«Ժողովուրդ»-ը շարունակում է ընդառաջ գնալով ընթերցողների խնդրանքներին` «պեղել» նախկինում հայտնի, այսօր, սակայն մոռացված աստղերին, որոնք ինչ-ինչ պատճառներով լքել են ասպարեզը:
Այսպիսով` հերթական աստղը, որին պեղել ենք, նախկին «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիր անդամ Վահագն Գրիգորյանն է: Նա այժմ էկրաններին բացարձակ չի երեւում, սակայն, իր խոսքով, դա չի նշանակում, թե հեռացել է ոլորտից. «Էկրանին չեմ երեւում, բայց բեմում երեւում եմ, պարզապես այս պահին հեռուստատեսության համար հարմար նախագիծ չունենք:
Հիմա «Թատրոն 32»-ում աշխատում եմ ներկայացումների վրա` բեմի բանվորից մինչեւ բեմադրող ռեժիսոր: Ափսոս, ժամանակ չեմ ունենում մեր թատրոնի դիմացի ավտոկանգառով էլ զբաղվել»,- մեզ հետ զրույցում կատակեց Վահագնը` հավելելով, որ թատրոնում վերջերս երկու նոր պրեմիերա է եղել:
Մեր այն հարցին, թե հետեւո՞ւմ է արդյոք Վահագնը այսօրվա հումորային հաղորդումներին եւ ինչ է կարծում` ինչ է պետք նոր, որակյալ հումորով հանդես գալու համար, վերջինս պատասխանեց. «Նոր գաղափարը ֆինանս է պահանջում, բացի այդ` սերնդափոխության կարիք կա. տարիներն անցնում են, սակայն նոր դեմքեր հումորային ասպարեզում չեն երեւում: Իսկ հումորը չեմ կարծում, թե մեր եթերներից պակասել է. դիտեք ԱԺ-ի ցանկացած նիստ եւ կհամոզվեք դրանում»,-կես կատակ, կես լուրջ ասաց Վահագնը:
Նա չբացառեց, որ իրեն էլի երբեւէ կտեսնենք էկրաններին. «Պարզապես ես իմ առջեւ էկրաններին երեւալու խնդիր չեմ դրել, կարեւորը որակյալ աշխատանք անեմ: Եթե լինի լավ առիթ, համապատասխան հարթակ, կվերադառնամ»,- անկեղծացավ Վահագնը` հավելելով, որ այդ հարցում ֆինանսի գործոնն իր համար առաջնային չէ:
Հաջորդ հեռուստատեսային դեմքը, որի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, դերասանուհի Աննա Դավթյանն է, ով հայտնի դարձավ «Դիմակահանդես», «Եղբայրներ» հեռուստասերիալներից: Նրա` ասպարեզից կտրուկ անհետանալն անմիջականորեն կապ ուներ ամուսնանալու հետ: Աննան տեւական ժամանակ է` ամուսնու հետ ապրում է Մոսկվայում եւ արդեն երեխա ունի: Մենք հետաքրքրվեցինք` նա ցանկություն ունի՞ վերադառնալ ասպարեզ եւ չի կարոտո՞ւմ արդյոք իր աշխատանքը: Աննայի խոսքով` թեեւ իր ամուսինը շատ ադեկվատ է վերաբերվում իր մասնագիտությանը, ամեն դեպքում` իր համար ամուր ընտանիք կազմելը կյանքում ամենակարեւորն է: Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ կարոտում է իր աշխատանքը, մասնավորապես` թատրոնի բեմը (Աննան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի նախկին դերասանուհի է): «Շատ եմ կարոտում թատրոնում ապրած էմոցիաները, հանդիսատեսի հետ անմիջական շփումը, որը ոչ մի բանի հետ չես համեմատի»,- ասաց նա` հավելելով, որ ժամանակի սղության պատճառով դեռեւս չի կարող վերադառնալ թատրոն, սակայն նման ցանկություն ունի:
Աննան նաեւ տեղեկացրեց, որ այժմ էլ կարիերայի հետ կապված շատ հետաքրքիր առաջարկներ ունի. «Փակագծերը բացել դեռեւս չեմ կարող, միայն կասեմ, որ խոսքը սերիալի մասին չէ»,-եզրափակեց դերասանուհին:
Ժամանակին հայտնի եւ ակտիվ մյուս դեմքը, որին անդրադարձել ենք, պրոդյուսեր, սցենարիստ, հաղորդավար Սարգիս Մնոյանն է, որին հեռուստադիտողները կարող են հիշել, օրինակ, «Բարի ախորժակ» հաղորդաշարից: Մեր այն հարցին, թե ինչու վերջին շրջանում հանդես չի գալիս որպես հաղորդավար, Սարգիսը պատասխանեց, որ այդ մասին հատուկ չի էլ մտածում, քանի որ հաղորդավարությանը երբեւէ չի վերաբերվել որպես հիմնական գործի` միաժամանակ հավելելով, որ հնարավոր է` էլի հայտնվի էկրանին: «Պարզապես հեռուստատեսությունում աշխատելու առաջարկը պետք է լինի հետաքրքիր, շատ ժամանակ չխլի, համապատասխանի իմ գաղափարներին: Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ հենց այս պայմաններից մեկի կամ մի քանիսի բացակայության պատճառով»,-ընդգծեց նա:
Սարգիս Մնոյանին ոմանք հիշում են նաեւ որպես երգիչ, շատերին տպավորել է հատկապես որդու հետ համատեղ նրա տեսահոլովակը: Մենք հարցրինք` հնարավո՞ր է արդյոք, որ Սարգիսն էլի երգի, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես ունեմ ձայնագրած եւ չձայնագրած երգեր, բայց դրանց գործը չի հասնում: Նույնիսկ ռադիոեթեր չտվեցի պատրաստի երգը, էլ ուր մնաց` տեսահոլովակ թողարկելու մասին մտածեմ»,- եզրափակեց Սարգիսը` շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր դեռ հիշում են իրեն:
Աննա Բաբաջանյան