ՀԱԿ խմբակցությունում իրար դեմ են «աշխատում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունում իրավիճակը բավականին լարված է: Բանը հասել է նրան, որ արդեն խորհրդարանական քվեարկություններն են դուրս եկել «կոնտրոլից». պատգամավորները նախքան քվեարկությունը թեժ քննարկումներ են ունենում, որից հետո, սակայն, խմբակցությունում նույն հարցի շուրջ մի քանի տարբեր դիրքորոշումներ են լինում: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ նույն իրավիճակը ստեղծվել է նաեւ 2014թ. բյուջեի կատարողականի քվեարկությունից առաջ: Նախօրեին երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցությունը քննարկում է ունեցել այդ հարցի վերաբերյալ, որի ընթացքում խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորել է շառից-փորձանքից հեռու մնալու համար 2014 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը ուղղակի չմասնակցել: Սակայն առավոտյան խմբակցության անդամներն իրենց որոշումը փոխել են:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քննարկմանը մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը: Պատգամավորները համաձայնության են եկել քվեարկությանը չմասնակցելու որոշման շուրջ եւ միմյանցից բաժանվել: Իսկ առավոտյան արդեն Լեւոն Զուրաբյանը պատգամավորներին տեղեկացրել է, որ պետք է դեմ քվեարկեն: Արդյունքում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լ. Սարգսյանը որոշել է ի գիտություն ընդունել խմբակցության առաջին որոշումը ու չմասնակցել քվեարկությանը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Լյուդմիլա Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նա որոշել չմասնակցել 2014 թվականի բյուջեի կատարողականի քվեարկությանը:

-Ճիշտն ասած՝ նախօրեին խմբակցության նիստի ժամանակ, որին ես ներկա էի, ընդհանուր կարծիքի եկանք, որ պետք չի ընդհանրապես քվեարկել, ըստ էության, ինչ-որ բաներ արվել են, բայց դա բավարար չէ: Մենք համարեցինք, որ ամենաճիշտը չքվեարկելն է: Որոշումը փոխվել էր այսօր, բայց ես մնացի իմ նախկին որոշմանը: Նախ նոր որոշման մասին իրոք տեղյակ չէի, որովհետեւ երբ իրենք այդ որոշումը կայացրել են, ես տեղյակ չեմ եղել, ես քվեարկել եմ այնպես, ինչպես նախորդ օրը մենք որոշել էինք:

-Կարծես թե ԱԺ ՀԱԿ խմբակցությունում լարված մթնոլորտ է վերջին ժամանակահատվածում…

-Չեմ կարծում, մենք բոլորս անհատներ ենք, մենք բոլորս ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն եւ իրավունք ունենք. մենք հարգում ենք մեկս մյուսի որոշումները:

-Սակայն վերջերս ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են հնչում: Ի՞նչ խնդիր կա, կարելի է ասել՝ խմբակցության անդամներդ խորհրդարանական աշխատանքներում եւս պասիվացել եք, նախկին ակտիվությունը չեք ցուցաբերում, ինչո՞ւ:

-Խմբակցության մասով ինչ տեսանելի է, Դուք տեսնում եք, ինչ վերաբերում է կուսակցությանը, ապա ինչպես բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց խնդիրներով, մարզային կառույցներով, հավանաբար ՀԱԿ-ը՝ նույնպես: Ինչպես գիտեք՝ ես այլ կուսակցություն եմ ներկայացնում, ես նույնպես զբաղված եմ ե՛ւ օրենսդրական աշխատանքով, ե՛ւ մեր վարչությունը զբաղվում է մարզային կառույցների հետ աշխատանքով, համալրումով եւ այլն: Վերջ ի վերջո, ՀՀ-ում այնպիսի մի իրավիճակ է, որ սոցիալական վիճակը շատ ծանր է, տպավորություն կա, որ պատերազմի նախաշեմին ենք ու մենք պետք է ամեն իրավիճակի պատրաստ լինենք:

-Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայումս պառակտված է, ամեն մեկն աշխատում է առանձին, ամեն մեկն իր դիրքորոշումն է ներկայացնում: Ո՞րն է պատճառը, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել խմբակցությունում:

-Մենք միշտ էլ մեր սեփական մոտեցումներն ենք ունեցել եւ արտահայտել ենք, իսկ ես դա պառակտում չեմ համարում: Ես համարում եմ ստեղծված իրավիճակին համարժեք պահվածք ու համարում եմ, որ որեւէ պառակտում չի կարող լինել: Այն, ինչ կա, դա նորմալ է ու այդպես էլ շարունակվելու է: Ես ուղղակի համարում եմ, որ այն ժառանգությունը, որը Հովիկ Աբրահամյանը ստացել է Տիգրան Սարգսյանից, դա մի խայտառակ ժառանգություն է, ու դա իմ տեսակետը լինելով՝ ես արտահայտում եմ նաեւ խմբակցությունում: Իսկ այդ ժառանգության հետքերը մենք դեռեւս շատ երկար մեզ վրա զգալու ենք: Որպես մարդ, անկեղծ եմ ասում, ես տեսնում եմ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը, տեսնում եմ, որ անընդհատ փորձում է ինչ-որ քննարկումներ, ինչ-որ լուծումներ առաջարկել, բայց քանդված տնտեսությունը չի կարող այսօր արդյունք տալ: Դա շատ լուրջ ծրագրերի ներդրման եւ երկարաժամկետ աշխատանքի արդունք պետք է լինի: Ես չեմ ուզում այժմ շատ խիստ դատել Կառավարությանը, քանի որ հասկանում եմ, որ այս իրավիճակում իրենք չեն կարող կտրուկ փոփոխությունների գնալ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս