«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության դատախազությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նամակին, որը վերաբերում էր ՌԴ Գյումրիում տեղակայված ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով սպանել էր Ավետիսյանների ընտանիքին: Բայց այդ մի նամակով ամեն ինչ չի ավարտվել:
Հիշեցնենք, որ 2015թ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 հասցեում գտնվող տան մեջ սպանդի ենթարկվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը: Ոճրագործությունը կատարելու համար կալանավորվեց Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ըստ պաշտոնական վարկածի` Վալերի Պերմյակովին ձերբակալել էին ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը հատելու ժամանակ, դրա համար էլ նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում:
Ինչպես հայտնի է՝ կատարվածի առիթով ՌԴ իրավապահ համակարգն էլ իր հերթին է քննություն իրականացնում: Ու մինչ ՀՀ եւ ՌԴ քննչական մարմինները փորձում էին հասկանալ կատարվածի շարժառիթը, մի խումբ գյումրեցիներ ոտքի էին կանգնել՝ պահանջելով Վալերի Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին՝ օբյեկտիվ քննություն անցկացնելու համար, սակայն սա էլ արդյունք չտվեց:
Ավելի ուշ ստեղծված մթնոլորտը «մեղմելու» համար ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «տղամարդու խոսք տվեց» եւ 2015թ փետրվարի 3-ին Գյումրի քաղաքում սպանված ՀՀ յոթ քաղաքացիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ուղարկեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, ինչից հետո ՌԴ դատախազությունում սկսվեց քննարկումը:
Թե ինչ բովանդակություն ուներ Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, այդպես էլ չհրապարակվեց: ՀՀ դատախազությունը ՌԴ դատախազին ուղարկված նամակի բովանդակության գաղտնիությունը պատճառաբանել էր` մեջբերելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը. «Այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի գործի քննության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության ապահովման շահերից ելնելով՝ միջնորդությունն այս պահին չի կարող հրապարակվել»:
Ինչեւէ, հայտնի նամակից անցել է 4 ամիս, եւ երեկ Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով լրագրողների հարցին, թե ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատասխանը ստացե՞լ եք, թե՞ ոչ, ասաց. «Երբ որ ստանամ, դուք կիմանաք»:
Ըստ էության Գեւորգ Կոստանյանը բարձրացված հարցը թողեց անպատասխան: Սակայն «Ժողովուրդ»-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկված նամակից մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՌԴ դատախազությունը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից փետրվարի 3-ին ուղարկված նամակին, սակայն այս նամակով ամեն ինչ չի ավարտվել: Պարզվում է՝ գլխավոր դատախազը հերթական գրությունն է ուղարկել ՌԴ դատախազ Յուրի Չայկային, որից որոշ ժամանակ անց ստացել է հերթական պատասխանը: Եւ երկու երկրների իրավապահ գերատեսչությունների միջեւ մինչ օրս գրագրությունը շարունակվում է, սակայն կարեւոր հարցի պատասխանը դեռ անհայտ է: Ասել է թե՝ դեռեւս վերջնական պատասխան կամ որոշում չկա. ի վերջո, ՌԴ դատախազությունը ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին կհանձնի՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը մայիսի 1-ին գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «թաքուն» Մոսկվա է մեկնել: Բայց երբ փորձել էինք տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանել էր, թե բոլոր պաշտոնական հանդիպումների մասին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակվում է, եւ այցերի մասին կարող եք ծանոթանալ այնտեղ: Սակայն Գեւորգ Կոստանյանի Մոսկովյան այցի մասին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում այդպես էլ մինչ օրս որեւէ տեղեկություն չհրապարակվեց: Եվ դատելով երկու երկրների դատախազությունների միջեւ առկա գրագրությունից եւ հեռախոսային խոսակցություններից՝ չի բացառվում, որ Գեւորգ Կոստանյանի անաղմուկ այցը Մոսկվա կապված է եղել հենց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ: Սակայն ինչպես ՌԴ դատախազին ուղարկված նամակի բովանդակությունը, այնպես էլ այս այցը, հանգամանքներից ելնելով, գաղտնի է պահվում: Իսկ թե ինչ արդյունք կտա Գեւորգ Կոստանյանի խորհրդավոր գաղտնիությունը, կապրենք, կտեսնենք:
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԱՌԵՎԱՆԳՈՒՄ, ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆ, ՄԱՀ, ԾԵԾ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի գլխին կուտակված ամպերը դեռ շարունակում են խտանալ: Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ ոստիկանությունը փնտրում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, եւ նրա որդուն՝ Արայիկ Հակոբյանին: Ըստ տեղեկությունների` հունիսի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ մի քաղաքացի հայտնել է, որ նախկին պատգամավորն ու նրա որդին՝ Արայիկ Հակոբյանը, իրեն ծեծի են ենթարկել: Իսկ ահա նախկին պատգամավորը վստահեցնում է, որ նման բան չկա, այլ պարզապես այս ճանապարհով իրենից գումար են ուզում «պոկել»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պատմեց, որ օրեր առաջ իրենց տարածքով անցնելիս փողոցում նկատել են գետնին ընկած ու թպրտացող քաղաքացուն եւ անմիջապես օգնության են հասել: Վերջինս գիտակցության գալուց հետո շնորհակալություն հայտնելու փոխարեն ասել է, թե դուք եք ինձ ծեծել: Իսկ ավելի ուշ նրա հարազատները Հակոբ Հակոբյանից գումար են պահանջել կամ առաջարկել զբաղվել տվյալ մարդու կնոջ բուժման ծախսերով, ով, նրանց փոխանցմամբ, հիվանդ է: Արդյունքում Հակոբյանը հրաժարվել է, ինչից հետո էլ փորձել են շանտաժի միջոցով գումար կորզել: Ասել է թե՝ գնացել են ոստիկանություն եւ հայտնել, որ Հակոբյանն ու իր որդին իրենց հարազատին ծեծի են ենթարկել ու անօգնական թողնելով՝ հեռացել:
Մեր այն հարցին, որ եթե իրականում անմեղ են եղել, ապա ինչո՞ւ է որդու հետ ոստիկաններից թաքնվում, Հակոբյանը պատասխանեց. «Ո՞վ է անհետացել, ո՞վ է խուսափել ոստիկանություն ներկայանալուց, հո մենք անկոչ հյուր չենք, որ գնանք ոստիկանություն: Ոստիկանությունը մեզ ման չի գալիս, ոչ էլ կարող է մեզ ման գալ, միայն գրում են, բա մի հատ այդ տեղեկությունները գրողները ոստիկանությունից թող հարցնեին՝ այդ մարդուն կանչե՞լ եք կամ օրինական կերպով հրավիրե՞լ եք»:
Իսկ ինչո՞ւ է Հակոբյանի ընտանիքը մշտապես աղմկալի պատմությունների մեջ հայտնվում. հետաքրքրվեցինք նախկին պատգամավորից. «Ես էլ եմ միտում տեսնում, եւ շուտով պարզ կլինի, թե դա ում ձեռքից է գալիս»:
Հիշեցնենք, որ 2015թ ֆինանսների նախարարությունը կալանավորել էր նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին ապօրինի գործունեության համար, երկու ամիս անց ստորագրությամբ ազատ էր արձակել: Կալանավորումից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Հակոբյանի որդին հոր շուրջ ստեղծված աղմուկի պատճառով առեւանգել է իրենց ՍՊԸ-ի աշխատակիցներին: Ու մինչ իրավապահները զբաղված էին Հակոբ Հակոբյանի եւ նրա որդու շուրջ ստեղծված պատմության քննությամբ, մայիսի 26-ին պայթեց Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանը, ինչի հետեւանքով նրա եղբորն ու որդուն տեղափոխեցին հիվանադանոց: 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո բժիշկներին չհաջողվեց փրկել Ճոյտի եղբորը` Արմեն Հակոբյանին: Եվ ահա այս ամենը դեռ քիչ էր, հիմա էլ նախկին պատգամավորը եւ նրա որդին կասկածվում են մարդ ծեծելու մեջ:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
5 ՄԼՆ՝ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մինչ «Նաիրիտ» գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձերը, ՓԲԸ-ն նոր պարտքեր է կուտակում իր գլխին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015 մայիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը «Նաիրիտ» գործարանին տուգանել է 5 միլիոն դրամի չափով: Իսկ ինչ է եղել տուգանքի պատճառը: Պարզվում է՝ 2014թ ապրիլի 23-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել 31695, 6 կգ ապրանքներ, որից 8897 կգ հայտարարագրվել է 2011թ, իսկ մնացածը մասը հանձնվել է մաքսային մարմինների պահպանությանը:
Բայց 2015 հունվարի 2-ից, երբ Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, նոր դրույթներ են ի հայտ եկել, որոնք «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը չի կատարել: Արդյունքում, մաքսային մարմնի կողմից արձանագրվել է խախտում, եւ նշանակվել է քննություն: Այդ ընթացքում «Նաիրիտ» գործարանի տնօրենը բացատրություն է տվել այն մասին, որ իրավախախտումը իրականացրել է անկախ իր կամքից, քանի որ բավարար տեղեկացված չի եղել ԵՏՄ պայմանագրին միանալու արդյունքում ընդունված օրենսդրական նոր դրույթների մասին: Բայց ՀՀ ֆինանսների նախարարությունը զարմանալի տրամաբանությամբ հիմնավոր չի համարել Ռուբեն Սաղաթելյանի ներկայացրած պատճառաբանությունները՝ նրան ենթարկելով վարչական պատասխանատվության 5 մլն դրամով:
ԶԵՆՔ ԷՐ ՏԱՐԵԼ
Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցները սահմանն անօրինական հատելու, հրազեն եւ սառը զենք տեղափոխելու համար ձերբակալել են Հայաստանի քաղաքացի, 1988թ. ծնված Ալիկ Բ.-ին: «Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, սահմանային անցակետը եւ մաքսային հսկողությունը շրջանցելով, հատել է Վրաստանի պետական սահմանը եւ անօրինական ճանապարհով Հայաստանից Վրաստան բերել հրազեն եւ սառը զենք»,- ասվում է վրացական ոստիկանության հաղորդագրությունում։
ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Ավտոգազալցակայանների ստուգումների ընթացքում 11 գազալցակայան արդեն տուգանվել է: Այս մասին զեկուցվել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ: hraparak.am-ի տեղեկացմամբ` ներկայացնելով Երեւանում կազմակերպված ստուգումների ամփոփ տվյալները՝ ՀՀ ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ասել է, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում, եւ այն գազալցակայանները, որտեղ կարձանագրվեն խախտումներ, կտուգանվեն: