ԿՓՈՐՁԵՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ ՉԹԱՆԿԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 6.9-7 դրամով կբարձրանա: Այսինքն՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիան ներկայիս 41.85 դրամից կդառնա 48.85 դրամ: Այս թանկացումն իր բացասական ազդեցությունը կթողնի ոչ միայն բնակչության գրպանի, այլեւ երկրի տնտեսության վրա: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Թամարա ֆրութ» ընկերության սեփականատեր Բորիս Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ըստ ամենայնի` Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը մոտ 7 դրամով կթանկանա: Հերթական այս թանկացումն ինչպիսի՞ ազդեցություն կունենա Ձեր ընկերության գործունեության վրա:
-Եկեք միասին հաշվենք. այսինքն՝ այն մոտ 16.5 տոկոսով է թանկանալու, իսկ մեր ընկերության էլէներգիայի ամսական ծախսը կազմում է 2.5 մլն դրամ: Օրինակ՝ մեր ընկերությունը արտադրանք ունի, որը կարող է 10-20 դրամով թանկանալ: Չնայած, որ մենք ավելի մեծ քանակությամբ գազ ենք սպառում, քան էլէներգիա: Համարյա թե հավասար, ուղղակի 10 տոկոս տարբերությամբ գազն ավելի շատ ենք օգտագործում:
-Այսինքն՝ էլէներգիայի սակագնի բարձրացումից հետո կթանկանա նաեւ Ձեր ընկերության արտադրանքը: Որքա՞ն կկազմի այդ թանկացումը: Հաշվարկներ կատարե՞լ եք:
-Ընկերության արտադրանքը՝ միավորը, մոտ 2 տոկոսով կթանկանա:
-Իսկ հնարավո՞ր է Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին արտադրանքի գինը չթանկացնեք:
-Մենք կփորձենք չթանկացնել արտադրանքի գինը: Ինչի հետեւանքով, բնականաբար, մեր եկամուտը ընկերության շահույթի հաշվին կնվազի: Էլէներգիայի թանկացումն ընդհանուր արտադրանքի ինքնարժեքի վրա մոտ 1-2 տոկոս կկազմի: Մենք նաեւ ունենք սառեցրած սննդատեսակներ: Օրինակ՝ դեպի եվրոպական երկրներ ծիրան արտահանելիս ավելի շատ էլէներգիա ենք օգտագործելու, որովհետեւ այն սառեցվելու է, ինչը, բնականաբար, առանց էլէներգիայի չի ստացվի: Այստեղ արդեն էլէներգիայի սակագնի բարձրացումն իրենը կասի, եւ ինքնարժեքի մեջ հոսանքի բաժինը կմեծանա: Բնականաբար, մենք կարող ենք նաեւ տվյալ արտադրանքը 5 տոկոսով թանկացնել: Ընկերությունն արտադրանք ունի, որի ինքնարժեքի վրա 1 տոկոս, իսկ սառեցվածի վրա 5 տոկոս ազդեցություն կունենա:
-Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ ընկերությունն արտահանման հետ կապված խնդիրներ ունի՞:
-Արտահանման հետ կապված՝ ո՞ր ընկերությունը խնդիր չունի: Եւ չնայած դրան՝ մենք հիմա տարբեր երկրներից պատվերներ ենք հավաքում: Ես նոր եմ Հունգարիայից վերադարձել, եւ մոտ 200 հազար եվրոյի պատվեր ենք ընդունել, որպեսզի արտահանում իրականացնենք: Աստված տա, գյուղացու բերքը չփչանա, բավականին հարմար կլինի: Արդյունքում գյուղացին էլ կօգտվի:
-Հատկապես ո՞ր երկրներ եք ձեր արտադրանքն արտահանում:
-Արտահանում ենք դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես Գերմանիա: Օրինակ՝ այսօր օրգանական կոմպոտի պատվերներ ենք ստացել Գերմանիայից: Պատվերներ ստացել ենք նաեւ Հունգարիայից, հիմա աշխատում ենք ԱՄՆ-ի երեք նոր շուկաների հետ: Վաղուց ունենք Լոս Անջելեսի հայկական շուկան: Նախորդ տարվանից աշխատում ենք Նյու Յորքում գործող ռուսական շուկայի հետ: Հիմա էլ փորձում ենք մտնել հենց ամերիկյան շուկա, որը շատ բարդ է: Ռուսական շուկային լրացնող համարժեք շուկաներ ենք փնտրում:
-Իսկ այս ընթացքում ռուսական շուկայում իրավիճակն ինչպիսի՞ն է, կարգավորման միտումներ կա՞ն:
-Այս պահին դեպի ՌԴ արտահանում իրականացնում ենք: Մի փոքր դրական փոփոխություն կա: Հույս ունենք, որ այն շարունակական կլինի: Լավատես լինենք եւ ասենք, որ ռուսական շուկան առաջիկայում ամբողջովին կկարգավորվի: Այն ժամանակ, երբ ռուսական շուկայում վիճակն անկայուն էր, ռուսական ռուբլին արժեզրկվել էր, մենք մեր արտադրանքի գները էժանացրել էինք: Արդյունքում՝ մենք հիմա շահում ենք, որովհետեւ այդ տարբերակով միայն կարողացանք ռուսական շուկայում պահպանել մեր դիրքը: Սկզբում մենք ռուսական շուկայի հետ զրոյական եկամուտով էինք աշխատում, բայց հիմա քանի որ ռուբլին արժեւորվել է, փոքրիկ, բայց եկամուտ ունենում ենք:
-Իսկ ներքին շուկայում իրացման հետ կապված խնդիրներ կա՞ն, թե՞ ոչ:
-Ներքին շուկայի մասով զբաղվում է մեկ այլ ընկերություն: Մոտավորապես 10-15 տոկոսով ավելացել են արտադրության ծավալները, բայց մարժան է փոքրացել: Մարդկանց գնողունակության անկումն էլ իր հետքն է թողել: Ներքին շուկայում մենք միշտ եղել ենք, կանք ու կակտիվանանք եւ հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում: Եվրոպական երկրներում մեր արտադրանքը մրցունակ է, որովհետեւ որակի հետ կապված ոչ մի խնդիր չունի: Իսկ եթե մեր արտադրանքի ինքնարժեքն էլ ցածր լիներ, ապա բավականին մեծ քանակությամբ արտադրանք կվաճառեինք Եվրոպայում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Շիրակի մարզում առաջնային խնդիր է անասնաբույժների պակասը: Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, բուժասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի տնօրեն Սիմոն Պողոսյանի խոսքով` մարզում ներկա պահին աշխատում է 78 անասնաբույժ, ինչը շատ քիչ է:

Մասնագետի ներկայացմամբ` անասնաբույժների պակասի խնդիրը զգալի է հատկապես Ամասիայի տարածաշրջանի Վերին ենթաշրջանում, որտեղ 12 գյուղ պարզապես չունի անասնաբույժ, եւ անասունների սպասարկման համար մասնագետները գործուղվում են Ամասիայից: Լուրջ խնդիր է նաեւ այս ոլորտում երիտասարդ կադրերի պակասը: Այսօր մարզում մնացել են միայն միջին տարիքի եւ տարեց անասնաբույժները, ովքեր կրթություն են ստացել հիմնականում ԽՍՀՄ տարիներին: Այս մասնագիտությունը երիտասարդներին չի հրապուրում, քանի որ պետությունն անասնաբույժի համար շատ քիչ վարձատրություն է սահմանել՝ մեկ կենդանուն պատվաստելու համար անասնաբույժին 2014 թվականին տրվել է 71 դրամ: 2015-ին գումարն ավելացել է՝ կազմելով 89 դրամ, իսկ վճարումն էլ կատարվում է ըստ կատարողական պլանների, տարեկան 4-5 անգամ` պատվաստումների ժամանակացույցի համաձայն:
Շիրակի մարզում գործում է նաեւ Ազատանի գյուղատնտեսական եւ անասնաբուժական սպասարկման դեղատուն-կենտրոնը, որի ծառայություններից օգտվում են մարզի ֆերմերները:
Ի տարբերություն այս կենտրոնի՝ պատկերն այլ է Ամասիայի տարածաշրջանի «Անասնաբուժասանիտարական եւ բուժասանիտարական լաբորատոր ծառայությունների կետրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ առկա է ինչպես շենքային պայմանների բարելավման, այնպես էլ անհրաժեշտ սարքավորումների ու լաբորատոր միջոցների թարմացման կարիք: Աշխատակիցները բավարարվում են եղածով, կամ ինչպես իրենք փաստեցին՝ հինը հարմարեցնելով: Այստեղ աշխատանքն հատկապես դժվարանում է ձմռան ամիսներին, երբ մի կողմից նմուշների պահպանման հարցն է առաջ գալիս, մյուս կողմից՝ լաբորատորիայի ջեռուցման: Նշենք, որ լաբորատորիան ջեռուցվում է հին ու մաշված կերոսինային ու սոլյարայուղային վառարան-ջեռուցիչներով, որոնք դեռ 88-ի աղետից հետո որպես հումանիտար օգնություն տրամադրվել են մարզի բնակչությանը: Կենտրոնի տարեց աշխատակցուհի Մարգարիտա Վարդանյանը նշում է, որ աշխատում են ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին կատարվեն բոլոր տեսակի լաբորատոր ստուգումները, քանի որ բերված արյունն ու շիճուկը նույնիսկ ժամկետից մեկ օր անց դառնում են ոչ պիտանի:
Ներկայացված պատկերն ամբողջանում է այն փաստի արձանագրմամբ, որ գյուղացիների ու անասնաբույժների ջուրը մի առվով հաճախ չի գնում: Բանն այն է, որ գյուղացիները միտումնավոր ներկայացնում են ավելի պակաս անասնագլխաքանակ, քան իրականում ունեն: Պետությունն էլ ըստ ներկայացվածի՝ տրամադրում է պատվաստանյութը: Արդյունքում անասնաբույժը մտնելով գյուղ ու այլ պատկեր տեսնելով` կանգնում է խնդրի առաջ:
Այս ամենով հանդերձ` չի կարելի չարձանագրել, որ մարզում խոշոր ու մանր եղջերավոր անասունների տարբեր հիվանդություններով վարակվելու դեպքեր ընթացիկ տարում չեն գրանցվել եւ անասնաբույժների կողմից ժամանակին իրականացված պատվաստումները տվել են իրենց արդյունքը:

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի




Լրահոս