ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎԻԿԸ ԲԱՔՎՈՒՄ
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է Բաքու` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 40-րդ նիստին, որը նախատեսված է նոյեմբերի 27-28-ը։

ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ՀԱՇՎԻՆ
Երեկ ԱԺ  խմբակցությունների աշխատանքը մերթ ընդ մերթ խանգարվել է «դռելի» ձայնի պատճառով: Ըստ որում, գայլիկոնը (դռել), չգիտես ինչու, միացել է այն ժամանակ, երբ լրագրողները ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանին փորձել են  ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ կապված ինչ-որ հարց տալ: Այդ կապակցությամբ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը  Tert.am-ին պարզաբանել է, որ տանիքում շինարարները փորձարկել են ԱԺ նոր ջեռուցման համակարգը:

ԵԹԵ, ԱՊԱ, ԻՀԱՐԿԵ
«Առավոտ»-ի հարցին՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցը վերջնական որոշե՞լ եք, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը պատասխանել է. «Ես միշտ ամեն ինչում հույս եմ տեսել, հույս եմ դրել: Ես այսօր էլ ասում եմ, որ ջրերը պղտոր են, բայց այդ ջրերը միշտ պղտոր չեն մնալու, դրանք զուլալվելու են: Հիմա՝ այս պահին, ես այդ չեմ տեսնում: Ես չեմ մտնի գործընթացի մեջ, որտեղ կպարտվեմ: Այդ պարտությունը ո՛չ ինձ, ո՛չ այս ժողովրդին ոչինչ չի տա: Եթե ես մտնեմ քաղաքական գործընթացի, պայքարի մեջ իմ անձով, ուրեմն պարտավոր եմ հաղթել ու պիտի հաղթեմ: Եթե ես դա տեսնեմ, իհարկե կմտնեմ, այնպես չէ, որ ես ամբիցիաներ չունեցող մարդ եմ»:

ԹՈԽՄԱԽԻ ՖԵՈԴԱԼԸ
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանն «Ա1+»-ին ասել էր, որ մեծամասնական ընտրատարածքների դեմ խոսում են հեղինակություն չունեցող մարդիկ: Այդ կապակցությամբ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն «Առավոտ»-ին ասել է. «Նման թաղային հեղինակությունները կարող են համարձակորեն պաշտպանել մեծամասնական ընտրակարգը, որովհետեւ իրենք չեն կարող հայտնվել քաղաքական ուժի համամասնական ցուցակում՝ իրենց թաղային հեղինակություն լինելով հանդերձ: Մենք գիտենք, թե Էրեբունի համայնքում ինչպիսի ընտրություններ տեղի ունեցան՝ ճնշումներով, լցոնումներով ընտրվում են որպես մեծամասնական թեկնածուներ: Դրա համար նրանք պաշտպանում են, կոնկրետ նա»:

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՀԱԿ խմբակցության նախաձեռնությամբ 2012թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրելու համար ՀԱԿ-ին հաջողվել է  հավաքել 48 պատգամավորի ստորագրություն պահանջվող նվազագույն 44-ի փոխարեն։

ՎԱՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Երեկ հրապարակվել է «Forbes»-ի՝ «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» վարկանիշային ցանկը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը։ «Forbes»-ը նաեւ  պարզաբանել է, թե ինչի արդյունքում է մեր երկիրը հայտնվել պարտքային բեռան տակ. «Կառավարությունը վերջին տարիներին որոշ բարելավումներ կատարեց հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտներում, սակայն հակակոռուպցիոն միջոցառումներն անարդյունավետ էին, եւ տնտեսական անկումը հանգեցրեց հարկային մուտքերի շեշտակի կրճատման։ Ինչն էլ կառավարությանը ստիպեց մեծածավալ վարկային փաթեթ ներգրավել Ռուսաստանից, ԱՄՀ-ից եւ միջազգային այլ կառույցներից»:




Լրահոս