Արդեն ամառ է, մշակութային կյանքն աստիճանաբար կորցնում է իր աշխուժությունը, մայրաքաղաքում ավելի ու ավելի քիչ թվով իրադարձություններ են տեղի ունենում: Որոշ ժամանակ անց Երեւանում կպասիվանա նաեւ թատերական կյանքը: «Ժողովուրդ»-ը երեւանյան մի քանի թատրոններից հետաքրքրվել է` երբ եւ որքան ժամանակով են նրանք մեկնելու արձակուրդի, ինչ ծրագրեր են կազմում թատրոնները մինչ արձակուրդի գնալը եւ ինչ անակնկալներով են հանդես գալու դրանից հետո: Արդյունքում պարզեցինք, որ թատրոնները արձակուրդի կմեկնեն շուրջ մեկ ամսով:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Ստեփան Դավթյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մայր թատրոնը, այսպես թե այնպես, ամռանը չի աշխատի, քանի որ պատրաստվում է վերանորոգման աշխատանքների. «Հաջորդ ամսվա կեսերից կսկսվեն աշխատանքները, թե երբ կավարտվեն, մեզանից կախված չէ. բավական ծավալուն աշխատանքներ են սպասվում»,- ասաց նա:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնն օգոստոսին շուրջ մեկ ամսով կմեկնի արձակուրդի: Իսկ, ահա, հունիսին պատրաստվում է նոր ներկայացում մեծահասակների համար` Գոգոլի «Վհուկը», որի պրեմիերան կկայանա մի քանի օրից` ամսի 16-17-ին: «Երբ աշնանն արձակուրդից վերադառնանք, կրկին կունենանք նոր ներկայացումներ: Նշեմ նաեւ, որ մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել. սպասում ենք ֆինանսավորման»,- եզրափակեց Բաբայանը:
Պատանի հանդիսատեսի թատրոնից մեզ հայտնեցին, որ հունիս-հուլիս ամիսներին թատրոնում ընթանալու են փորձեր. «Պատրաստվում ենք օգոստոսի արձակուրդից հետո կայանալիք նոր ներկայացումներին, կբեմադրենք Չեխովի «Արջը» եւ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»,-փոխանցեցին թատրոնից:
Հակոբ Պարոնյանի ավան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանի խոսքով էլ օգոստոսին ողջ կոլեկտիվը կմեկնի արձակուրդի, սակայն հուլիսին եւս թատրոնում ներկայացումներ չեն լինի. «Ամբողջ ամիս կլինեն միայն փորձեր, կպատրաստվենք հոկտեմբերին սպասվող նոր ներկայացմանը, այն կոչվում է «Ուշ լինի, նուշ լինի»: Դե, իսկ սեպտեմբերին էլ, հավանաբար, հյուրախաղերով հանդես կգանք ԱՄՆ-ում»,-տեղեկացրեց տնօրենը:
Համազգային պետական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ մեզ տեղեկացրեց, որ թատրոնը օգոստոսին արձակուրդի է գնում երեք շաբաթով. «Իսկ նոր ներկայացումներ կլինեն արդեն աշնանը: Հավանաբար սեպտեմբերին կլինի նոր տիպի, հետաքրքիր ներկայացում` դաշնամուրային թատրոն, այն կկոչվի «Կարոտ», պրոդյուսերը Սերգեյ Խաչատրյանն է: Հենց դրանով էլ կբացենք նոր թատերաշրջանը»,- ասաց նա:
Իսկ, ահա, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեզ հայտնեց, որ այժմ թատրոնը պատրաստվում է միջազգային փառատոնի մասնակցել. «Մինչեւ օգոստոսին արձակուրդի մեկնելը հունիսի վերջին` 25-28-ը, մասնակցելու ենք Սերբիայում կայանալիք մի փառատոնի: Իսկ հուլիսին էլ փորձելու ենք շաբաթը մեկ նոր ներկայացում խաղալ, մենք նույնիսկ եղած ներկայացումները չենք հասցնում մեր ուզած հաճախականությամբ խաղալ, քանի որ, ինչպես գիտեք, շենք չունենք»,- ասաց նա` հավելելով, որ սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին եւս թատրոնը պատրաստվում է մասնակցել Մեքսիկայում կայանալիք «Սերվանտինո» արվեստների փառատոնին, որտեղ ներկայանալու են «Շերամիկ» ներկայացմամբ:
Երեւանի պետական կամերային թատրոնից էլ մեզ տեղեկացրին, որ իրենք աշխատում են նաեւ հուլիսին, իսկ օգոստոսյան արձակուրդից հետո` սեպտեմբերի կեսերին, հանդիսատեսին անակնկալ է սպասվում` նոր ներկայացման տեսքով. թե կոնկրետ ինչ ներկայացման մասին է խոսքը, գրական մասի վարիչ Նազիկ Սանթուրյանը փակագծերը բացել չցանկացավ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ԹԵՄԻՆ
Այսուհետեւ Թբիլիսիում գտնվող հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի բնակարանի նկատմամբ պատասխանատվությունը կկրի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, բնակարանի փոխանցումը կատարել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Հովհաննես Թումանյանի տան մի մասը` գրադարանի վերածված 150 ք/մ տարածքը, 2012-ին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի ջանքերով ձեռք էր բերվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հովանավորությամբ: Եվ միայն վերջերս Վիրահայոց թեմի առաջնորդի դիմումով «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնադրամը գնել է նաեւ շենքի մնացած մասը եւ նախօրոք ձեռք բերված հատվածի հետ ամբողջական տեսքով նվիրաբերել թեմին` որպես սեփականություն:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ` ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
Ամալ Քլունին նկարահանվելու է Ջորջ Քլունիի նոր ֆիլմում. այս մասին տեղեկացնում է Indiatoday-ը: Ինչպես հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը` Ջորջը մի քանի անգամ առաջարկել է իր սիրելիին նկարահանվել ֆիլմում, սակայն Ամալը միշտ մերժել է` պատճառաբանելով, որ պատրաստ չէ դերասանուհու կարիերա սկսել: Բայց համաձայնությունից հետո Ամալն արդեն դերասանական վարպետության դասերի է գնում եւ որոշել է լրջորեն զբաղվել իր նոր աշխատանքով: «Նա չի պատրաստվում հրաժարվել իրավաբանի մասնագիտությունից, բայց շատ հետաքրքրված է դերասանուհու աշխատանքով: Ամալը կարծում է, որ նկարահանման գործընթացը շատ ուրախ եւ զվարճալի կլինի»,-հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:
ԲՈԼԻՎՈՒԴԻ ԱՍՏՂԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Բոլիվուդի աստղ, 31-ամյա դերասանուհի Արթի Ագարվալը մահացել է սրտի նոպայից: Mirror-ի փոխանցմամբ` աղջիկը մահացել է լիպոսակցիայի վիրահատությունից մեկ ամիս անց: «Արթին պայքարում էր ճարպակալման եւ թոքերի հիվանդության դեմ: Նա բուժման կուրս է անցել, սակայն վիճակն ավելի է վատացել, եւ սրտի նոպայի պատճառով մահացել է»,-հայտնել է դերասանուհու մենեջերը:
Նշենք, որ Արթի Ագարվալը հնդկական ֆիլմերում սկսել էր խաղալ դեռեւս 16 տարեկանից: Նրա վերջին աշխատանքը` Ranam 2 ֆիլմը, մեծ էկրաններ է բարձրացել մի քանի օր առաջ: Չնայած աղջիկն ապրում էր Նյու Ջերսիում, նա ճանաչված ու սիրված էր Հնդկաստանում: