ՄԻ՞ԹԵ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի բարձրացման հարցով որոշման նախագիծը, որով նախատեսվում է սակագինը բարձրացնել 6.93 դրամով: ՀԾԿՀ որոշիչ նիստը, որի ընթացքում պետք է հաստատվի այս նախագիծը, նախատեսված է հունիսի 17-ին:

Նշենք, որ թանկացումից հետո էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 48.78 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ գիշերային սակագինը` 38.78 դրամ/կՎտժ: Մինչ ՀԾԿՀ-ում մտորում էին, թե ինչպես վարվել ՀԷՑ-ի ներկայացրած հայտի հետ, հայրենի խորհրդարանը պահանջում էր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված լսումներ կազմակերպել: Ու արդեն հայտնի է, որ ուրբաթ օրը՝ հունիսի 12-ին, պետք է տեղի ունենան խորհրդարանական լսումներ: Նշենք, որ նախքան ՀԾԿՀ-ի կողմից սակագնի թանկացման որոշման նախագծի հրապարակումը ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարում էին, որ ՀԷՑ-ի ղեկավար Եվգենի Բիբինը պետք է անձամբ ներկայանա խորհրդարան` իրենց բացատրությունները ներկայացնելու համար: Սակայն փաստորեն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, ու անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի նման լսումներ կազմակերպելը, եթե արդեն հստակ հայտնի են անգամ սակագնի թանկացման ժամկետն ու չափը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե որն է խորհրդարանական լսումների անցկացման նպատակը, երբ արդեն որոշումը կայացվել է:

ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Պարո՛ն Շարմազանով, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին խորհրդարանական լսումներ եք հրավիրել, այն դեպքում, երբ արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է իր որոշման մասին: Արդյոք այդ լսումներն արդեն ժամանակավրեպ չեն, եւ դրանց հիմնական նպատակը «գոլորշի բաց թողնելը» չէ` հանրությանը ցույց տալու համար, թե օրենսդիրները եւս անհանգստացած են:
-Կլինեն լսումները, կավարտվեն, դրանից հետո նոր կխոսենք: Դեռեւս լսումները չեն կայացել, ու Դուք ինչ-որ որակումներ եք ներկայացնում, դեռեւս որեւէ բան չի եղել, ինչու ենք մենք ինչ-որ բաներ խոսում:
-Բայց կարծես թե ամեն ինչ արդեն որոշված է, ո՞րն է այդ լսումների իմաստը:
-Իհարկե, իմաստ կա լսումներ կազմակերպելու, եթե իմաստ չլիներ, մենք չէինք կազմակերպելու: Պետք է հարցը քննարկվի հրապարակային, կարծիք ու տեսակետ ներկայացվի, նստեն, քննարկեն, հաշվետվություն տան: Ի վերջո, սա Ազգային ժողով է, ու մենք մշտապես էլ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը նմանատիպ քննարկումների միջոցով:
-Բայց դա ինչ է տալու հանրությանը, մի՞թե կարծում եք, որ օրենսդիր մարմնին կհաջողվի նվազեցնել ՀԾԿՀ-ի որոշած թիվը, արդյո՞ք 6.93 դրամով թանկացում չի լինելու, եթե խորհրդարանական լսումների ժամանակ խորհրդարանական խմբակցություններն իրենց բողոքն ու տեսակետը ներկայացնեն:
-Ես կարծում եմ, որ մենք պետք է նստենք ու քննարկենք, եթե կտեսնենք, որ հիմնավոր չի այդ բարձրացումը, ուրեմն խորհրդարանն իր գործառույթները կունենա: Պետք չէ նման դիրքորոշում ընդունել, դե, եկեք ինչ լինում է, ասենք` մեկ է՝ որոշվելու է, ու ոչ մի բան էլ չի փոխվելու, եկեք ոչ մի բան էլ չանենք: ՀԷՑ-ը ներկայացրել է հայտը, Ռոբերտ Նազարյանի ղեկավարած հանձնաժողովը հայտնել է իր որոշումը, Կառավարությունն իր կարծիքը կասի, մենք էլ այստեղ կքննարկենք, կտեսնենք: Հիմա եթե մի բանը չենք քննարկել, ինչի՞ մասին խոսենք: Ես կարծում եմ, որ քննարկումն անհրաժեշտ է, ժողովրդավարության հիմնական գործիքներից մեկը հարցերի հրապարակային, բաց քննարկումն է (hիշեցնենք, որ օրեր առաջ Շարմազանովը հանդես էր գալիս այս լսումները փակ կարգով անցկացնելու օգտին Ս. Գ.):

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք ԲՀԿ-ի համար ընդունելի է էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով խորհրդարանական լսումների անցկացումն այն բանից հետո, երբ արդեն հայտարարվել է, որ այդ թանկացումը լինելու է, անգամ նշվել է կոնկրետ չափը:
-Լսումները միշտ պետք են, քանի որ գործադիր իշխանության բոլոր այն պատկան մարմինները, որոնք այստեղ ունեն լիազորություններ, պետք է իրենց մեկնաբանություններն ու հիմնավորումները ներկայացնեն: Ու այդ լսումների միջոցով խորհրդարանականները պետք է հասկանան իրավիճակը, որովհետեւ խոսել, թե ամեն ինչ ինքնանպատակ է, կամ ամեն ինչ կարող է արվել ինքնանպատակ, այդքան էլ համաձայն չեմ: Պետք է նայել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, դրա համար նման կարծիք չեմ կարող հայտնել:
-Բայց արդյո՞ք ներկայացվելիք բացատրությունները լսելուց հետո օրենսդիր մարմինը կարող է ինչ-որ բան փոխել:
-Համենայնդեպս, մեր ֆրակցիան առաջարկություններ է ներկայացրել՝ սակագնի կարգավորման եւ, ընդհանրապես, ՀՀ-ում էլէներգիայի վերաբերյալ, ու Ռոբերտ Նազարյանն էլ բազմաթիվ անգամ նշել է, որ շատ առաջարկներ ընդունվել են, իսկ այդ հարցի շուրջ մեզ մոտ քննարկումներ են եղել: Բայց թե կոնկրետ որ կետերն են, որ ստիպում են, որպեսզի թանկացում լինի, ինչ հիմնավորումներով են դրանք արվելու, ես կարծում եմ, որ պետք է ուսումնասիրել ու բազմակողմանի քննարկել: Դա հնարավոր կլինի լսումների միջոցով:
Հ.Գ. ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ իրենք սպասում են խորհրդարանական լսումներին` իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

 

 

 

 

ՀԱԿ-Ի «ՀԵՐՈՍԱՑՈՒՄՆ» ՈՒ ՕԵԿ-Ի «ԽՐՃԻԹ» ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀԸ

Երեկ հայրենի խորհրդարանը քվեարկության դրեց «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը, որի ժամանակ կրքերը դարձյալ թեժացան: Այս անգամ «փոխհրաձգության» կողմերը ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էին:

Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել էին ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորներն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Նախ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք կքվեարկեն ձեռնպահ, քանի որ որոշակի առաջընթաց կա նախկին օրենքի համեմատ: Զոհրաբյանի հայտարարությունից հետո ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կրկնեց նախօրեին իր արած հայտարարությունը, թե ընտրություններին ժողովուրդը մասնակցում է ID քարտերով, ինչը հնարավորություն է ընձեռում ընտրակեղծիքների համար:
Այնուհետեւ Բիշարյանն իր գործընկերներին հորդորեց ուշադիր լսել իրենց հայտարարությունները ու չանցնել կոռեկտության սահմանները: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ Բիշարյանի խոսքից հետո, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց. «Քանի որ այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի օր է, իսկ մինչ օրս առ սիրով դեպի էպիստոլյար ժանրը, նամակներ են գրվում, հետո ընթերցվում, նամակագիրն իր հիացմունքն է հայտնում Կառավարությանը իր վերաբերմունքի համար, ես ոչ մի անգամ հնարավորություն չեմ ունեցել հարց ուղղելու Կառավարությանը: Հորդորում եմ Ձեզ, եթե հնարավոր է՝ խնդրեք, որ այդ մարդիկ, Աստված տվել չի խնայել, բոլորը հեռուստաընկերություններն ունեն, բացեն հաղորդաշար` «Խրճիթ» ընթերցասրահ: Տարե՛ք, Ձեր նամակները կարդացե՛ք, չափածո գրե՛ք, բայց մենք հարց տանք»:
Արզումանյանի հայտարարությունը հունից հանեց Հ. Բիշարյանին, որը կոչ արեց պիտակավորումներ չանել. «Եթե նման ոճով պետք է խոսեն, դահլիճից դուրս տեղ կա, կարող են չափվել՝ ով ինչ կարող է իրար ասել»: Գործին խառնվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատգամավորներին հորդորելով հերոսացման փորձերը դադարեցնել: ԱԺ նախագահը, սակայն, խոսքը փոխանցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին՝ հավելելով. «Հերոսացումը շարունակվում է»:
«Դե, ձեզնից էն կողմ էլ ինչ հերոս»,-արձագանքեց Զուրաբյանն ու հայտարարեց, թե 4 խմբակցությունների կողմից «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկների մերժումը նշանակում է, որ Հայաստանում կկայանա եւս մի հակաժողովրդական հանրաքվե: ԱԺ նախագահը հորդորեց դադարեցնել «պատերազմը», քանի որ մինչ Սահակյանը կհայտարարեր քվեարկության մասին, դահլիճում կրքերը վերստին թեժացան. Բիշարյանն ու Արզումանյանը սկսեցին միմյանց վրա գոռգոռալ. «Մեզ հետ կռվե՛ք, գործ չունե՛ք իրար հետ»,-ասաց Սահակյանը:
Ի վերջո, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններն ընդունվեցին ձայների 74 կողմ, 11 դեմ եւ 20 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 
ԳԱՐԵՋՈՒՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը դեռ չթանկացած որոշ տնտեսվարողներ արդեն իսկ սկսել են թանկացնել իրենց արտադրանքը: Այս օրերին «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում հանրային սննդի սպասարկման օբյեկտների սեփականատերերից այն մասին, որ մատակարարներն իրենց արդեն իսկ տեղեկացրել են, որ նոր ապրանքը թանկ գներով են առաքելու: Մասնավորապես, արդեն իսկ թանկացած գներով է սկսել իր ապրանքը հանրային սննդի սպասարկման օբյեկտներին առաքել «Կոտայք» գարեջրի գործարանը: Սակայն, երբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Մուլտի գրուպ» ընկերության գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են իրենց ապրանքը թանկացրել, նա վստահեցրեց, որ թանկացում չի եղել: «Նման բան չկա: Գարջուրը չի թանկացել: Իսկ առաջիկայում թանկանալու մասին դեռ հստակ տեղեկություն չունեմ»,- ասաց Սեդրակ Առուստամյանը:

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի 9 մարզերի 13 գյուղում եւ 2 քաղաքում այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Այս մասին տեղկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Մասնավորապես, երկու քաղաքները, որոնցում քաղաքապետի ընտրություններ են նախատեսված, Իջեւանն ու Մարալիկն են: Հիշեցնենք, որ անցած կիրակի` հունիսի 7-ին, քաղաքապետի ընտրություններ տեղի ունեցան Ալավերդի, Աբովյան եւ Արտաշատ քաղաքներում: Դրանցից առնվազն երկուսում` Աբովյանում եւ Ալավերդիում, ընտրություններն անցան լարված մթնոլորտում:

 

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ԳՆՈՒՄ, ՉԵՆ ԳԱԼԻՍ
2015 թվականների հունվար-մայիս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 42 հազար 547 ուղեւոր: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոցով» Հայաստանից մեկնել է 346 հազար 859 ուղեւոր, իսկ վերադարձել է 304 հազար 312-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեկնել եւ չի վերադարձել 2 հազ 925 ուղեւոր: Ընդհանուր «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 8 հազ. 576 ուղեւոր, վերադարձել 5 հազ. 651-ը: Այսինքն՝ ինքնաթիռով այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից գնացել եւ չի վերադարձել 45 հազար 472 ուղեւոր: Հարկ է նշել, որ այս թիվն արտագաղթի ընդհանուր պատկերն արմբողջությամբ չի արտացոլում: Բանն այն է, որ վերջին տարիներին արտագաղթը հիմնականում տեղի է ունենում ավտոտրանսպորտով կամ ավելի ճիշտ՝ ավտոբուսներով: Ավտոբուսի տոմսը համեմատաբար ավելի էժան է, եւ որպես ուղեբեռ ավելի շատ ապրանք կարելի է տանել:




Լրահոս