«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին իշխող Հանրապետական կուսակցությունում շատ ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության քննարկումների ժամանակ շատ կոշտ են արտահայտվում ինչպես ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի, այնպես էլ նրա ներկայացրած հիմնավրումների վերաբերյալ: ՀՀԿ-ականներից շատերը հայտարարել են, որ սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ իրենք չեն կարող պաշտպանել ՀԷՑ-ի ներկայացրած փաստաթուղթը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հետ, որը եւս դժգոհողների թվում է: Ավելին՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության հետ Բիբինի հանդիպման ընթացքում նա բավականին սուր հարցեր է հնչեցրել:
-Պարո՛ն Բադեյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք հունիսի 12-ի Աժ լսումներից, կարծում եք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կլսի՞ Ձեր հորդորները:
-Մենք, իհարկե, ուզում էինք, որ թանկացում առհասարակ տեղի չունենա, ու դրա համար մանրամասնորեն, հոդված առ հոդված դիտարկում էինք ներկայացված ծախսերը՝ համենայնդեպս հարց-պատասխանի մակարդակով: Հետագայում ավելի պրոֆեսիոնալ մակարդակով դրանով զբաղվեց այն հանձնաժողովը, որը կոչված է հենց դրանով զբաղվելու՝ նկատի ունեմ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը: Ես տեղեկացա, որ այդ հանձնաժողովը տեղին չի համարել Բիբինի ներկայացրած ծախսերի ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ, կան ծախսեր, որոնց մասին ես տեղյակ եմ՝ կապված ատոմակայանի 88 օր եւ ավել պարապուրդի մատնվելու, սակավաջրության հետ… այդ գործոնները կարող են ազդել տնտեսական վիճակի վրա: Երբ որ խորհրդարանական լսումներ լինեն, այդ ժամանակ էլ մանրամասն ամեն ինչը կլուսաբանվի: Բացի այդ՝ մեր ԱԺ հանձնաժողովներն անմիջապես աշխատելու են այդ ներկայացված թվերի վրա, ու պետք է հասկանանք, թե որքան է իրականում անհրաժեշտ թանկացնել կամ առհասարակ չթանկացնել:
-Իսկ Դուք անձամբ ուսումնասիրե՞լ եք այն հիմնավորումները, որոնք ներկայացրել է ՀԷՑ-ը:
-Բիբինի հետ հանդիպման ժամանակ մենք այդ հարցը բարձրացրել ենք, բայց նա որեւէ պատշաճ պատասխան չտվեց հնչող հարցերի մեծամասնությանը, ուստի նրա ներկայացրած ծախսերը եւ դրանից բխող թանկացումներն անհիմն ենք համարում: Բայց կրկնում եմ՝ դրանց մեջ կան ծախսեր, որոնք, իհարկե, պետք է հատուցվեն:
-Այսինքն՝ Դուք եւս այն տեսակետի՞ն եք, որ թանկացում պետք է լինի, բայց ոչ 17 դրամո՞վ:
-Մինչեւ թվերը չուսումնասիրվեն, մինչեւ պատշաճ վերլուծություն չարվի, որեւէ հստակ բան այժմ անհնար է ասել: Լսումների ժամանակ բոլոր թվերի պարզաբանումները կտրվեն, իսկ հանձնաժողովներն էլ առանձին-առանձին կաշխատեն, ու այդ ժամանակ նոր կարելի է խոսել կոնկրետ թվի մասի: Որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, իհարկե, ես կուզեի, որ չթանկանար, բայց տնտեսությունն իր օրենքներով է զարգանում, ու դրա համար պետք է տեսնել, թե որքանով է հիմնավորված թանկացման մյուս հատվածը:
-Իսկ ըստ Ձեզ` ինչո՞ւ է Ե. Բիբինը իրեն թույլ տալիս չհիմնավորված փաստաթուղթ ներկայացնել ՀՀ իշխանություններին, սա ինչի՞ արդյունք է, ի վերջո, ինչո՞ւ է ռուս պաշտոնյան փորձում իրենց ծախսերը մեր ժողովրդի «վզին փաթաթել»:
-Ինձ թվում է, որ Բիբինն անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Դա հերիք է, որ նա փորձել է մոլորության մեջ գցել հանձնաժողովին ու դրա համար նա, որպես պերսոնա, պետք է պատժվի:
-Ո՞վ պետք է պատժի նրան, արդյո՞ք ՀՀ իշխանությունները կհամարձակվեն նման քայլի դիմել:
-Այստեղ հարցեր կան, պատժիչ մարմինները հայտնի են ՀՀ-ում՝ դատախազությունն է, իրավապահ մարմիններն են, իմ կարծիքով իրենք պետք է զբաղվեն այդ ամենով:
Հ.Գ. Էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի հետ կապված երեկ հաղորդագրություն է տարածել նաեւ հանրային խորհուրդը: Դրանում, մասնավորապես, ասված է. «ՀԷՑ-ի կողմից ներկայացված սակագնի փոփոխման պահանջի հիմնավորումը համոզիչ չէ, ընկերության կողմից կուտակված պարտքը հիմնականում գոյացել է ոչ արդյունավետ գործունեության եւ պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով, հետեւաբար այն պետք է մարվի ոչ թե սակագների բարձրացման ճանապարհով, այլ ՀԷՑ-ի եւ նրա հիմնադիրների («ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ) կողմից»:
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍԵԼ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՃՈՎ
Շաբաթ օրը ՕԵԿ-ի համար դարակազմիկ իրադարձություն էր. թվով 60 հասարակական-քաղաքական կազմակերպությունների (10 կուսակցություն եւ 50 ՀԿ-ներ) նախագահներ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Անի» հյուրանոցում նշում էին «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության մեկնարկը:
Դեռեւս մայիսի 31-ին՝ ՕԵԿ վարչության նիստի ժամանակ, Ա. Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Վերածնունդ»-ը ժողովրդի կողմից սպասված համախմբման լավագույն ձեւն է. «Լայն հասարակական-քաղաքական համախմբում, միայն դա կարող է ժողովրդի հավատը վերականգնել երկրի ապագայի հետ կապված»,-ասել էր ՕԵԿ առաջնորդը: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ, մինչեւ փետրվարյան իրադարձությունները, խոսում էր լայն կոնսուլիդացիայի մասին, նույն բովանդակությամբ հայտարարություններով էր հանդես գալիս ու տարածում էր այնպիսի հաղորդագրություններ ու տեսանյութեր, ինչպիսիք սկսել է տարածել Ա. Բաղդասարյանը: Նկատենք, որ Բաղդասարյանը նման հանդիպումները կազմակերպում է այնպիսի վայրերում, որտեղ մուտքի իրավունք ունի բացառապես նրան պատկանող հեռուստաընկերությունը, ու կարող ենք արձանագրել, որ Հ3-ն արդեն «բռնել» է «Կենտրոն» հեռուստաընկերության ուղին եւ պաշտոնապես սկսել Բաղդասարյանի նախագահական քարոզարշավը:
«Ընդամենը մեկուկես տարի հետո ընտրություններ են, այս ընտրությունները կարեւոր են, իշխանությունները փոխվում են, ու նոր քաղաքական մեկնարկի սկիզբ է լինելու»,- ՕԵԿ վարչության նիստում ասել է Բաղդասարյանը՝ այսպիսով, ըստ էության հայտարարելով, որ մտադրություն ունի առաջադրվել գալիք նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո Բաղդասարյանը, համաձայնելով դառնալ ԱԱԽ քարտուղար, հայտարարեց, որ այլեւս երբեք չի առաջադրի իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնի համար: Բայց կարծես թե Բաղդասարյանը մտքափոխվել է ու ամեն ինչ սկսել ժամանակից շուտ: Նա վերադարձել է իր երբեմնի սիրելի պոպուլիզմի ժանրին` շոշափելով ժողովրդահաճո թեմաներ եւ օգտագործելով ամբոխահաճո ձեւակերպումներ:
Մասնավորապես ՕԵԿ առաջնորդը հիշել է, որ ՀՀ արտաքին պարտքը մոտեցել է 5 մլրդ դոլարին, որ էլէներգիան որերորդ անգամ չհիմնավորված թանկանում է եւ այլն: «ՀՀ-ում պետք է բան փոխվի, ու մենք պետք է լինենք այդ ամենի ջատագովը»,- ասել է Բաղդասարյանը: Մեզ մնում է սպասել, թե ՕԵԿ փոփոխամիտ առաջնորդն ինչ է փոխելու հայ ժողովրդի կյանքում: Մինչեւ հիմա փորձը ցույց է տվել, որ ՀՀ քաղաքացու կյանքում Բաղդասարյանի հայտարարություններից որեւէ բան չի փոխվել, փոխարենը փոխվել է նրա կյանքը. երբեմնի միջին ազդեցության կուսակցության նախագահից նա վերածվել է խոշոր օլիգարխի: Թերեւս ամենահետաքրքիրը կլինի այն, թե Ա. Բաղդասարյանի ընդվզումը ինչ տոնայնություն կունենա, եւ իշխանությունները ե՞րբ հարկ կհամարեն նրան էլ «բամփել»:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերը մտադիր են առաջիկայում բողոքի ակցիաներ կազմակերպել: Բանն այն է, որ «Արցախբանկ»-ը դեռեւս չի իրականացրել Դավիթաշենի եւ Վ. Փափազյանի հասցեում գտնվող շենքերի շինարարությունը վերսկսելու իր խոստումը: «Տոնուս»-ից տուժած բնակարանատերերից «ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ բանկի ղեկավարությունը կրկին հետաձգել է շենքի շինարարության վերսկսումը մինչեւ հունիսի վերջ: Բայց բնակարանատերերն արդեն սկսել են չհավատալ բանկի ղեկավարության խոստումներին եւ մտադիր են առաջիկայում բողոքի ակցիա կազմակերպել: Հիշեցնենք, որ «Տոնուս» շինարարական ընկերությունը Դավիթաշենի թաղամասում եւ Փափազյան փողոցում նորակառույց շենքերի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկ»-ում: Իսկ երբ «Տոնուս»-ը սնանկ է ճանաչվել, բնակարաններն անցել են «Արցախբանկ»-ին, քաղաքացիներն էլ մնացել են ձեռնունայն:
Ո՞ՒՐ ԵՆ ԱՊՊԱ ՎՃԱՐՆԵՐԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում ապահովագրավճարները զգալիորեն նվազել են: Այս տարվա առաջին եռամսյակին դրանք կազմել են 9 մլրդ 402 մլն 300 հազար դրամ, մինչդեռ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 10 մլրդ 342 մլն դրամ: Սակայն ուշագրավն այն է, որ նվազել է ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրավճարները, կամ այլ կերպ ասած՝ ԱՊՊԱ-ների վճարները: Դրանք այս տարվա առաջին եռամսյակին կազմել են 6 մլրդ 194 մլն 100 հազար դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում 7 մլրդ 204 մլն 900 հազար դրամի դիմաց: Այս փաստը տարօրինակ է, քանի որ վերջին մեկ տարում ավտոմեքենաների թիվը մեր երկրում ավելի քան 40 հազարով ավելացել է, սակայն ԱՊՊԱ-ի վճարումները նվազել են:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ
Երեկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում: Ըստ պատգամավորի՝ բյուջեի կատարողականի քննարկումներից հետ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե պատգամավորներն անգրագետ հարցեր են տալիս: «Մեր ԱԺ-ի աշխատողը կոչված է մեր գործունեությունը լուսաբանելո՞ւ, թե՞ վիրավորական արտահայտություններ թույլ տալու: Շունը տիրոջը չի ճանաչում: Ես պատասխան եմ ակնկալում եւ ներողություն պիտի խնդրի»,-հայտարարեց Մարուքյանը: Այդ ելույթից հետո Ա. Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում կրկին գրառում կատարեց՝ ներողություն հայցելով Մարուքյանից. «…Նշված գրառմամբ որեւէ մեկին վիրավորելու միտում չեմ ունեցել, իսկ եթե պարոն Մարուքյանը վիրավորվել է գրառմանս մեջ տեղ գտած քննադատությունից, ապա թող ներող լինի»: