ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը նրա անունը կրող թիվ 29 ավագ դպրոցը նշում էր նաև կրթօջախի անվանակոչման 5-ամյակը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: Կրթօջախի սաները, ներկայացնելով Անդրանիկ Մարգարյանի անցած ուղին ու գործունեությունը, նշել են, որ երիտասարդ սերունդն այսօր շատ բան ունի սովորելու ազգի մեծ նվիրյալից, ով հայրենասեր էր ի ծնե, ինչն ապացուցել է իր կյանքի ողջ ընթացքում: Նրանք նաև նշել են, որ առաջնորդվում են հենց Անդրանիկ Մարգարյանի պատգամներով, որոնք ուսուցանում են լինել հայրենասեր ու միշտ ապրել և գործել բարությամբ:
Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Անդրանիկ Մարգարյան կերպարը փարոս է, որին պետք է ձգտի յուրաքանչյուր հայ մարդ:
«Անդրանիկ Մարգարյանը հայրենասեր, պարկեշտ, ազնիվ և գործի մարդ էր: Երեխայի հետ նա երեխա էր, մեծի հետ՝ մեծ, մանկավարժի հետ մանկավարժ էր, գյուղացու հետ՝ գյուղացի, քաղաքացու հետ էլ` քաղաքացի: Նա գիտեր հավիտենության ճանապարհը, գիտակցում էր, որ արարիչը ստեղծել է մեզ որպես հայ, և մենք պարտավոր ենք մեր հայրենիքում ապրել ու արարել որպես հայ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ իր հերթին առանձնակի կարևորել է այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը խորհուրդ է վերցնում Անդրանիկ Մարգարյանի պատգամներից ու կերպարից: