Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված լսումների ժամանակ ՀԾԿՀ նախագաh Ռ.Նազարյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը երկու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, նաև ՀՀԿ-ում ու ԲՀԿ-ում կազմակերպված քննարկումների ժամանակ իր ելույթում փորձել է ամբողջ մեղքը կապել արտադրող կայանների կողմից չարտադրված էլեկտրաէներիգիայի կամ օբյեկտիվ պատճառներով գոյացած 37 մլրդ դրամ վնասի հետ: Նա որևէ կերպ չի անդրադարձել նրան, որ ընկերությունում կան թերացումներ:
Նազարյանը ներկայացրել մի քանի հանգամանք: ՀԷՑ-ը 2007-2015 թթ. կատարել է 102 մլրդ դրամի ներդրումներ՝ հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիա մատակարարելու, ծառայությունների որակը լավացնելու, վթարային անջատումների հետ կապված ժամկետները կրճատելու համար և այլն, սակայն այդ ներդրումներից մոտ 22 մլրդ դրամը չի ընդունվել ՀԾԿՀ կողմից, որովհետև դրա առյուծի բաժինը ներդրումներ կատարելիս ավելի բարձր գներով են հաշվարկել, նաև ակնկալվող արդյունքները չեն արձանագրվել: Կորուստների վերաբերյալ Ռ.Նազարյանը նշեց, որ նախարարի հետ իրենց մոտեցումների տարբերություն կա, բայց միջինում մինչև հիմա 1.5%-ից ավելի բարձր են կորուստները, քան սակագնում ներառվածը: Աշխատավարձի գծով, ըստ նրա, 2007-2015թթ-ին ՀԷՑ-ի ծախսը 6 մլրդ դրամով գերազանցել է, քան նախատեսված է եղել սակագներով:
ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ ՀԷՑ-ն ունի շուրջ 109 մլրդ դրամի ֆինանսական պարտավորություններ, բայց օբյեկտիվ պատճառներով՝ սակավաջրության, ԱԷԿ-ի երկարաժամկետ կանգնելու և այլն, ՀԷՑ-ը միայն 37 մլրդ դրամի վնաս է կրել. «Կլիներ միայն 37 մլրդը, այլ խնդիր չէինք ունենա: Բայց սրա մասին չեն խոսում: Սա աննորմալ երևույթ է: Հատուկ հաշիվների կարգն են խախտել՝ խախտելով մեր իրավական ակտերը: Սկսեցին բարձր տոկոսներով կարճաժամկետ վարկեր վերցնել»:
Ռ. Նազարյանը հայտնեց, որ ընկերության վիճակի համար Բիբինը մեղադրել է ՀԾԿՀ-ին:
Ռ.Նազարյանի խոսով՝ 3 տարվա փոխհատուցումն էլ չի օգնել ՀԷՑ-ին, որովհետև շարունակվեցին վատ մենեջմենթը, եղանակային վատ պայմանները:
«Ռեգնումի հարցազրույցը հունից ինձ հանեց, որովհետև որևէ ձևով չի տեսնում ընկերության կողմից թույլ տված բացթողումներն ու թերությունները»,- կրկին իր վրդովմունքը հայտնեց Ռ. Նազարյանը: