահովման եւ անվտանգ միջազգային մթնոլորտի ստեղծման գործում: Նա նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից Հայաստանը հետեւողականորեն սկզբունքային դիրքորոշում է հայտնում եւ աջակցում է Չինաստանի համար բոլոր կարեւոր հարցերում, այդ թվում «Միասնական Չինաստանի» սկզբունքին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահն ասել է, որ այն շարունակում է Հայաստանի համար կենսական կարեւորություն ունենալ: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել չինական կողմին՝ ղարաբաղյան հարցում հավասարակշիռ դիրքորոշման եւ հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանն աջակցելու համար:
Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած 600 ավելի ներկայացուցիչ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ եւ նշել է, որ մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին իրենց մասնակցությունն ունենալ այս պլատֆորմի ձեւավորմանը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանականները կարող են կարեւոր դեր ունենալ ցեղասպանությունների կանխարգելման գործում:
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եւս կարեւորել է երկու երկրների խորհրդարանների ակտիվ շփումները: Ճեն Չանջը պատրաստակամություն է հայտնել աջակցելու միջպետական համագործակցության առավել զարգացմանը եւ տարբեր ծրագրերի իրականացմանը: Նա կարեւորել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառության զարգացումը, մշակութային եւ կրթական ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Ճեն Չանջը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:
Ճեն Չանջը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին պաշտոնական այցով հրավիրել է Չինաստան:
Հանդիպման ավարտին Ճեն Չանջը գրառում է կատարել Ազգային ժողովի Պատվավոր հյուրերի գրքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: