ՏՈՆՈՒՍ ԱՇՈՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլին «Ժոդովուրդ»-ը գրել էր, որ խմբագրություն դիմած քաղաքացիները պատմել են, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ իրենցից գումար է վերցրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն բնակարան չի հատկացրել, ավելին, շենքի փոխարեն հսկայական փոս է փորված: Պարզել էինք, որ, իսկապես, Դավիթ Անհաղթի 16 շենքի հարեւանությամբ «Տոնուս» ընկերությունը մեծ փոս է փորել, սակայն խոստացված շենքն այդպես էլ չի կառուցել: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աշոտ Տոնոյանի հետ՝ պարզելու համար, թե, ի վերջո, ինչպես է լուծվել այդ հարցը:
-Պարո՛ն Տոնոյան, Քանաքեռ-Զեյթունի բնակիչները Ձեզ մեծ գումարներ էին վճարել՝ որպես կանխավճար` բնակարան ձեռք բերելու համար, սակայն Ձեզ պատկանող «Տոնուս» ընկերությունը ո՛չ գումարներն էր վերադարձնում, ո՛չ էլ բնակարաններն էր հատկացնում: Ինչո՞ւ եք խաբում ՀՀ քաղաքացիներին, ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը:
-Այդ հարցն արդեն լուծվել է, մեր ընկերությունը քաղաքացիներին հետ է վերադարձրել գումարները:
-Այսինքն՝ Ձեր ընկերությունը չի՞ կարողացել կառուցել խոստացված շենքը ու հե՞տ է վերադարձրել գումարները:
-Քանի որ վաճառքը լրիվ զրոյական վիճակում է, դրա համար էլ կառուցելու իմաստ չկա: Ովքեր որ մեզ կանխավճարներ են տվել, մենք վերադարձրել ենք իրենց գումարները:
-Իսկ մինչեւ կառուցումը Դուք չէի՞ք ուսումնասիրել դաշտը, հնարավոր վաճառքի ծավալների մասին պատկերացում չունեի՞ք: Հիմա, ըստ էության, մարդկանց գումարները տարիներով պահել եք Ձեզ մոտ, շրջանառության մեջ դրել, խաբել նրանց, բա ո՞վ է փոխհատուցելու:
-Վաճառք չկա հիմա, ես ի՞նչ կարող եմ ասել, իմաստ չկար այդ շենքը կառուցել, երբ որ ընդամենը մի քանի հոգի էր գնողը: Իսկ կանխավճարները տվողները մի քանի հոգի էին, շենքն ընդհանուր հո չէ՞ր վաճառվել: Մենք ի՞նչ կարող ենք անել, ոչինչ, մենք մեղավոր չենք, որ բնակարանների համար մի քանի հոգու հետ էինք պայմանավորվել:
-Նշված տարածքը, որտեղ ահռելի փոս է փորված, ի՞նչ ճակատագիր է ունենալու, այն «Տոնուս» ընկերությա՞նն է պատկանում, թե՞ վաճառել եք:
-Չէ՛, այդ տարածքը չենք վաճառել, ի՞նչ կապ ունի այդ տարածքը, դա մեզ է պատկանում: Հա ի՞նչ անենք, որ փոս էր փորված, կարող է մեկին այդ տարածքը հարմար լինի, գա ու մեզանից գնի, բայց այժմ դա մեր ընկերությանն է պատկանում:
-Իսկ այժմ Դուք ի՞նչ գործունեությամբ եք զբաղված: Այս գումարման ԱԺ-ում այդպես էլ չընտրվեցիք պատգամավոր:
-Լավ արդեն, էս ի՞նչ ա, ես ի՞նչ կապ ունեմ:
-Ինչի՞ հետ ինչ կապ ունեք, հարց եմ ուղղում, թե ինչ գործունեություն եք ծավալում:
-Բայց ես հիմա ի՞նչ կապ ունեմ մամուլի հետ, որ ինձ հարցեր եք տալիս:
-Որպես նախկին պատգամավորի՝ հարց եմ ուղղում, այժմ ի՞նչ եք անում:
-Ինչը Ձեզ հետաքրքրում էր, ես արդեն ասացի, ինչի՞ համար եք Ձեր մյուս հարցերն ուղղում: Ես Ձեզ չեմ էլ ճանաչում, որ պատասխանեմ, որպես լրագրո՞ղ եք հարցնում: Բայց ես ի՞նչ կապ ունեմ լրատվական դաշտի հետ, որ Ձեր հարցերին պատասխանեմ: Արդեն սաղ ասացի, եղա՞վ: (Անջատեց հեռախոսը-Ս. Գ.):
Հ.Գ. Հուսանք, որ «Տոնուս» ընկերությունից տուժած այն քաղաքացիները, որոնք դեռ չեն ստացել տարիներ առաջ տված կանխավճարը, կդիմեն մեր խմբագրություն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս