Դեռեւս ապրիլի սկզբին Սյունիքի մարզպետարանում նույն մարզի համայնքներին բաժանվեցին սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգի գրքույկները: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Սյունիքի մարզի 8 ընտանիք ունեցող Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանի հետ եւ հետաքրքրվեց, թե գյուղացիներն ի՞նչ են մտածում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին:
-Պարո՛ն Օհանյան, արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
-Այո՛, հասցրել եմ մի փոքր ծանոթանալ: Կամաց-կամաց ծանոթանում եմ:
-Ի՞նչ առարկություններ ունեք:
-Իսկ իմ որոշումն ինչ-որ բանի վրա կազդի՞: Ո՞վ է իմ խոսքին հետեւելու:
-Համաձա՞յն եք խորհրդարանական մոդելին անցնելուն:
-Մենք առայժմ սովոր ենք նախագահական կառավարմանը, եւ իմ մեջ մի քիչ վախ կա: Քանի որ մենք փոքր ազգ ենք եւ երկրի համար լուրջ պահերին պետք է արագ կողմնորոշվենք: Իսկ խորհրդարանը կարեւոր դեպքերում մինչեւ իրար գլխի հավաքվի, իրար լսի, կողմնորոշվի, արդեն ուշ կլինի: Ես այսպես եմ մտածում: Համաձայն չեմ խորհրդարանական կամ կիսանախագահական մոդելին անցնելուն: Գուցե՞ հետագայում լավ լինի, բայց ներկա պահին, երբ երկիրը գտնվում է ծանր պայմաններում, չեմ պատկերացնում նման փոփոխությունները ինչի կարող են բերել:
-Պարո՛ն Օհանյան, կոնկրետ ո՞ր կետին եք համաձայն, որին ոչ:
-Ճիշտն ասած՝ այդպես պարզ չեմ հիշում, բայց եթե նորից վերընթերցեմ, կասեմ, որովհետեւ կային կետեր, որոնց ես ընդհանրապես համաձայն չեմ:
-Իսկ Թանահատի բնակիչներն ի՞նչ են մտածում այս մասին: Քննարկե՞լ եք նրանց հետ այս հարցը:
-Է՜, աղջիկ ջան, բնակիչները տարված են իրենց հոգսերով, իրենց ոչինչ չի հետաքրքրում: Իրենց համար ինչ տարբերություն՝ կիսանախագահակա՞ն թե՞ խորհրդարանական, եթե նույն աղքատության մեջ են ապրում: Ի՞նչ կապ ունի: Իրենց ոչինչ չի հետաքրքրում: Գյուղացու համար քաղաքականությունը կամ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ են, ա՛յ քիրա: Ոչինչ: Ինքը մտածում է միայն, թե ինչպես կարողանա մի բան արտադրի, վաճառի, որպեսզի ընտանիքը գոյատեւի: Թե չէ սահմանադրական բարեփոխումներով ոչ մի հարց չի լուծվելու: Գյուղացոնց վիճակն այնպիսին է, որ նման բաներն իրենց չեն հետաքրքրում:
-Այս հարցի շուրջ բնակիչների հետ հանդիպումներ կազմակերպելո՞ւ եք:
-Նման հարցերի մասին հեռուստատեսությամբ իրենք միշտ լավ բաներ են լսում, թե չէ մնացածը չի հետաքրքրում իրենց: Մենք քաղաքականությունից հեռու մարդ ենք: Առաջիկայում կտեսնենք, հավանաբար կկազմակերպվի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ