Ռազմավարական վերանայման նպատակն է ապահովել առկա սպառնալիքների բացահայտումը. Ս. Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Ընդգծելով պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացման անհրաժեշտությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմավարական վերանայման նպատակն է ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների միջև կապը:

Նիստի ընթացքում ամփոփվել են վերանայման գործընթացի նախորդ փուլի արդյունքները, քննարկվել են Հայաստանի ռազմաանվտանգային միջավայրը, բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները, պաշտպանության ոլորտի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրի կառուցվածքային դրույթները, հստակեցվել են ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ պետական կառավարման մարմինների համակարգված և նպատակաուղղված գործունեության դաշտը և այս համատեքստում՝ յուրաքանչյուր գերատեսչության դերն ու նշանակությունը: Այդ ամենի նպատակն է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա երաշխավորել պաշտպանության ու անվտանգային համակարգի մինչև 2020թ. հեռանկարային դինամիկ զարգացումը:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության  ընթացքում ամփոփվել են կիրառման պլանների ճշտումների, հանկարծակի ստուգումների արդյունքները, քննարկվել են ռազմավարական բնույթի առաջիկա միջոցառումների նախապատրաստման ու կառավարման ընթացքը: Հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար Սեյրան Օհանյանի կողմից առաջադրվել են նաև մի շարք խնդիրներ՝ մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում անձնակազմի զգոնությունը բարձրացնելու, այդ  ուղղությամբ համալիր միջոցառումներ ձեռնարկելու, վերջիններս պատճաշ և բարձր մակարդակով իրականացնելու ուղղությամբ:




Լրահոս