ԱՅՆՊԵՍ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ԻՐԱՐ, ԱՍԵՍ ՏԵՂՅԱԿ ՉԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրողների եւ բնակչության թվերի համեմատականի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակումը խորհրդարանում իսկական իրարանցում էր առաջացրել: Նախ` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, «Ժողովուրդ»-ի հրապարակած թվերը մեջբերելով, իշխանություններից պարզաբանում պահանջեց: Իշխանական ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էլ մեկը մյուսի ետեւից փորձում էին հերքել անհերքելին: Մասնավորապես` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ինչ-որ թղթեր ձեռքին, մոտեցել էր ԱԺ ամբիոնին եւ փորձում էր հերքել «Ժողովուրդ»-ի հրապարակած թվերը` պնդելով, թե իբր իրական թվերն իր ձեռքին են:

ՀՀԿ-ականներն այնպիսի եռանդով էին փորձում հերքել, կարծես մեր բերած թվերն օդից են վերցվել, կամ էլ մենք են դրանց հեղինակը: Մինչդեռ մեր կողմից հրապարակված ընտրողների թիվը վերցված է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի ներկայացրած պաշտոնական տվյալներից, իսկ բնակչության թիվն էլ վերցրել էինք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից այս տարվա մայիսի 29-ին հրապարակված «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ» տեղեկագրից: Այն, որ ՀՀԿ-ական պատգամավորները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ներկայիս ուռճացված ընտրացուցակները պահպանվեն, ինքնին հասկանալի է. Հայաստանում գոյություն չունեցող ընտրողները ՀՀԿ-ի իշխանությունը պահպանելու հիմնական միջոցն են: Սակայն ՀՀԿ-ականներից մի քանիսին չէր խագարի ի սկզբանե հասկանալ, թե ինչ են պատրաստվում հերքել:
Ի տարբերություն ՀՀԿ-ականների՝ ոստիկանությունը, որը պատասխանատվություն է կրում ընտրողների ցուցակների համար, խնդրին փորձել էր մի փոքր փիլիսոփայական տեսանկյունից մոտենալ: Այստեղ մի ամբողջ թվային հեքիաթ էին հորինել եւ տարածել` պարզաբանելու համար, թե ինչպես է ստացվում, որ ընտրողների եւ բնակչության թիվը նույնն է լինում, ու ինչպես են «անհետանում» մինչեւ 18 տարեկան բնակիչները, որոնք ընտրելու իրավունք չունեն: Ըստ ոստիկանության պարզաբանման՝ ԱՎԾ-ի հրապարակած մշտական բնակչության թվում ներառված չեն մեկ տարուց ավել Հայաստանից բացակայող քաղաքացիները: Իսկ ոստիկանության կողմից վարվող ընտրացուցակներում ներառված են բոլոր այն քաղաքացիները, որոնք Հայաստանում հաշվառված են: Ոստիկանության ներկայացմամբ` «Աբովյան քաղաքում հաշվառված անձանց պաշտոնական թվաքանակը կազմում է 56 հազ. 887, Արտաշատում՝ 27 հազ. 94, իսկ Ալավեդիում՝ 16 հազ. 473: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կազմվել են ընտրողների ցուցակները, որոնցում ներառվել են քվեարկության անցկացման օրվա դրությամբ 18 տարին լրացած քաղաքացիների տվյալները»:
Թվում է, թե ոստիկանությունը կարողանում է խնդիրն այնպես թաղել, որ հարցեր չառաջանան: Սակայն բանն այն է, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալների հիմքում ընկած են 2011 թվականի մարդահամարի տվյալները: Իսկ մարդահամարի ժամանակ բնակչության երկու թիվ է ճշտվում` առկա բնակչություն, որը իր մեջ ներառում է մարդահամարի անցկացման պահին Հայաստանում գտնվող բնակչության թիվը, եւ մշտական բնակչություն, որը իր մեջ ներառում է մարդահամարի պահին Հայաստանում բնակվող եւ ժամանակավորապես բացակայող քաղաքացիներին: Այլ կերպ ասած` երկրորդ թիվը ՀՀ քաղաքացիների թիվն է՝ անկախ այն բանից, թե նրանք մարդահամարի պահին որտեղ են գտնվում: Իսկ մարդահամարի տվյալներով Արտաշատ քաղաքի մշտական բնակչությունը 2011-ի հոկտեմբերին կազմել է 22 հազ. 269 հոգի: Ինչ վերաբերում է Աբովյան քաղաքին, ապա այստեղ մշտական բնակչությունը մարդահամարի պահին եղել է 43 հազ. 495 մարդ, որից 8 հազ. 800-ը 2011-ի հոկտեմբերին եղել են մինչեւ 14 տարեկան, այսինքն՝ նրանց 18-ը դեռ չի լրացել, եւ չէին կարող ընտրացուցակներում տեղ գտնել: Նույն վիճակն է նաեւ Ալավերդիում՝ այստեղ 13 հազ. 343 մշտական բնակիչներից 2 հազ. 491-ը մարդահամարի պահին մինչեւ 14 տարեկան երեխաներ են եղել, ուստի նրանք դեռ ընտրելու իրավունք չեն ստացել: Այսինքն՝ ոստիկանությունն ինչ հեքիաթ էլ հորինի, չի կարող արդարացնել այն փաստը, որ այսօր Աբովյանը, ըստ ընտրացուցակների, ունի 43 հազ. 800, Արտաշատը` 21 հազ., իսկ Ալավերդին՝ 16 հազ. 474 ընտրող:
Ընտրողների եւ բնակչության թվերի նման տարբերությունը ՀՀ ոստիկանությունը պատճառաբանում է հետեւյալ կերպ. իբր արտերկիր մշտական բնակության մեկնող քաղաքացուն իրենք իրավունք չունեն ընտրողների ցուցակից հանել, եթե տվյալ քաղաքացին այդ մասին գրավոր չի տեղեկացնում օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական ծառայությանը: Արդյոք ոստիկանությունը կարող է ընտրացուցակներից հանել տարիներով Հայաստանից բացակայող քաղաքացիներին, որոնց մի մասը հաստատ վաղուց ՀՀ քաղաքացի չի էլ հանդիսանում: Իհարկե, կարող է, բայց չեն անում, որպեսզի գոյություն չունեցող ընտրողների բանակը անընդհատ ավելանա: Ավելին՝ ոստիկանության պարզաբանումից բխում է, որ մեր ընտրացուցակներում այսօր կարող են մի քանի տասնյակից մինչեւ հազարներով հանգուցյալ մարդիկ լինել: Ասենք՝ մարդը 20,15 կամ 10 տարի առաջ մեկնել է արտերկիր բնակության, այնտեղ մահացել է եւ հուղարկավորվել, ըստ ոստիկանության՝ նա շարունակում է մնալ ՀՀ ընտրացուցակներում, քանի որ համապատասխան հյուպատոսական ծառայությանը ոչ ոք ոչինչ չի հայտնել: Ավելին՝ այսօր արդեն ակնհայտ է, որ ընտրական ցուցակներում ներառված 2 մլն 600 հազար ընտրողների կեսից ավելին Հայաստանում գոյություն չունի, եւ նրանց երբեք չեք տեսնի ընտրական տեղամասերում: Մի խոսքով, թվաբանական հեքիաթներ հորինելու փոխարեն ոստիկանությունն ավելի լավ կանի` գործուն քայլեր ձեռնարկի ընտրացուցակները «մաքրելու» ուղղությամբ, կամ էլ թող պաշտոնապես հայտարարեն, որ իրենք չեն կարող հրաժարվել ընտրակեղծարարության` նման լավ գործիքից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՕԳՆԱԿԱՆԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օգնական Տիգրան Խեչոյանն ազատվել է աշխատանքից: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինիս իրականում ասել են՝ աշխատանքից ազատման դիմում գրի, որը պաշտոնապես ձեւակերպվել է՝ պաշտոնանկություն՝ սեփական դիմումի համաձայն: Նույն աղբյուրների վկայությամբ՝ Տիգրան Խեչոյանին դժվար թե դատախազության ոլորտում աշխատանք առաջարկվի մոտ ապագայում: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խիստ բարկացել է՝ իմանալով, որ իր օգնականն ինչ-որ առնչություն ունի կաշառակերության պատմության հետ: Չի բացառվում, որ նա պաշտոնանկությունով «չպրծնի», այլ մասնակից դառնա քրեական գործին, որն, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, արդեն հարուցվել է:

 

ԱՄԻՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն իրեն պատկանող մի քանի գույք վաճաքի է հանել: Նա վաճառում է Նորք-Մարաշ փողոցում գտնվող նախկին «Արմեն Ակոբ» հեռուստաընկերության շենքն ու Հանքավանի առանձնատունը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ա. Ամիրյանը մտադրություն ունի լքել Հայաստանը: Սակայն Արմեն Ամիրյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ցանկանում է հեռանալ Հայաստանից: «Այս անգամ ինձ ո՞ւր են ուղարկում: Կան շենքեր, կառույցներ, որոնք կառուցվում են, օգտագործվում են, իսկ հետագայում վաճառվում են, դա նշանակում է, որ ես Հայաստանից պետք է մեկնե՞մ: Իրականում նման բան չկա, ինչի մասին է խոսքը: Իսկ ցանկացած գույք ստեղծվում է կա՛մ գնվելու, կա՛մ վաճառվելու համար»,- հայտարարեց Ա. Ամիրյանը: Նշենք, որ տարիներ առաջ Ամիրյանը վաճառեց նաեւ Երեւանի ՀԱԹ թաղամասում գտնվող «Հայաստան» կինոթատրոնը, որը գնեց Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ Աշոտ Ավետիսյանը՝ Բանգլադեշի Համիկը, եւ որի բացմանը վերջերս մասնակցեց Սերժ Սարգսյանը:

 

ՉԻ ԲՈՂՈՔՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում էլէներգիայի սակագնի բարձրացմանը, հայտարարեց, թե դա ազդում է բոլոր քաղաքացիների վրա, ազդելու է նաեւ իր վրա: «Բողոքել, խոսել Կառավարության անդամի համար ճիշտ եւ ընդունելի գործելաոճ չէ: Կառավարության անդամը պարտավոր է իր ֆունկցիաները նորմալ կատարել ու դրանով իսկ նպաստել, որպեսզի երկրում իր ոլորտին առնչվող խնդիրները քիչ լինեն: Կոնկրետ այս խնդրի վերաբերյալ ես այդտեղ ինձ չեմ տեսնում»,-հայտարարեց նախարարը:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՀԱՄԱԼՐԵՆ
Եվրասիական տնտեսական միությունն ու «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կարող են ներդաշնակ համալրել միմյանց եւ Եվրասիա մայրցամաքում ստեղծել տնտեսական համագործակցության նոր մոդել։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն ՉԺՀ համաչինական ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի մշտական հանձնաժողովի ղեկավար Չժան Դեցզյանի հետ հանդիպման ժամանակ։

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորիլքը ժամանել է Երեւան: Այս մասին նա հայտնել է Twitter-ում կատարած գրառմամբ. «Վերադարձել եմ Երեւան, անհամբեր սպասում եմ այսօրվա ու վաղվա հանդիպումներին` Լեռնային Ղարաբաղի խաղաղության հարցը քննարկելու համար»:

 

ԴԱՐՁՅԱԼ ՉԷՐ ԵԿԵԼ
ԱԺ-ում 2014 թվականի բյուջեի կատարողականի երեկվա քննարկման ընթացքում վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։ Այս փաստը դարձյալ վրդովեցրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանին, ով բազմիցս պահանջել է, որ հաշվետվությունները Աժ-ին ներկայացնի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Զուրաբյանը երեկ ընթերցել է ԱԺ կանոնկարգ-օրենքի այն հոդվածը, որը սահմանում է ՎՊ նախագահի պարտավորությունները, եւ որտեղ նաեւ նշված է, որ Զաքարյանը պետք է մասնակցի նման քննարկումներին:

 

ԳԱՆԱՅԻ ՀՈՒՅՍԻՆ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Կոդզո Ալաբոն, նստավայրը՝ Մոսկվա: Ս. Սարգսյանը նորանշանակ դեսպանին ասել է, որ Հայաստանը կարեւորում է քաղաքական երկխոսությունն ու շփումներն աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Գանայի հետ:




Լրահոս